Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը եւ Նարեկ Բաբայանը:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Երկկողմ կապերի սերտացման հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է դեսպանի արգասաբեր աշխատանքը:
Բարեկամական խմբի անդամները խոսել են տարածաշրջանային զարգացումներից, անդրադարձել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրմանը: Կարեւորվել է մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծումը, Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց անհապաղ ազատ արձակումը:
Կարդացեք նաև
Կողմերը համակարծիք են եղել, որ մասնավորապես՝ տնտեսական, պաշտպանության, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունից, կարեւորել հաճախակի փոխայցերը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Նիլակշի Սահա Սինհային ընդգծել է. «Հնդկաստանը ցանկանում է տեսնել Հայաստանն ուժեղ, իսկ տարածաշրջանը՝ խաղաղ»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































