Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում գտնվող մեր բոլոր քույրերն ու եղբայրները մի օր վերադառնալու են Հայաստան․ Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 10,2025 15:41

Ադրբեջանում հայ գերիների եւ պահվող անձանց, ինչպես նաեւ անհայտ կորածների վերաբերյալ կետերը քննարկվում են Ադրբեջանի, միջազգային ներկայացուցիչների, դեսպանների, պատվիրակությունների հետ հանդիպումներին։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Միշտ իմացեք, որ այդ երկու կետերը լինելու են այնքան ժամանակ, մինչեւ հարցը չլուծվի, իսկ դրական լուծման միտում ես տեսնում եմ»,-նշեց Սիմոնյանը՝ ավելացնելով, որ նաեւ այդ քննարկումները հույս են ներշնչում, քանի որ գերիների եւ անհայտ կորած անձանց հետ կապված պահանջը լեգիտիմ է ՀՀ-ի կողմից։

«Բացառում եմ, որ որեւիցե լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք։ Ուղղակի պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք. ինչպես մեր մյուս եղբայրներն ու ընկերները վերադարձան, վստահ եմ, որ մի օր բոլոր այն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում, վերադառնալու են Հայաստան»,-իր խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման աշխատանքներին, ապա գործընթացը շարունակվում է եւ մոտ ապագայում ինչ-որ մի մաս եւս կսահմանազատվի։ Թե որ հատվածում կկատարվի սահմանազատումը՝ Սիմոնյանը չնշեց, իսկ գործընթացը, ըստ ԱԺ նախագահի, կլինի եկող տարվա առաջին եռամսյակում։

«Կունենանք այն դրական, հաճելի ստացված իրավիճակը, որը ունենք Կիրանցի մասում, որը մեզ համար դարձել է օրինակելի տեղ: Մենք միջազգային գործընկերներին եւ մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք, ցույց ենք տալիս եւ ի ցույց ենք դնում, թե խաղաղությունն ինչ տեսք կարող է ունենալ եւ ինչ տեսք ունի»,- ասաց Սիմոնյանը:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031