«Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրը զուտ մարդասիրական կամ վիճակագրական խնդիր չէ։ Կարծես այդ տեսանկյունից է ներկայացվում խնդիրը, բայց դա հստակ մարդու իրավունքների խնդիր է»,- «Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։
Ըստ նրա՝ պետական քաղաքականությունն ավելի նեղ է ներկայացնում այս հարցը, քան միջազգային իրավունքի սկզբունքները․ «Այս պահին մենք կարող ենք խոսել 1300 անհայտ կորած անձանց մասին զինված ընդհարման համատեքստում՝ սկսած 1980-ականների վերջից, 90-ականների սկզբից մինչև 2023-ի սեպտեմբերը ներառյալ, որոնց ճակատագիրը վերջնական պարզ չէ։ Որոնողական աշխատանքների սահմանափակումներ են եղել Ադրբեջանի կողմից։ Դա է պատճառներից մեկը, որ որոշ հարցեր մինչ օրս պարզ չէ։ Հատկապես 2023-ին թույլ չեն տվել որոնողական աշխատանքներ իրականացնել։ Առաջին պարտավորությունն Ադրբեջանինն է՝ ապահովել այդ տարածքի հասանելիություն միջազգային միջնորդավորված ձևաչափով։ Մտահոգություններ են հնչել և տեղին են դրանք առ այն, որ այդ տարածքներում՝ ԼՂ-ում և դրանց շուրջ, Ադրբեջանը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում՝ այդ թվում շինարարական աշխատանքներ, արտաշիրիմումներ, որոնք լրիվ անվերահսկելի են։ Ունենք մտահոգություն առ այն, որ անգամ, եթե հայտնաբերվեն տվյալներ, աճյուններ, որոնք պետք է պատշաճ ԴՆԹ հետազոտման ենթարկվեն, և պարզվի՝ ում են պատկանում, մենք միայն լսում ենք Ադրբեջանի քարոզչությունը, որ այսքան անձի մասունք ենք գտել, որոնք հաստատ Խոջալուի զոհերն են, բայց երբեք չենք կարող վստահ լինել, թե դրանք ում են պատկանում։ Հատկապես 90-ականների դեպքերի մասին ենք տեղյակ, որ կան թաղման վայրեր, որտեղ զոհված հայերն են թաղված։ Այս տեսանկյունից կարևոր է արդյունավետ քննություն վարելը։ Ադրբեջանը հստակորեն ցույց է տալիս կամքի բացակայություն»։
Աննա Մելիքյանն ահազանգեց՝ անհայտ կորածների հարցերով մենք չպետք է ժամանակը ձգձգենք․ «Այս գործողությունները հրատապ են․ ամեն օրն աշխատում է մեր դեմ, ամեն օր կորցնում ենք ապացույցներ, ինչ-որ հավանականություն ավելի շուտ պարզելու, թե մեր հայրենակիցների հետ ինչ է կատարվել»։
Կարդացեք նաև
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































