Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստն այն է, որ երբ Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը թողել են պաշտոնը՝ Արցախը կար ու կա՛ր հայկական. «Փաստ»

Դեկտեմբեր 11,2025 11:17

Ամենատարբեր անկախ փորձագետների և մեկնաբանների կարծիքները համընկան այն առումով, թե ինչու Փաշինյանը հիմա հրապարակեց այդ թղթերը: Հիմնականն այն է, որ Փաշինյանն այդպիսով փորձում է «ձեռքերը լվանալ» կամ ընդհանրապես «պարզաջրվել»՝ Արցախն ուրացողի, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչողի խարանից: Դե, առջևում ընտրություններ են, հասկանալի է…

Վերադառնանք, սակայն, հրապարակվածին ու պատկերացումներին:

Այդ շարքում, կարծում ենք, ամենից առանցքայինը ԼՂ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից 2019 թ. հունիսին ներկայացված կարգավորման համաձայնության և կից փաստաթղթերի նախագծերի փաթեթն է: Ինչո՞ւ ենք դա համարում առանցքային: Ամեն ինչ չափազանց պարզ է. թե ինչ են բանակցել ՀՀ նախկին նախագահները, ինչ տարբերակներ են քննարկել, նրանցից ով երբ է առավել մոտ եղել խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնությանը, սկզբունքորեն, արդեն կարևոր է միայն պատմաբանների և կոնֆլիկտաբանություն հետազոտողների համար: Փաստն այն է, որ երբ Տեր-Պետրոսյանը թողել է պաշտոնը, Արցախն ու ազատագրված տարածքներն էլ եղել են հայկական վերահսկողության ներքո: Նույնը՝ երբ Ռոբերտ Քոչարյանն է թողել պաշտոնը: Նույնը՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Արցախը կար ու կա՛ր հայկական:

Իսկ 2018-ին իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի ունեցավ, ի դեպ, Արցախի համար նշանակալից օր՝ մայիսի 8-ին:

Ու հենց այն պատճառով, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ներկայացված (ի դեպ, ժողովրդից թաքուն պահված) կարգավորման առաջարկների հետ, հիշյալ՝ 2019-ի փաստաթուղթը ստանում է չափազանց գերկարևոր, եթե չասվի՝ առանցքային նշանակություն:

Փաստաթուղթը հրապարակված է, բաց է, հիմա արդեն բոլորը կաող են տեսնել, թե ինչ էր առաջարկվում (հակիրճ՝ 5 շրջանների վերադարձ, այնտեղ ադրբեջանական զինուժի մուտքի արգելք, միջազգային խաղաղապահ ուժեր, ժամանակի ընթացքում՝ ԼՂՀ ճանաչման հնարավորություն, Բերձորի և Քարվաճառի հայկական վերահսկողություն՝ մինչև խնդրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը):

Իսկ ի՞նչ է կատարվել: Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն գործնականում մերժել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Ճիշտ է, հիշյալ առաջարկներին ՀՀ պաշտոնական պատասխանը Փաշինյանը չի հրապարակել: Սակայն նկատի ունենալով 2019-ի հուլիսից Փաշինյանի արած հայտարարություններն ու գործողությունները՝ կարելի է վստահաբար ասել, որ նա ոչ միայն մերժել է այդ առաջարկները, ոչ միայն անտեսել է, այլև հետևողականորեն «տորպեդահարել» դրանք:

Այդ առաջարկների մերժումը, կարելի է ասել, «անդառնալիության կետն» էր, որից հետո 2020-ի պատերազմի հետհաշվարկն արդեն միացված էր: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ն հանրությանը ոչինչ չէին ուզում ասել, նրանք զբաղված էին դատարաններ ու, մասնավորաբար, Սահմանադրական դատարան գրավելով: Ինքը՝ Փաշինյանը, բավականին վարպետորեն, պետք է նկատել, «ուռռա-հայրենասեր» էր խաղում:

Ա՛յ, Մինսկի խմբի հիշյալ առաջարկություններն ստանալուց գրեթե անմիջապես հետո՝ 2019-ի օգոստոսին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, կհիշեք, Փաշինյանը բղավելով հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031