«Իմ որդին եղել է կոչումով կապիտան, խորքային հետախույզ, իմ երեխային սպանել են Մեղրիի Ագարակ զորամասում՝ իր աշխատասենյակում, և մինչ օրս սպանողն անհայտ է, չի բացահայտվում։ Դրել են վարկածն ինքնասպանություն, բայց չկա ոչ մի հետք, ոչ մի ապացույց, ոչ մի նշույլ, որ իմ էրեխեն ինքնասպան է եղել»,- բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների՝ «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խաղաղ պայմաններում զինված ուժերում մահացած Անդրանիկ Մկրտչյանի մայրը՝ Նարինե Մկրտչյանը։
Նա ցավով նշեց, որ ութ տարի ամեն փորձաքննություն, ամեն տեսակ փորձարարություն արվում է, բայց ոչ մի պատասխան չկա․ «Դատախազությունն ասում է՝ փորձագետի տված եզրակացությամբ ես չեմ կարող հոդված փոխել։ Փամփուշտի վրա հետք չկա, թղթի վրա հետք չկա, ոչ մի հետք չկա, որ իմ էրեխեն ինքնասպանություն է գործել։ Մինչ օրս այդ հոդվածը չեն փոխում։ Վարդապետյանը գործն ուսումնասիրելիս ասաց՝ նենց մակիյաժ են արել այս գործը, որ չգիտենք՝ շան գլուխը որտեղ է թաղված։ Բա ի՞նչ եղավ, որ ասում էին՝ ծնողները ճիշտ են, հոդվածները պետք է փոխվեն։
Փաշինյան Նիկոլն ասում էր՝ մի փաստ ու գործողություն բերեք, որ իրականությանը համապատասխանի, տեսեք՝ ինչ եմ անելու, դուք ոչ մեկի հետ գործ չունեք, դու եք ու ես։ Հազար փաստ ներկայացրինք, որ այս հինգ գործերը ոչ թե դժբախտ պատահար են կամ հիվանդություն, այլ սպանություն է։ Ի սկզբանե իրեղեն ապացույցները ոչնչացրել են ու հիմա էլ պատճառաբանում են, թե քննություն են անում։ Ի՞նչ քննություն է կատարում քննչականը, եթե ի սկզբանե քննիչները դատախազության վերահսկողությամբ կոծկել են այս գործերը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































