Լրահոս
Օրվա լրահոսը

Ով էր այս գործով տուժողը. Բողոք բերող անձը ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր

Դեկտեմբեր 11,2025 13:30

Առաջին քրեական գործը չէ սա, երբ երեք դատական ատյաններով անցած գործով մի տող անգամ չկա տուժողի մասին: Ով է տուժողը, ուր է նրա շահերը ներկայացնողը, ինչումն են այս մարդիկ մեղադրվում, երբ պատժաչափ են նշանակում, ակնկալիքը որն է, ինչ պիտի հատուցեն, երբ անգամ այդ մասին էլ ակնարկ անգամ չկա: Տարվա դասական գործն այդ հարցադրումների առումով ԱԺ պատգամավորի գործից առանձացված գործն է, որը կներկայացնեմ ստորեւ:

2025թ. մարտի 28-ին Հակակոռուպցիան քրեական դատարան (դատավոր՝ Սուրեն Խաչատրյան) ուղարկվեց Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության փոխտնօրեն Աշոտիկ Կամավոսյանի եւ «Սլավ Ստրոյ» ՍՊԸ-ի տնօրեն Սլավիկ Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը: Նրանց երկուսի նկատմամբ ընտվել էր խափանման միջոց` բացակայելու արգելքը: Նախնական անդրանիկ դատալսումը նշանակվեց 2025 թ. ապրիլի 11-ին:

Պաշտպանական կողմը ներկայացնում էին փաստաբաններ Հովսեփ Սարգսյանը, Գոռ Գեւորգյանը: Մեղադրանքը պաշտպանում էր ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Աննա Հակոբյանը:

Ըստ դատարան ուղարկված մեղադրական եզրակացության՝ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ՝ նրա մտերիմ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իշխանական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի օգնությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի եւ առանց կենդանիներին կարանտինացնելու, 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար:

Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը 2023 թ. օգոստոսի 8-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաք՝ պաշտոնատար անձին հանդիպելու նպատակով։ Պաշտոնատար անձի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար 150.000- 200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց: Իր հերթին պաշտոնատար անձը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ եւ գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:

2023 թ. օգոստոսի 9-ին, պաշտոնատար անձը զանգահարել է Ս. Պողոսյանին եւ առաջարկել հանդիպել ԱԺ վարչական շենքի մոտ՝ Երեւանի Սիրահարների այգում: Համաձայնելով առաջարկին՝ Ս. Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է պաշտոնատար անձին, որի ընթացքում վերջինը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար` նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը (200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում, պաշտոնատար անձը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ: Պաշտոնատար անձի առաջարկը Ս. Պողոսյանը փոխանցել է Ա. Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին:

2023 թ. օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Ս.Պողոսյանը եւ Ա. Կամավոսյանը ԱԺ վարչական շենքի մոտ՝ Երեւանի Սիրահարների այգում հանդիպել են պաշտոնատար անձին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Պաշտոնատար անձը, սակայն, առաջարկից վրդովվել է, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը»: Հետագայում պիտի պարզվեր, որ պաշտոնատար անձը ԱԺ պատգամավոր, «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության»հիմնադիր, ղեկավար Հովիկ Աղազարյանն էր: Վերջինս իր հետ կապված աղմկահարույց պատմությունների ժամանակ էլ հայտնել էր, թե նման քրեական հետապնդում կա: Ավելին, Լոռու մարզի դատախազությունը դատարան է ուղարկել թիվ 62320025 քրեական գործը: Հ. Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ գործողություն կատարելու դիմաց պահանջել եւ անձամբ ստացել է կաշառք: Նրա գործը դատարանում է այդ դեկտեմբերի 3-ից…

Ապրիլի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը վճռեց` Աշոտիկ Կամավոսյանի եւ Սլավիկ Պողոսյանինկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով, նաեւ` պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Չորս հատորանոց գործը ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան հանգրվանեց (Արմեն Հովհաննիսյան, Անի Մարտիրոսյան, Կարեն Ամիրյան կազմով) օգոստոսի 22-ին:

Բողոք բերող անձը ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր: Բողոքաբեր Հ. Աղազարյանը ներկայացրել էր փաստարկներ, որոնք կապված էին իր անմեղության կանխավարկածի, քրեական վարույթները մինչդատական վարույթում միմյանցից անջատելու եւ դրանց հետ փոխկապված այլ հարցերի հետ։

Վերաքննիչ դատարանը փաստեց, որ համաձայնեցման վարույթից բխող այն կարգով, ծավալով եւ սահմանափակումներով, որ տվյալ դեպքում Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվել եւ լուծվել է այս քրեական գործը, վիճարկվող դատական ակտն ուղղակիորեն չի առնչվել բողոքաբեր, վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող Հովիկ Աղազարյանի իրավաչափ շահերին:

Բողոքը մերժվեց դատարանի կողմից հունիսի 17-ին:

Մասնավոր մասնակից չհանդիսացող անձ Հովիկ Աղազարյանի պաշտպանը դիմեց ՀՀ վճռաբեկ դատարան: Բողոքաբերն իր անհամաձայնությունն էր հայտնել Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ առաջին ատյանի դատարանի 2025 թ. ապրիլի 30-ի դատավճիռն ուղղակիորեն չի առնչվում իր իրավաչափ շահերին՝ գտնելով, որ հակառակը հիմնավորվում է 2025 թ. մարտի 28-ին իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման հիմքում դրված փաստական հանգամանքներով: Վճռաբեկ դատարանը Հովիկ Աղազարյանի հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը նույնպես մերժեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031