Ուսումնասիրելով Սուրեն Պապիկյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը, մենք ուրախությամբ պարզել ենք, որ դպրոցների ավագ դասարաններում (2010-2016թթ. աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011-2018թթ. դասավանդել է «Քվանտ» վարժարանում) նա որպես պատմաբան՝ ճիշտ շեշտադրումներով է ներկայացրել, թե ովքեր են ադրբեջանցիները, կամ, ինչպես ինքն է որակել՝ կովկասյան թաթարները, ինչպես են ներթափանցել մեր տարածաշրջան:
Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2012-2016 թթ. նա եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պատմության ինստիտուտի ԱՊՀ երկրների պատմության ամբիոնի ասպիրանտ, և այդ շրջանում նա գիտական հոդված է գրել Հայոց ցեղասպանության տնտեսական պատճառների վերաբերյալ:
Արդյո՞ք այսօր արդեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գտնում է, որ սխալ գաղափարախոսություն է կրել, ավելին, սխալ պատմական փաստեր և թեզեր է սովորեցրել աշակերտներին, որոնց սիրելի պատմության ուսուցիչն է եղել: Իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ մինչև իշխանության գալը սխալ գաղափարախոսության ազդեցության տակ է եղել, թեպետ Փաշինյանին լավ ճանաչողները կվկայեն, որ նա այսօր ասում է այն, ինչի կրողն է եղել միշտ, մնացածը քաղաքական շահեկան ֆոն ապահովելու համար են եղել, մանիպուլյացիաներ:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ 2022թ. դեկտեմբերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ: Արդյունքում պարզել էր, որ 2022թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139.24 քկմ տարածք:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ընդդիմադիր պատգամավորին ուղարկված պատասխան գրության մեջ 168.am-ը մի ուշագրավ փաստ-արտահայտություն էր արձանագրել՝ «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է…»:
Սա այն դեպքում, որ 2021 թվականին արդեն Փաշինյանը համոզում էր, որ չպետք է թուրքին, ադրբեջանցուն թշնամի համարել:
Ոչ ոք չի ասում, որ չպետք է գնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման, բայց սա բնավ չի նշանակում ջնջել պատմությունը՝ որտեղից ենք մենք և որտեղից են 44-օրյա պատերազմում հաղթած «կովկասյան թաթարները», ինչպես կասեր նույն ինքը՝ պատմաբան Սուրեն Պապիկյանը:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։


















































