Իշխանությունները պետք է ընդունեն փաստարկված քննադատությունները
Անցյալ շաբաթ իշխանությունների հրապարակած ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը 13-ն էին, դրանց շարքում՝ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսով թվագրված այն առաջարկը, որի շուրջ ներկա ու նախկին երեք իշխանությունների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում:
Փաթեթային լուծում ենթադրող առաջարկը նախատեսում էր Ադրբեջանին 7 շրջանների վերադարձ, պայմանով, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը պահպանվի։ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենար կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը եւ կունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների։ Դրանով հանդերձ քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձեւակերպումը որեւէ կերպ չէր սահմանափակվի, եւ ցանկացած արդյունք կհարգվեր կողմերի կողմից։
Առաջին փուլը ներառում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո 5 շրջանների՝ «Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբատլուի վերադարձ Ադրբեջանին»: Քելբաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱՀԿ-ի դիտարկման ներքո: Իսկ ապաշրջափակմանն ուղղված քայլերն արդեն պետք է սկսեին 5 շրջաններից ուժերը դուրս բերելուն զուգահեռ:
Կարդացեք նաև
Իսկ մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվելու էին Լեռնային Ղարաբաղում կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքները:
Արձագանքելով վերոնշյալ փաստաթղթի հրապարակմանը՝ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նկատել էր, որ իրենց պնդումները հաստատվեցին՝ եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, կլիներ խաղաղություն, ապաշրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ: Նա, սակայն, կրկին շեշտել էր այս առաջարկի առնչությամբ պաշտոնական Երեւանի պատասխանը հրապարակելու անհրաժեշտությունը, որը հրապարակված փաստաթղթերում չկա:
Ըստ Լեւոն Զուրաբյանի` կա երկու հնարավոր բացատրություն. «1) Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է՛լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը, 2) Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում, որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը՝ փաստորեն, մերժելով բանակցությունները եւ բացելով կործանարար պատերազմի դուռը»:
Հիշեցնենք, որ Փաշինյանը միայն այս տարեսկզբից է խոստովանել 2019-ի բանակցային առաջարկի գոյությունը, մինչդեռ 44-օրյա պատերազմից առաջ 2019 -ի դեկտեմբերին` հակառակն էր պնդել:
Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե 1994-ից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Մինչդեռ նախկին նախագահներն ու նրանց թիմակիցները համանախագահների վերջին՝ 2019-ի առաջարկը դրական էին գնահատում, պնդելով, թե հնարավոր էր պահպանել Արցախը: Իսկ դրանք չհրապարակելը բացատրում էին նրանով, թե Փաշինյանն իր ձախողումներն է թաքցնում:
Այժմ իշխանություններն իրենց հրապարակված փաթեթը հիմք ընդունելով, մեր հասարակությանը, ըստ էության, կոչ են անում այսպիսի եզրակացության հանգել՝ Հայաստանում ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք ձեւավորել է Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտան, իսկ բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին միանալու շուրջ:
Սա, իհարկե, մեղմ ասած` ճիշտ չէ, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը տարիներ շարունակ եղել է բանակցային սեղանին որպես բանակցությունների առարկա։ Բացի այդ, 2019-ի առաջարկի վրա այսքան կենտրոնանալու պայմաններում անգամ, իշխանությունն այդպես էլ հստակ չպարզաբանեց, 2019-ի առաջարկներն ի՞նչ հիմքով, ի՞նչ տրամաբանությամբ, կամ մտավախություններով են մերժել:
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անցյալ շաբաթ անդրադարձավ հարցին, թե ո՞րն է եղել պաշտոնական Երեւանի պատասխանը 44-օրյա պատերազմից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած վերջին առաջարկներին: «Փաստաթղթերի սեղմագիրն է, նոր առաջարկ չէ, Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետեւ Հայաստանը գնահատման փուլում է եղել», նշեց նա: ԱԺ-ի ամբիոնից նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «2019-ի թուղթը հենց դա է, երբ որ ես ասել եմ՝ ինձ ասեք՝ որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր»: «Ես հերքում եմ ընդդիմության կողմից հնչեցվող պնդումը, թե իբր եղել է 2019 թվականին որեւէ ինչ-որ նոր առաջարկ, եւ առավել եւս, որ մենք այդ որեւէ նոր առաջարկին ասել ենք ոչ», – հավելել է Ռ. Ռուբինյանը:
Փաշինյանը նաեւ անցյալ շաբաթ նույն առաջարկների թեմայով նշել էր. «Սկսել ենք քննարկել, խորհրդակցել՝ հասկանալու համար բանակցային փաթեթի բովանդակությունը։ Եվ այդտեղ է նաեւ, որ ես տվել եմ հարցը եւ ստացել պատասխանը, որի մասին էլի Ազգային ժողովի ամբիոնից երեւի տասնյակ անգամ խոսել եմ։ Երբ որ ես համանախագահներին ասել եմ՝ լավ, մեկնաբանությունը մեկնաբանություն, հիմա այս փաթեթով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ պատասխան է հնչել, որ այո, կարող է, եթե Ադրբեջանը համաձայնվի»։
Ի դեպ, նկատենք, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե հայկական կողմին նոր առաջարկ չի ներկայացվել, հենց կառավարության կայքում 2019-ի փաստաթուղթը ներկայացված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներ:
Այստեղ հարկ է նշել նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություններից Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը 2020թ. ապրիլին պատմել էր ակտիվորեն քննարկվող փաստաթղթերի նախագծերի մասին, որոնք 2019-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն են տարածվել: «Այս փաստաթղթերը նախատեսում են փուլային մոտեցման վրա հիմնված կարգավորման ուղղությամբ առաջընթաց, առաջին փուլում կազատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, եւ կբացվեն տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունները», – ասել էր նա։
Իսկ 2024 թվականի մարտին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում արդեն նշել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «զարմացել էր», երբ Փաշինյանը որոշեց Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս: «Երբ 2022-ին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը նույնպես Մակրոնի հնարամտությունն էր, նրանք փաստաթուղթ ստորագրեցին նախագահ Ալիեւի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մեզ ոչ ոք այդ մասին տեղյակ չէր պահել: Հետո Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել էր. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք»։ Որեւէ բացատրություն չեղավ, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, եւ մենք զբաղվում էինք դրանով», – ասել էր Լավրովը եւ պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը վերացավ Պրահայից հետո, երբ Փաշինյանը ստորագրեց, որ Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի կազմում է։
Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում, հայտնի է. ոչ թե Ռուսաստանն է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, այլ` Հայաստանի իշխանությունը։ «Երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիք ճակատագրի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, այդ դուք եք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության», – նշել էր Լավրովը։
Ռուսական կողմը մշտապես պնդում է, որ իրավիճակը փոխվել է, երբ Պրահայում 2022թ. հոկտեմբերին «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ի պատասխան պաշտոնական Երեւանը ընդգծել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում վերահաստատել են իրենց հավատարմությունը 91 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրին, դրանից ոչինչ չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում։
Ռուսաստանի իշխանությունները, նույնպես, այսպես ասած` անկեղծ չեն: Վլադիմիր Պուտինը 44-օրյա պատերազմից օրեր անց հայտարարել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Բացի այդ, հետագայում Մոսկվայից հնչող գնահատականներն էլ տրամաբանական չէին: Նույնիսկ Հայաստանի իշխանությունների կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելը հիմք չէր, որպեսզի Մոսկվան հանդուրժեր ու աչք փակեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ու Արցախում էթնիկ զտման քաղաքականության վրա:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից անուղղակի մեղադրանքներին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել լուծել ԼՂ խնդիրը, այսպես ասած` արդյունավետ ձեւաչափ չի եղել, ապա սրանք եւս տեղին ակնարկներ չեն: Նախ, լուծողները Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն էին, այլ ոչ թե` ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունները: Համանախագահող երկրները բերում էին առաջարկներ` հիմնված սկզբունքների, կողմերի պատկերացումների, առաջարկների վրա, որոնց վրա էլ կողմերն աշխատում էին:
Մեկ օրինակ բերենք Հայաստանի իշխանությունների համար. 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլայում գագաթնաժողով գումարած Մեծ ութնյակի ղեկավարներից երեքը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ` Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը, հանդես էին եկել հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորեցին կարգավորել ԼՂ երկարատեւ հակամարտությունը, ապա շեշտել էին, որ հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ու հայտնում, որ Հիմնարար սկզբունքները հետեւյալն են` ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
Այնպես որ, իշխանությունները պետք է ընդունեն իրենց հասցեին քննադատությունները` Արցախի ու արցախահայության խնդիրը նպատակադրված փակելու հարցում:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2025


















































