Օտար ամբիոններից Մայր Եկեղեցին վարկաբեկելու և ներքին պառակտում հրահրելու վերաբերյալ
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում հնչեցրած հայտարարությունները։ Անընդունելի, ազգավնաս և պետական մտածողությունից զուրկ ենք համարում օտարերկրյա լսարանի առջև սեփական ազգային հոգևոր կառույցի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու և ներքին խնդիրները միջազգային հարթակներում շահարկելու գործելաոճը։
Մասնավորապես, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
- Վարչապետի կողմից եվրոպական կառույցներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես «արտաքին ազդեցության գործիք» կամ «ախտահարված» համակարգ ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան սեփական ազգային ինստիտուտների դիտավորյալ վարկաբեկում։ Սա ուղղակի հարված է Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միասնականությանը, քանզի Եկեղեցին եղել և մնում է հայապահպանության հիմնասյունը։
- Հայտարարել, թե «Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է», և միաժամանակ հարվածել Քրիստոսի հիմնած Եկեղեցուն, տիպիկ դեմագոգիա է։ Հավատացյալ ղեկավարը ոչ թե փորձում է եկեղեցին ենթարկեցնել քաղաքական կոնյունկտուրային, այլ երկխոսում է նրա հետ ներքին կարգով՝ առանց օտարների միջամտության։ Եկեղեցու «թափանցիկության» անվան տակ իրականացվող այս արշավը նպատակ ունի ոչ թե բարելավել եկեղեցական կյանքը, այլ լռեցնել ազգային շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող հոգևորականներին։
- Զավեշտալի և վտանգավոր է լսել մեղադրանքներ «արտաքին ազդեցության» մասին մի իշխանությունից, որը հաճախ ինքն է առաջնորդվում դրսի օրակարգերով։ Հայոց Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայոց պետականության բացակայության պայմաններում ազգային ինքնիշխանության միակ կրողը։ Նրան «գործակալական» ցանցի վերածվելու մեջ մեղադրելը պատմական հիշողության ուրացում է։
- Երբ երկրի ղեկավարը խոսում է «ախտահարված արժեհամակարգից», նա պետք է նախևառաջ սթափ գնահատի սեփական իշխանության օրոք երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր վիճակը, պառակտվածությունը և ատելության խոսքը։ Եկեղեցին թիրախավորելով՝ իշխանությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը պետական կառավարման ձախողումներից։
Կոչ ենք անում դադարեցնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրականացվող այս անթաքույց արշավը։ Եկեղեցին լոկ կառույց չէ, այն հայ ժողովրդի հոգևոր տունն է, և նրա դեմ ցանկացած ոտնձգություն՝ հատկապես դրսի ուժերի հաճոյախոսելու ակնկալիքով, դատապարտված է ձախողման։
Կարդացեք նաև
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ


















































