«Այնպես է ստացվել, որ կոռուպցիայի հարցը քննարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանության օրվա ընթացքում, ինչը բավականին հատկանշական է, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում կոռուպցիան կապված է նախ եւ առաջ մարդու իրավունքի հետ: Մենք խնդիր ունենք առաջնահերթ պաշտպանելու մարդու իրավունքը»,- Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թ. իրականացված աշխատանքների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ համաժողովին նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Համաժողովը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:
«Ես չեմ ուզում ամպագոռգոռ դատողություններ անել, խոսել բոլորին հայտնի ճշմարտությունների մասին, ընդամենն ուզում եմ ասել հետեւյալը՝ մենք ունենք հանձնառություն պայքարելու կոռուպցիայի դեմ, եւ առնվազն քաղաքականության մշակման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման տեսանկյունից բավականին մեծ աշխատանք ենք կատարել:
Այս եւ հաջորդող տարիների մեր աշխատանքը նվիրված է լինելու կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտների կարողությունների զարգացմանը, ավելի թափանցիկ պետական ապարատ ունենալուն, ավելի թափանցիկ կուսակցությունների ֆինանսավորման հնարավորություններ սահմանելուն, ազդարարման համակարգը բարելավելուն եւ մի շարք այլ ուղղություններով բազմաթիվ միջոցառումների կատարմանը, որոնք ընդգրկված են հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում »,- ի թիվս այլնի նշեց Սրբուհի Գալյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ հաջորդ տարվանից լինելու է արդարադատության ոլորտին առնչվող մեծ ռազմավարական փաստաթուղթ, որտեղ միարժեքորեն ընդգրկված է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը: Երիտասարդներին էլ անդրադարձավ նախարարը, ասաց, որ կոռուպցիայի վերաբերյալ նրանց կարծիքները տարբերվում են ավագ սերնդի կարծիքներից:
«Ես հաճախ եմ հանդիպում երիտասարդների հետ, քննարկումների արդյունքում տարբեր իրավիճակներ ենք փորձում մոդելավորել: Այդ իրավիճակներից մեկը վերաբերվում է հետեւյալ հանգամանքին. ունի հարցադրման տեքստ, իհարկե ես չեմ հորինել, միջազգային հայտնի բանախոսներից մեկի հեղինակային իրավունքն է սա, որն ասում էր, որ յուրաքանչյուր դասախոսություն, որը վերաբերվում է կոռուպցիային ես սկսում եմ հետեւյալ հարցադրմամբ՝ ո՞րն է ավելի վտանգավոր հանցանք, սպանությո՞ւնը, թե՞ կոռուպցիան:
Որպես կանոն՝ յուրաքանչյուր լսարանում 90 եւ ավել տոկոսը միանգամից պատասխանում է սպանությունը՝ առանց խորանալու կոռուպցիայի ձեւակերպման, կոռուպցիայի հետեւանքների մեջ: Երբ հաջորդիվ բանախոսի կողմից, այդ թվում՝ հիմա նաեւ իմ, բերվում են օրինակներ, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ կոռուպցիան, պատկերը լսարանում փոխվում է: Օրինակ բերվում է կոռուպցիոն հանգամանքներում կառուցված կամուրջի օրինակը, որը փլվում է՝ մահ պատճառելով կամուրջի վրա գտնվող շատ անձանց, մեկ այլ օրինակ, երբ հումանիտար օգնությունը տեղ չի հասնում, որովհետեւ պաշտոնատար անձինք դրա ընթացքում որոշակի կոռուպցիոն բնույթի գործարքների են գնացել…
Ինչպես նշեցի, լսարանում պատկերը խիստ փոխվում է, եւ մարդիկ սկսում են մտածել, թե իրականում ինչպիսի ծանր հանցանք է կոռուպցիան՝ իր բոլոր հնարավոր դրսեւորումներով»,-ասաց Սրբուհի Գալյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































