Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դատարանը խաթարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. Human Rights Watch

Դեկտեմբեր 10,2025 23:00

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Human Rights Watch-ի դեկտեմբերի 9-ի հրապարակման վրա, որը վերաբերում է Վարչական վերաքննիչ դատարանի նոյեմբերի 19-ի որոշմանը։ Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն այս հարցին անդրադարձել է հատուկ հոդվածով՝ գնահատելով դատարանի որոշման ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա։

Ինչպես նշում է Human Rights Watch-ը, վերաքննիչ դատարանը բեկանելով առաջին ատյանի առաջադեմ որոշումը, սահմանափակել է «հաշմանդամության հիմքով խտրականությունից» իրավական պաշտպանությունը միայն այն անձանցով, որոնք արդեն պաշտոնապես ճանաչված են որպես հաշմանդամություն ունեցող։ Սա նշանակում է, որ փաստացի հաշմանդամություն ունեցող շատ անձինք պաշտպանված չեն հաշմանդամության հիմքով խտրականությունից միայն փաստաթուղթ չունենալու պատճառով։

HRW-ի գնահատմամբ՝ սա լրջորեն հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին  ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին, որը հստակ ընդգրկում է նաև այն անձանց, ում հասարակությունում ընկալում են որպես հաշմանդամություն ունեցող կամ ովքեր ունեն դրա հավանականությունը։ Հոդվածում ընդգծվում է նաև, որ գործող հաշմանդամության սահմանման մեխանիզմը բավարար թափանցիկ չէ և հաշվի չի առնում միջավայրային խոչընդոտները, որոնք կարող են ձևավորել կամ բարդացնել հաշմանդամությունը։

Տեղեկացնում ենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն բողոքարկելու է որոշումը Վճռաբեկ դատարան։

Խնդրում ենք դիտարկել այս կարևոր հրապարկման լուսաբանման հնարավորությունը՝ հաշվի առնելով դրա նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի պատասխանատվության տեսանկյունից։

Կցում ենք Human Rights Watch-ի հրապարակման հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը։

 

Հայաստանի դատարանը խաթարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները

Ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն

 

Անահիտ Չիլինգարյան

Հետազոտական օգնական

Նոյեմբերի 19-ին Հայաստանի վերաքննիչ դատարանը զգալիորեն թուլացրեց հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանությունը և ավելի սահմանափակեց արդարադատության մատչելիությունն այն անձանց համար, որոնք անցնում են հաշմանդամության գնահատման գործընթացով։

Դատարանը բեկանեց ստորադաս դատարանի առաջադեմ վճիռը և արձանագրեց, որ «հաշմանդամության հիմքով» խտրականություն օրենքի իմաստով կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե անձն արդեն պաշտոնապես ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող։ Սա նշանակում է, որ հաշմանդամության կարգավիճակի համար դիմող կամ պաշտոնական ճանաչման համար չդիմած անձինք, որոնք թերևս առավել խոցելի են, օրենքով պաշտպանված չեն։

Գործը հարուցվել էր 2023 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան կազմակերպության կողմից՝ վիճարկելով Հայաստանի ֆունկցիոնալության գնահատման նոր մեխանիզմը, որով անձինք պետք է անցնեն հաշմանդամության պաշտոնական ճանաչման համար։ Մեխանիզմը, որը նախատեսված էր փոխարինելու հաշմանդամության գնահատման հնացած համակարգը, հաշվի չի առնում, որ անհատի հաշմանդամությունը կարող է բխել կամ սրվել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության, աջակցության բացակայության և խտրական վերաբերմունքի հետ կապված արգելքներից։ Այն նաև չունի բավարար թափանցիկություն։ Արդյունքում, հաշմանդամության կարգավիճակ հայցող անձինք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են կայացվում իրենց գործերով որոշումները կամ բովանդակային առումով վիճարկել դրանք։

Կազմակերպությունը հիմնվել է 2021 թվականի օրենսդրական փոփոխության վրա, որը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին հայցեր ներկայացնել շահառուների անորոշ խմբի անունից։

Առաջին ատյանի դատարանը վարույթ էր ընդունել գործը՝ ճանաչելով կազմակերպության հայցի իրավունքը, և գտել, որ հաշմանդամության գնահատումից միջավայրային գործոնների բացառումը հակասում է Հայաստանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի օրենքներին։ Թեև դատարանը թափանցիկության հարցի վերաբերյալ որոշում չկայացրեց, վճիռը կարևոր նախադեպ ստեղծեց հաշմանդամության կարգավիճակ հայցող անձանց իրավունքների պաշտպանության համար։

Վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանումը հակասում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ըստ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ «հաշմանդամության հիմքով» խտրականությունը ներառում է խտրականություն այն անձանց նկատմամբ, որոնք ունեն հաշմանդամություն, ունեցել են անցյալում, ունեն հակվածություն ապագայում հաշմանդամություն ձեռք բերելու, կամ ում վերագրվում է հաշմանդամություն։ Պետությունները պարտավոր են պաշտպանել խտրականությունից և ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիություն։

Human Rights Watch-ը նախկինում փաստագրել է այն խոչընդոտները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում արդարադատության մատչելիության հարցում՝ արձանագրելով, որ այն բավարար չափով չի երաշխավորում դատական պաշտպանությունը։

Կառավարությունը պետք է հրատապ առաջնահերթություն դարձնի խտրականության դեմ ամուր օրենքի ընդունումը՝ ընթացակարգային ազդեցիկ երաշխիքներով, և ապահովի դատական համակարգի պատշաճ վերապատրաստումն ու ռեսուրսները։ Այն պետք է նաև վերանայի հաշմանդամության գնահատման համակարգը՝ ապահովելու թափանցիկություն և ներառելու միջավայրային գործոնները։

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031