«ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, բայց մյուս կողմից ԵՄ անդամ դառնալը նպատակ է»,- Գերմանիա պետական այցի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ ՀՀ-ն մտադրություն չունի՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնել, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և կա ինչ-որ կետ, որ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր էդ կետը չէ, նման որոշում կայացնելու անհրաժեշտություն այսօր չկա։ Դա ճաշակային որոշում է, եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչո՞ւ կայացնենք։ Երբ գանք, հասնենք այդ կետին, որ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք։ Ինչո՞ւ ենք մենք ընդունել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքը․ դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք և լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։
Ի՞նչ է նշանակում լինել ԵՄ անդամ պետություն։ Դա առաջին հերթին բոլոր ոլորտներում՝ սկսած մարդու իրավունքների պաշտպանությունից, անկախ դատական համակարգից, քաղաքական ստանդարտներից մինչև սննդի անվտանգության ստանդարտների համապատասխանեցումն է ԵՄ չափանիշներին։ Քանի որ դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չենք համապատասխանում, չենք կարող ապահովել, ուստի ԵՄ անդամ դառնալ չենք կարող։ Երբ մենք դիմենք ԵՄ անդամ դառնալու համար էդ կետին հասնելուց հետո, իսկ դրանից առաջ իմաստ չունի, մեզ կամ կընդունեն կամ չեն ընդունի ԵՄ անդամ։ Կարող է լինել որոշում, որ ԵՄ-ն որոշի՝ չի ուզում ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ այդ կետին երբ հասնենք, անկախ նրանից՝ մեզ կընդունեն, թե՝ ոչ մենք շահած դուրս գանք, որովհետև կունենանք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն»։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գերմանիայից մեկնելու է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին․ «Ակնհայտորեն չկա անհամատեղելիություն։ Երբ կգա այն կետը, որ մենք կհասկանանք՝ կա անհամատեղելիություն, այդ ժամանակ էլ կմտածենք՝ ինչ որոշում կայացնենք, այն որոշումը, որը կբխի ՀՀ պետական շահերից կկայացնենք։ Երբ մենք ասում ենք՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրում, ասում էին՝ անհնար է։ Ընդհակառակը, կոմֆորտ է ցույց տալու համար, որ դա ոչ միայն հնարավոր չէ, այլև իրականություն է։ Մենք ասել ենք՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հեճուկս Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի։ Ասում էինք՝ էդ ո՞նց։ Սենց»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































