Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան
Սկիբը՝ այստեղ:
«Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծը առաջարկվում է բոլոր «զանգեզուրյան» տարբերակումների փոխարեն։
1.Նախագծի ինքնիշխան բնույթը։ «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, որը ներառում է Սյունիքի մարզը։ Այն պետք է ամրագրվի որպես պետական ռազմավարական ծրագիր, ոչ թե որպես պարտադրված «միջանցքային» տարբերակ։ Այս նախագիծը նախ և առաջ հայկական նախաձեռնություն է՝ ձևավորվող հայաստանյան շահերի հիման վրա։
Կարդացեք նաև
2.Հյուսիս–Հարավ առանցքը որպես ռազմավարական ընտրություն։ Ծրագիրը պետք է կառուցված լինի Հյուսիս–Հարավ միջանցքի զարգացման շուրջ, որը Հայաստանի համար ապահովում է երկարաժամկետ կայուն տնտեսական և աշխարհատնտեսական օգուտներ։ Արևելք–Արևմուտք ուղղությունները պետք է դիտարկվեն որպես լրացուցիչ, երկրորդային հնարավորություններ։ TRIPP նախաձեռնությունը հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկվի՝ ունենալով առաջնահերթ տնտեսական նշանակություն Հայաստանի համար։
3.Ենթակառուցվածքների համակցված զարգացումը։ Նախագիծը չի սահմանափակվում ճանապարհներով ու երկաթուղիներով։
Այն ներառում է
· գազատարներ,
· նավթատարներ,
· էլեկտրահաղորդման գծեր,
· թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ։
Հայաստանը պետք է հայտարարի իր պատրաստակամությունը դառնալու կասպյան ռեսուրսների (թուրքմենական, իրանական գազի) տարանցման երկիր։ Եթե տարածաշրջանի այլ երկրներ կարող են ստանալ եկամուտ այս գործընթացներից, Հայաստանը նույնպես պետք է ունենա այդ հնարավորությունները։
Հայաստան–Իրան ջրատարները կարող են դառնալ նախագծի նոր բաղադրիչ՝ ստեղծելով համագործակցության լրացուցիչ առանցք։
4.Աշխարհատնտեսական ներուժ։ Սյունիքը կարող է դառնալ այն տարածքը, որտեղ հատվում են BRICS+, ԵԱՏՄ, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և արաբական աշխարհի տնտեսական և ներդրումային շահերը։ Սա ոչ միայն տրանսպորտային ծրագիր է, այլ միջպետական հաղորդակցությունների հարթակ, երկարաժամկետ համագործակցության միջավայրը։ Նախագիծը կզարգացնի նաև Հայաստան–Վրաստան հարաբերությունների նոր որակը։
5.Ազգային անվտանգության առանցքային սյուն։ «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույցը» մերժում է «միջանցքային» սպառնալիքներով կառուցված մոդելները և փաստացի ուժեղացնում է Հայաստանի ազգային անվտանգությունը։ Նախագիծը ստեղծում է նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություններ՝ ներգրավելով հիմնական գործընկերների ներդրումները։ Նախագիծը ամրապնդում է ռազմավարական ուղերձը, որ Հայաստան–Իրան սահմանը անսակարկելի անվտանգային և ինքնիշխան տարածք է։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր


















































