Վերջերս մամուլով և տարբեր անձանց կողմից դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրություն։
Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել ՀԱՍԵ Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա Վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում։
2009 և 2014 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովների (ԵՆԺ) ընթացքում հաստատվել են Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ), Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կանոնադրությունները, ինչպես նաև թեմական, ծխական կանոնադրությունների ուղենիշները։ Հաստատված և պատրաստի այս կանոնադրությունները գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վավերացումը պետք է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից։
Ուստի Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։
Միևնույն ժամանակ ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքները խաթարված են, քանի որ նրանց ատենապետներն այժմ ապօրինաբար ազատազրկված են։


















































