Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների թեստային առաջադրանքների զգալի մասն ունի երկիմաստ, մասնագիտական իմաստից շեղված և լեզվական անճշտություներով ձևակերպումներ. «Այգ» հոգեբանական կենտրոն

Դեկտեմբեր 11,2025 12:30

ՈՒՍՈՒՑՉԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՍՏՈՒԳՈՒՄ
2025
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրելով ատեստավորման ժամանակ առաջադրված թեստերը եւ քննարկելով այն տարբեր դպրոցների հոգեբանների հետ, ովքեր եղել են լավագույն ուսանողներ, ունեն գիտելիքների գերազանց մակարդակ, պրակտիկ աշխատանքային մեծ փորձ եւ աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվություն

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ներկայացնում է

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԵՍՏԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ՌԻՍԿԵՐԸ

Կրթության ոլորտում մասնագիտական կարողությունների ստուգումը նշանակալի ազդեցություն ունի թե՛ մասնագետների աշխատանքի որակի, թե՛ կրթական համակարգի արդյունավետության վրա։ Այդ պատճառով գնահատման գործիքների անվստահելի կամ մասնագիտական չափանիշներին չհամապատասխանող ձեւաչափերը կարող են ստեղծել ինչպես անհատական, այնպես էլ համակարգային խնդիրներ։ Կրթության ոլորտի հոգեբանների կամավոր ատեստավորման ընթացքում կիրառված թեստային մոդելի ուսումնասիրությունը ցույց է տվել մի շարք ռիսկեր, որոնք հակասում են ինչպես մասնագիտական ստանդարտներին, այնպես էլ արդար, հավասար եւ օբյեկտիվ գնահատման սկզբունքներին։

  1. Բովանդակային անհամապատասխանություն եւ մասնագիտական պրոֆիլի շեղում

Թեստում գերակշռում են ընդհանուր հոգեբանական տեսություններն ու պատմական տեղեկատվությունը, մինչդեռ բացակայում են կրթության ոլորտում աշխատող հոգեբանի իրական գործառույթներին վերաբերող հարցեր։ Թեստը չի ներառում իրավիճակային վերլուծություն, դեպքերի ուսումնասիրություն, խորհրդատվական կամ միջամտական մտածողություն պահանջող առաջադրանքներ։ Առանց այս բաղադրիչների ատեստավորումը չի արտացոլում մասնագետի մասնագիտական պատրաստվածությունը, չի գնահատվում մասնագետի իրական գիտելիքները, հմտությունները, գործնական կարողությունը՝ աշխատել երեխաների, ծնողների, ուսուցիչների հետ։

Այդպիսի գնահատումը կորցնում է իր նպատակային նշանակությունը եւ չի ապահովում մասնագիտական համապատասխանության իրական գնահատում։

  1. Գնահատման օբյեկտիվության խաթարում

Թեստային առաջադրանքների զգալի մասը ունի երկիմաստ, մասնագիտական իմաստից շեղված եւ լեզվական անճշտություններով ձեւակերպումներ։ Բազմակի պատասխաններով հարցերը հաճախ կազմված են առանց հստակ տրամաբանական հիմքի։ Հարցերի եւ պատասխանների ներկայացման ձեւը խառն է. որոշ հարցեր ունեն մեկ ճիշտ պատասխան, որոշները՝ երեք: Ինչպե՞ս է որոշվել, որ հարցում պետք է լինի հենց 9 պնդում, այլ ոչ 10 կամ 12, եւ որ դրանցից 3-ը պետք է լինեն ճիշտ, այլ ոչ թե, օրինակ, 4-ը:

Որպես հետեւանք՝ գնահատման արդյունքները չեն արտացոլում մասնագետի իրական գիտելիքը եւ գործնական կարողությունները։

  1. Տերմինաբանական ու թարգմանչական խոչընդոտներ

Թեստում առկա են տերմինաբանական անճշտություններ, ոչ համարժեք թարգմանված հասկացություններ եւ հայերենում չկիրառվող եզրույթներ։

Այս երեւույթը կարող է հանգեցնել հարցի սխալ ընկալման, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ անվավեր գնահատման։

  1. Գործնական հմտությունների չափման բացակայություն

Թեստում բացակայում են հարցեր հոգեբանության մի շարք ոլորտներից, որոնք դպրոցի հոգեբանի համար առավել նշանակալի են՝ կրթության հոգեբանություն, հոգեդիագնոստիկա, հոգեշտկում, հատուկ հոգեբանություն եւ մասնագիտական էթիկա:

Որոշ հարցերի պնդումների փնջերը վերաբերում են հոգեբանության տարբեր ոլորտներին, ինչը նվազեցնում է թեստի նպատակային նշանակությունը:

  1. Անսովոր ցածրարդյունքների համակարգային վտանգը

Թեստի արդյունքները՝ 7%-ից պակաս հաղթահարած շեմով, վկայում են ոչ թե մասնագետների ընդհանուր անպատրաստության, այլ թեստի կառուցվածքային թերությունների մասին։

Սա կարող է ստեղծել մի քանի սահմանափակում.

  •  մասնագետների անվստահություն գնահատման համակարգի հանդեպ,
  •  մասնագիտական արժեզրկում եւ հիասթափություն ոլորտում աշխատողների շրջանում,
  •  հանրային սխալ պատկերացումներ հոգեբանների կարողությունների վերաբերյալ,
  •  կրթական համակարգի ներսում մասնագիտական ճգնաժամի արհեստական պատկեր։

Այսպիսի ցուցանիշները վտանգում են ինչպես ոլորտի հեղինակությունը, այնպես էլ կրթության հոգեբանական ծառայության կայունությունը։

Ատեստավորման գործընթացի նկատմամբ անվստահությունը նաեւ խոչընդոտում է կրթական հաստատություններում հոգեբանական ծառայության զարգացմանը, քանի որ թեստը չի դառնում որակի իրական չափիչ, այլ փոխարենը ստեղծում է լարվածություն, դժգոհություն եւ մասնագիտական անորոշություն։

ԵՎ, ՀԱՐՑ՝

Կիրառված թեստերը ե՞րբ, ո՞ր հաստատություններում եւ մասնագիտական ի՞նչ ներուժով են անցել տեղայնացման գործընթացի համար պահանջվող ընթացակարգերը:

«Առավոտ» օրաթերթ
10.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031