Լրահոս
Օրվա լրահոսը

Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու. Վարդան Օսկանյան

Դեկտեմբեր 11,2025 15:34

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից։

Ինչպես 2019-ին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը հիմք ստեղծեց կործանարար պատերազմի համար, այնպես էլ այսօր արված նրա հայտարարությունը ապագայում կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ նոր ոտնձգությունները լեգիտիմացնելու համար։
Չնայած դիվանագիտության և ազգային շահի տեսանկյունից վտանգավոր, անտեղյակ, անգրագետ, անզգույշ և հաճախ՝ հակասահմանադրական ու հակաօրինական հայտարարությունները այս կառավարության օրոք բազմաթիվ են, այսօր արված հայտարարությունը դրանց շարքում առավել ցայտուն է։

Պարզապես անհավատալի է, թե ինչ է «առաջարկում» Փաշինյանը ադրբեջանցիներին․ նա կոչ է անում նրանց հրաժարվել Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց ու այնտեղ Ադրբեջանցիներ բնակեցնելուց՝ փոխարենը խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։

Դիվանագիտական կրթություն պետք չէ հասկանալու համար, որ այս երկու թեմաների միջև ոչ մի զուգահեռ լինել չի կարող՝ ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային ընկալման և ոչ էլ պարզ տրամաբանության տեսանկյունից։

Կան տասնյակ միջազգային կոնվենցիաներ և միջազգային իրավունքի դրույթներ, որոնք իրավունք են տալիս անգամ խորհրդային տարիներին ինքնավարություն ունեցած ժողովուրդներին վերադառնալ իրենց բնակավայրեր, որտեղից նրանք բռնի վտարվել են։ Վերադարձը՝ մինիմում։ Ինքնավարության որևէ աստիճան՝ մինիմում։ Տասնյակ միջազգային հարթակներ, համաձայնագրեր, կոնվենցիաներ և նախադեպեր իրավունք են տալիս հայ ժողովրդին ոչ միայն վերադառնալ մեծամասամբ հայերով բնակեցված նախկինում ինքնավար միավոր, այլև այդ միավորի կարգավիճակի շուրջ քննարկում ծավալել միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդհուպ մինչև սուվերենություն։

Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031