Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարություններին։
Մասնավորապես, Փաշինյանն ասել էր․ «Մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, եւ սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից` Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է «արեւմտյան Ադրբեջան» ինչ-որ անհասկանալի տերմինաբանություն։ Ես ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի։ Ասում եմ՝ եկեք նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ»։
«Ինքն Արցախի հարցը վաղուց փակել է՝ գոնե ակնհայտ փակել է 2019-ի ամռանը Ստեփանակերտում։ Բայց ինքը շարունակում է իր համար փակված հարցը վաճառել մեր հանրության վրա եւ մարդկանց մոլորեցնել։ Իր երեկվա խոսույթի հիմնական ուղղվածությունը մեր ներքին դաշտն էր, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին էր ուղղված իր խոսքը։ Եվ դա հերթական մոլորության չափաբաժինն էր, որը տրվեց մեր հանրությանը՝ հավասարություն դնելով այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» եզրույթի եւ արցախցիների վերադարձի իրավունքի միջեւ։ Այնինչ, վստահ եմ, որ միջազգային հանրության մոտ, նույնիսկ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների մոտ կա հստակ այն գիտակցումը, որ դրանք հավասար չեն եւ որեւէ կապ չունեն իրար հետ։ Արցախում հայերի ապրելու իրավունքը դա բնական իրավունք է՝ միջազգային իրավունքով հաստատված, որովհետեւ դարերով հայն ապրել է Արցախում։ Եվ եթե ապացույցներ են պետք, հայկական պատմամշակութային կոթողների առկայությունը դրա վառ ապացույցն է, որն Ադրբեջանը դաժանաբար ոչնչացնում է այսօր, իսկ ՀՀ իշխանությունը հրճվանքով հետեւում է դրան»,- ասաց նա։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հավասարության նշան պետք է դնել 1988 թվականին Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերի եւ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցի միջեւ։ Ադրբեջանն առաջին ագրեսիան սկսեց, երբ Բաքվում ու Սումգայիթում սկսեց կոտորել, խոշտանգել ու սպանել հայերին։ Ովքեր էլ ողջ մնացին, մազապուրծ, ոտաբոբիկ, ահռելի նյութական վնասներ կրելով՝ մի կերպ փրկվեցին։ Իսկ այն ժամանակվա Հայաստանի իշխանությունները հնարավորություն տվեցին, որ ադրբեջանցիները խաղաղ ձեւով փոխանակեին, վաճառեին իրենց գույքը եւ հանգիստ տեղափոխվեին Ադրբեջան։
«Հետեւաբար, եթե ուզում է հավասարություն դնել, ապա նախ պետք է պահանջի փոխհատուցել 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին հայերի կրած ֆինանսական ու նյութական կորուստները։ Եվ եթե հավասարություն է ուզում, ապա պետք է պահանջել նաեւ, որ հայերը, որոնք ֆինանսական փոխհատուցում չեն ստացել, պետք է վերադառնան եւ ապրեն Սումգայիթի, Բաքվի եւ այլ բնակավայրերի իրենց տներում։ Այդ երկու հարցերը միմյանց հետ որեւէ կապ չեն կարող ունենալ, այդ խոսույթը միայն Նիկոլ Փաշինյանինն է, Ալենինն է եւ իրենց ուսապարկերինը։ Այլեւս որեւէ մեկից դուք այդ հավասարության նշանը չեք տեսնի»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































