«Մենք վերադարձ տեսնում ենք այն ժամանակ, երբ կլինեն միջազգային անվտանգային մեխանիզմներ։ Բայց այն պայմանները, որոնք տարբեր կողմերից տարբեր ժամանակներում հնչել են՝ անհատական կամ խմբային վերադարձ, Արցախի Ազգային ժողովի եւ իշխանությունների կողմից ընդունելի չեն։ Ընդունելի է միայն վերադարձի այն տարբերակը, որ ինչպես Արցախից մենք դուրս ենք եկել՝ այդպես կարող ենք վերադառնալ»,- այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ. Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը։
Արցախի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Սահմանադրության օրվա ընդունման առիթով, հրավիրել էր լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով։
Աշոտ Դանիելյանը նշեց, որ Արցախի իշխանությունները միշտ նշել են, որ կողմ են խաղաղության գործընթացին։ Բայց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն կարող է լինել միայն ժամանակ, երբ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք՝ Արցախի Հանրապետություն։
«Եթե տարածաշրջանում Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են երկարատեւ խաղաղություն, դա միայն հնարավոր է արցախցիների վերադարձով։ Մեր տեսակետը սա է։ Մենք բազմաթիվ պատերազմներ ենք տեսել, մեր ժողովուրդը պատերազմներ է տեսել, մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի։ Բայց ամեն օր խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի գալիս։ Խաղաղություն ես կտեսնեմ այն ժամանակ, երբ Բաքվից վերադառնան մեր բոլոր գերիները։ Խաղաղություն մենք կտեսնենք այն ժամանակ, երբ ադրբեջանցիները չհայտարարեն, որ մեքենաներով ու տանկերով կգան ՀՀ, խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս կգան։ Եվ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Բայց քանի որ նշածներիցս որեւէ մեկը չկա, այդ ժամանակ խաղաղության մասին խոսելն այս պահին ես անիմաստ եմ համարում»,- ասաց Դանիելյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Դանիելյանի խոսքով՝ նախ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն առաջարկում, որպեսզի այսօր արցախցիները կարողանան ՀՀ-ում բնակվել։ Երկրորդ, միջազգային իրավունքով էլ է հաստատված, որ ցանկացած ժողովուրդ կարող է վերաառնալ իր հայրենիք ու տուն, որպեսզի կարողանա իր կյանքը շարունակել։ «Եվ այսօր խոսել, որ սա վտանգ է․․․ Ուղղակի պետք է բանակցել, եւ այդ բանակցությունների արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր կլինի»,- նշեց նա։
Աշոտ Դանիելյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Արցախի խորհրդարանն Արցախի նախագահ երբ է ընտրելու։ «Ստեղծված իրավիճակում հնարավոր չէ ընտրություններ կատարել։ Եվ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործողություններն այս ձեւով»,- նշեց նա։
Դանիելյանն անդրադարձավ նաեւ հարցին՝ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկներին տեղյա՞կ էին Արցախում, արցախցիների համար ընդունելի՞ էր այդ տարբերակը։ «Նախ 2019 թվին տեղյակ չէինք, որ նման առաջարկություն կա, համենայնդեպս ես տեղյակ չեմ եղել։ Սկզբնական շրջանում ռուսական կողմից եղավ տեղեկություն այս առաջարկների մասին մամուլում, հետո արդեն կառավարությունը հրապարակեց։ Մեզ համար պարզ էր, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորումը պետք է լիներ այնպես, որ ինքնորոշման սկզբունքը պետք է պահվեր։ Եվ մենք տեղեկություն ունեինք, որ հարցի լուծումը չէր կարող բավարարել միայն մեկ կողմին, պետք է բավարարեր բոլոր կողմերին, կամ բավարարված չլինեին բոլորը։ Եվ հասկանում էինք, որ պետք է լինեին փոխզիջումներ։ Մենք չէինք ցանկանում, որ պատերազմ լիներ, խաղաղ կարգավորման կողմնակից էինք, պետք էր գնալ կարգավորման այդ ճանապարհով։ Եվ եթե հետհայաց նայում ենք այսօրվա իրավիճակը եւ 2019 թվականի առաջարկությունները, պետք է նախ ՀՀ իշխանությունները քաղաքական կամք ունենային, համանախագահ երկրներին հստակ պատասխան լիներ՝ ընդունել են, թե՞ ոչ։ Եվ պետք է լայն հասարակության հետ քննարկվեին այս թեմաները՝ ընդունելի՞ են, թե՞ ոչ։ Այնտեղ գրված է միջանկյալ կարգավիճակ, պետք է հասկանանք, որ եթե կա միջանկյալ կարգավիճակ, ուրեմն պետք է լիներ նաեւ վերջնական կարգավիճակ։ Այսինքն՝ հարցի լուծում հնարավոր էր 2019 թվականի այդ առաջարկություններով»,- ասաց նա։
Աշոտ Դանիելյանն անդրադարձավ նաեւ Արցախի իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, որ նրանք ակտիվ չեն գործում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































