«Արցախն օկուպացված է, Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտման ու ցեղասպանության՝ ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնի դուրս մղվելով հայրենի հողից։ Արցախի խնդիրը միջազգային քաղաքական ատյաններում մնացել է անտեր։ Հայաստանի իշխանություններն Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի՝ նպատակ ունենալով մոռացության տալ Արցախը եւ այն դարձնել մանրադրամ։ Միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, առանց հակամարտության գլխավոր կողմի՝ Արցախի համաձայնության, լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- Արցախի Ազգային ժողովում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Տիգրան Թորոսյանը։
Նա ասաց՝ կարեւոր է, որ Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կա, սակայն ակնհայտ է, որ նման բարդ իրավիճակում այդ ջանքերը բավարար չեն հաջողության համար։ Անհրաժեշտ է համախմբել այդ ջանքերը գործադրողներին, լրացնել նրանց, համակարգել աշխատանքը։
«Նման բազմավեկտոր ու բարդ խնդիրը լուծելու համար շատ կարեւոր է ունենալ ամուր կամք, ճիշտ հայեցակարգ ու իրատեսական ռազմավարություն։ Կարեւոր է հստակեցնել հակամարտության կարգավորման նոր փուլի հայեցակարգը։ Ինչպես հակամարտությունների կարգավորման գործընթացներում, այս դեպքում եւս մի շարք բաղադրիչների կողքին հատկապես կարեւորվում են քաղաքականը եւ իրավականը։ Քաղաքական բաղադրիչի առանցքային գաղափարը Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն է։
Հետեւաբար, ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հաստատմանը համապատասխան միջազգային ատյաններում։ Սրան զուգահեռ կարեւոր է արցախցի փախստականների անվտանգ վերադարձը եւ անվտանգ կենսագործունեության ապահովումը միջազգային նորմերով ու համապատասխան լիազորություններ ունեցող խաղաղապահների տեղակայմամբ Արցախում եւ ժամանակավոր արտաքին կառավարման հաստատմամբ։
Կարդացեք նաև
Չափազանց կարեւոր է, որ շարունակաբար արձանագրվի, որ փախստականների խնդիրն առաջացել է խաղաղ պայմաններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ընթացքում ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների գործընթացի խաթարման միջոցով»,- ասաց Տիգրան Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ խախտված է Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը, սա պետք է լինի մեր բոլոր գործողությունների հիմքը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































