«Արարման ոդիսական»՝ մի ողջ կյանքի պատմություն, որն ամփոփվեց երկու տարում՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին։
Հանդիպման ժամանակ մեծանուն մտավորականը, որ վեց ամսից տոնելու է 90-ամյա հոբելյանը, ներկայացրել է հեղինակած գիրքը՝ «Արարման ոդիսականը», որը գրել է երկու տարում և որտեղ պատմել է աշխատանքային գործունեության երկար ու բովանդակալից ճանապարհի, ստեղծագործական աշխատանքների, նախագծերի, իրականացված ու չիրականացված էսքիզների մասին, փաստագրական նյութեր հավաքել, ամփոփել ու ներկայացրել ականատեսի աչքերով։
Մեծ եղեռնի հուշահամալիրի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախագծման ու կառուցման հեղինակ, Գյումրիում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի հիմնադիր, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի և այլ պատմաճարտարապետական շինությունների կառուցման, նորոգման ու վերականգնման հեղինակ ու համահեղինակ Սաշուր Քալաշյանը մարզպետին է ներկայացրել իր գրքի էլեկտրոնային տարբերակը։
Կարդացեք նաև
«Ասել, որ բարձր եմ գնահատում ձեր ստեղծագործական գործունեությունը՝ նշանակում է ոչինչ չասել իմ հիացմունքի ու գնահատանքի մասին։ Թերթում եմ ձեր գրքի էջերն ու ինձ թվում է պատմության հետ եմ քայլում, մի պատմության, որի մասին խոսելիս անկախ իմ կամքից հպարտություն եմ զգում, ոգևորություն ու ներշնչանք։ Ինձ թվում է՝ անցնում ենք մինչերկրաշարժյան Գյումրիով, որի ամեն փողոցն ու կառույցն առանձնակի ճարտարապետություն ունի, իսկ ձեր հեղինակած գործերն, իրապես, այն քարե արձաններն են, որոնք դարերով են անցնելու և մնալու են անխախտ արժեքներ Հայաստանի ու Շիրակի մշակութային կենսագրությունն արտահայտելու և երիտասարդ սերնդին փոխանցելու տեսանկյունից»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը՝ հեղինակին խնդրելով առանձին-առանձին պատմել յուրաքանչյուր հանրաճանաչ գործի ստեղծման պատմությունն ու աշխատանքների հիշարժան դրվագները։
Սաշուր Քալաշյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ «Արարման ոդիսականը» գիրք է ոչ միայն անձնական կյանքի մասին, այլև ստեղծագործական պայքարի, ազգային հիշողության պահպանման ու մշակութային արժեքների ձևավորման։
Մարզպետը մեծ ճարտարապետին վստահեցրել է, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել գրքի հրատարակության հարցում՝ մաղթելով նրան առողջություն ու երկարակեցություն։
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ



















































