Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը իր 33 մոգական թվի և առաջին անգամ սեփական բիզնեսների մասին

Դեկտեմբեր 10,2025 15:57

Aravot.am-ի զրույցը «Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։

– Պարոն Մարտիրոսյան, հայտնի է, որ 33-ը մոգական թիվ է աշխարհում։ Չափազանց ազդեցիկ, նշանակալի երևույթներ իրականացվել են հենց 33-րդ տարվա ընթացքում: Լրացավ ձեր հիմնադրած «Անտարեսի» 33 տարին։ Մենք միշտ անդրադարձել ենք ձեր գործունեությանը, բայց մեր դիտարկմամբ, հենց ձեզանից հաճախ ենք լսել դժգոհություններ:

– Ես երբեք ոչ եկամտից և ոչ էլ շահույթից չեմ դժգոհել։ Այո, մեր կազմակերպությունը շահութաբեր առողջ կազմակերպություն է, բայց քանի որ Հայաստանում մարդիկ նախադասությունն ամբողջությամբ չեն լսում, այլ ընտրում են մի քանի բառ ու կառուցում սեփական միտքը, սա այդ շարքից է։ Ես ասում եմ, որ ամբողջ աշխարհում գիրքը շահութաբեր լինելու համար պետք է տարվա ընթացքում վաճառվի 2000–3000 օրինակ, մինչդեռ Հայաստանում միջինը՝ 250։ Մեզանում ընդամենը 5 հրատարակչություն կա, որոնք տարվա կտրվածքով հրատարակում են 10 գրքից ավելի։ Այս բոլոր կազմակերպություններն էլ ունեն այլ բիզնեսներ, որոնց շահույթով փակում են գրքի վաճառքի վնասը։ Ես դժգոհ եմ Հայաստանում ընթերցանության մակարդակից։ Հավաստիացնում եմ՝ եթե այդ 5 հրատարակչությունները միայն գիրք հրատարակեին, վաղուց փակված կլինեին։

– Դուք ունեք բիզնես:

– Մենք ունենք Սեուլի համալսարանի հետ համատեղ «Դոկտոր Լազեր» կլինիկա։ Ունենք 5 ժամանակակից տպարան։ Ունենք ավանակներ, հնդկահավեր, ջայլամներ, ցլիկներ, խոզեր, այծեր, ոչխարներ, գոմեշներ, ճագարներ և այլն։ Վարձակալում ենք անմշակ հողատարածքներ և այնտեղից բերք ենք ստանում։ Ունենք խաղալիքների գործարան, զբաղվում ենք թղթի և գրիչների առևտրով։ Պատրաստում ենք դպրոցական երկրաբանական լաբորատորիաներ և այլն։ Եվ այս ամենի շահույթը ուղղվում է գրքին, հրատարակչական գործին։

– Կարելի է ենթադրել, որ ձեր առաջնային գործառույթը հենց այդ բիզնեսներն են։ Բայց օրը ունի 24 ժամ:

– Այդ պատճառով էլ դժգոհ եմ։ Ես կերազեի լինել միայն հրատարակիչ։ Ժամանակիցս մի քիչ գողանում եմ, որ գիտությամբ զբաղվեմ, հասարակական գործունեություն իրականացնեմ, դասավանդեմ։

– Իսկ որն է պետության դերը ձեր գործունեության մեջ։ Պետությունը դեր ունի, չէ՞։

– Իհարկե, ունի։ Հրատարակիչներից խլել են դասագրքերի հրատարակման իրավունքը։ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ տպարան ունեցող հրատարակչին ձեռնտու է գրքերը տպել արտասահմանում։ Պետությունը պարբերաբար գրանտներ է հայտարարում, որոնք խափանում են գրքի շուկայի ձևավորումը, սպանում մրցակցությունը։ Եվ ամենակարևորը՝ մեր դպրոցներում աշակերտներին ընթերցող չեն սովորեցնում։ ԿԳՄՍ նախարարության կրթական տեսչության տվյալներով՝ աշակերտների մոտ 37 տոկոսը ընթերցման հմտությունից ստացել են անբավարար։

– Միայն դպրո՞ցն է մեղավոր։

– Ոչ։ Ընթերցանության հմտությունը, գիտելիքի կարևորությունը, ճկուն միտքը ձևավորվում են ընտանիքում, մանկապարտեզում, բակում, հետո նոր՝ դպրոցում։

– Գաղտնիք չէ, որ մարդիկ այսօր հաճախ նվիրում են իրենց անձնական գրադարանը դպրոցներին, գրադարաններին:

– Սա բնորոշ է միայն Հայաստանին։ Իրականում մարդիկ ոչ թե նվիրաբերում են, այլ ազատվում գրքից, քանի որ ընդհանուր մթնոլորտը հակագրքային է։ Եթե գնահատում են գիրքը, ապա հիմնականում ձևը՝ տպագրության որակը, և ոչ բովանդակությունը։ Օրինակ՝ Հայաստանում գրքերի 90 տոկոսը կոշտ կազմով է, Վրաստանում՝ 90 տոկոսը՝ փափուկ։ Հայաստանում հիմնական ընթերցողները 35–45 տարեկաններն են, Վրաստանում՝ 13–25։ Փափուկ կազմով գրքերը գնում են սեփական ընթերցման համար, ոչ՝ նվիրելու։

 

– Այս խնդիրները բարձրաձայնել եք «վերևներում», և…

 

– Եվ 25 տարի իշխանությունից լսում եմ, որ նրանք էլ մտահոգված են։ Ասում են՝ կառուցվում է 300 մանկապարտեզ և 500 դպրոց։ Ապրեն։ Բայց ես չգիտեմ՝ այդ դպրոցներում գրքեր մատակարարելու մրցույթներ լինում են, թե ոչ։ Մենք պատրաստ ենք հարկատուների փողերը ծախսել շինարարության վրա, արտաքին ձևավորման, բայց ոչ՝ բովանդակության։ Մեծ հարց է՝ ինչու ենք երեխաներին տանում մանկապարտեզ։ Որպեսզի մայրիկը կամ հայրիկը ազատ լինի։ Դպրոց՝ որովհետև հանրակրթությունը պարտադիր է։ Բուհ՝ որ ճանապարհից չշեղվի, վատ շրջապատ չընկնի, ձեռքի հետ էլ դիպլոմ վերցնի։ Մինչ դեռ պիտի մանկապարտեզ ուղարկենք, որ երեխան զարգանա, դպրոց՝ որ կրթվի։ Իսկ բուհերում, քանի դեռ մտահոգվում են բացակաների համար, նշանակում է՝ տուրք են տալիս ձևին, ոչ՝ բովանդակությանը։

 

– Ստացվում է՝ ոչ մի լուսավոր բան չկա, հույս էլ չկա։

 

– Ի հեճուկս վերը ասվածին՝ նոր, զիլ սերունդ է ձևավորվում։ Սերունդ, որը չի ուզում դպրոց գնալ, բայց կարդում է, սովորում է, որը բուհերը կիսատ է թողնում և զբաղվում ինքնազարգացմամբ։ Մենք փոքրաթիվ, բայց բարձրորակ ընթերցողներ ունենք, որոնք իրենց բալիկներին դաստիարակում են ընթերցանության միջավայրում։ Հենց նրանք են Հայաստանի ապագան կերտողները։ Նոր տարվա շեմին երեխաները շատ նվերներ կստանան, այդ թվում՝ գրքեր, բայց կարևորը՝ այդ գրքերը ընթերցելն է։

 

Սամվել Դանիելյան

Լուսանկարները տրամադրել է Արմեն Մարտիրոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031