Կովկասի երկնքում ամպրոպ է հասունանում։ Շրջապատված Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի կողմից, Հայաստանը զբաղեցնում է բարդ եւ ռազմավարական առումով նշանակալի դիրք, որը վաղուց ի վեր ներքաշված է եղել պատերազմներում։ Ընդունելով այս փաստը՝ Թրամփի վարչակազմն արագորեն քայլեր ձեռնարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն առաջ մղելու համար՝ հովանավորելով միջպետական կապակցվածության ուղի։ Այս գործարքը ուղի է գցում հայկական տարածքով՝ Ադրբեջանին կապելով իր էքսկլավ Նախիջեւանին։ Այս ուղին նպատակ ունի ոչ միայն հանդարտեցնել 2023-ին Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկած Ադրբեջանին այլ նաեւ ապահովել առեւտրի անվտանգ ճանապարհը։
Սակայն այս գործարքն ի կատար ածելու շտապողականությամբ պայմանավորված, Թրամփի վարչակազմին չի հաջողվել հաշվի առնել հայ ժողովրդի շահերը։ Շատերը Հայաստանում երկրի ինքնիշխանության ճակատագրական խաթարում են տեսնում այս գործարքի արդյունքում։ Այս պատճառով նրանք բախման ուղու վրա են հայտնվել իրենց վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի, հետ։ Արդյունքում, Թրամփի այդքան փափագած խաղաղությանը սպառնում է փլուզում։ Ավելին, նախագահ Թրամփն, ըստ երեւույթին անտեղյակ կերպով, սեղմել է քրիստոնյաներին հալածելու համար հայտնի ռեժիմի արատավորված ձեռքը։
Հայաստանի վարչապետի առաջնորդությունը թաթախվել է մերկ ավտորիտարիզմի մեջ՝ փորձելով հաղթահարել իր աթոռակալության դեմ այլախոհությունը։ Իշխանությունների հարձակումը երկրի պատմական Հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ այս բռնաճնշումների ցուցականն է։ Հայրենիքի եւ արտերկրի հայերը սարսափած հետեւում էին իրենց վարչապետին, որը դաժանորեն հարձակվեց Եկեղեցու, կղերականների եւ հավատացյալների վրա՝ քաղաքական կաշին փրկելու համար։ Սա հանգեցրել է հայկական հասարակության մեջ մեծ պառակտումների, որոնք սպառնում են ի դերեւ հանել Ադրբեջանի հետ խաղաղության փխրուն բանակցությունները։ Իրավաբանական իմ ընկերությունը ծավալուն «Սպիտակ թուղթ»՝ տեղեկատվական գրքույկ է հրատարակել՝ փաստագրելով կատարվողը։
1,700 տարի առանց ընդմիջումների գոյություն ունենալով, Հայ առաքելական սուրբ եկեղեցին գործել է որպես ազգային ինքնության պատվար։ Մեծապես Եկեղեցու շնորհիվ էր, որ հայ ազգը գոյատեւեց կայսերական իշխանությունների կողմից դարեր տեւած հպատակության ներքո։ Հետեւապես, Եկեղեցին խոշոր ազդեցություն է կրում հայկական մշակույթի մեջ։ Որպես հաստատություն՝ այն մեծ հարգանք է վայելում թե՛ Հանրապետությունում ապրող հայերի, թե սփյուռքահայերի շրջանում։
Կարդացեք նաև
Հայ առաքելական եկեղեցու դերը ամրագրված է սահմանադրորեն։ Այն կրում է «բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»։ Այս դերը պատասխանատվություն է դնում Եկեղեցու վրա՝ հանուն հայ ժողովրդի, հատկապես Ադրբեջանի ձեռքով տառապածների, ձայն բարձրացնելու համար։ Եկեղեցին ճշմարտացիորեն դատապարտել է վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի շահերի ամրագրման ձախողումը՝ ներառյալ ժառանգությունը, որը ստիպված էին թողնել։ Դրանցից են հնադարյա եկեղեցիները, խաչքարերը, իրենց նախնիների եւ հարազատների շիրիմները։ Հայկական քաղաքական ղեկավարության կործանարար լինելը հաճախ հանդիպող տեսակետ է։ Այդ համոզմանն են նաեւ տարածաշրջանային առաջատար փորձագետները։
Արձագանքելով այս լեգիտիմ քննադատությանը՝ կառավարությունն աննախադեպ արշավ է մեկնարկել Եկեղեցու հոգեւոր առաջնորդի՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, դեմ։ Վարչապետը պահանջել է նրա հեռացումը՝ Ֆեյսբուքում հրահրիչ հրապարակումներ կատարելով Կաթողիկոսի մասին եւ կոչ անելով գահընկեց անել նրան։ Երեւակայել կարելի է, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Ֆրանսիայի նախագահը հրապարակայնորեն հարձակվեր Հռոմի Պապի վրա եւ պահանջեր նրա փոխարինումը։ Նույնը վերաբերում է Հայաստանին եւ իր Եկեղեցու առաջնորդին։
Իշխանությունների վերահսկմամբ իրականացվել են մի շարք եպիսկոպոսների, քահանաների եւ Եկեղեցու հավատացյալների ձերբակալություններն ու կալանավորումները։ Հավատացյալներից մեկն իմ պաշտպանյալն է՝ Սամվել Կարապետյանը, հայ ակնառու գործարար եւ բարերար եւ Եկեղեցու հետեւորդ, որը կալանավորված է հունիսի 18-ից։ Կարապետյանի կալանավորման պատճառը սերում է Եկեղեցին պաշտպանելու եւ Եկեղեցու եւ պետության միջեւ հակամարտությունը հանգուցալուծելու մասին հրապարակայնորեն արված մի հակիրճ հայտարարությունից։ Նա անհեթեթ կերպով մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Նա այժմ տանջահարվում է ԽՍՀՄ տարիներին կառուցված բանտում, որտեղ ժամանակին ՊԱԿ-ն էր տեղակայված։ Ըստ Ալիսոն Մյուզի, որը փորձառու լրագրող եւ տարածաշրջանային փորձագետ է, «Եկեղեցին գոյութենական այսպիսի սպառնալիքի առաջ կանգնած չի եղել խորհրդային բռնաճնշումների եւ իշխանության կենտրոնացման ամենադաժան տարիներից ի վեր»։
Վարչապետի գործողությունները խախտում են ոչ միայն ներհանրապետական օրենսդրությունը այլ նաեւ Հայաստանի միջազգայնորեն ստանձնած հանձնառությունները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Եկեղեցու դեմ իր հարձակումները ճշմարտացիորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարել է, որ «համերաշխորեն կանգնած է Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին»։ Միաժամանակ, Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը, Ղպտիական համերաշխության կազմակերպությունը եւ «SOS Արեւելքի քրիստոնյաներ» կազմակերպությունը համատեղ հայտարարություն են ընդունել՝ հայկական իշխանություններից պահանջելով «անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել Սամվել Կարապետյանին» եւ «այլեւս չմիջամտել Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին եւ վերջ դնել կղերականությանն ապալեգիտիմացնելու եւ պետական մեխանիզմներով Եկեղեցու առաջնորդությունը փոփոխելու արշավին»։
Հայերը ճշմարտացիորեն խաղաղություն եւ բարգավաճում են ցանկանում, բայց սա չի կայանա, երբ իրենց իշխանությունները կոպտորեն խաթարում են օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները։ Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության կանչի Հայաստանին, եւ Փաշինյանը պետք է դադարեցնի իր հարձակումները։
Ռոբերտ ԱՄՍՏԵՐԴԱՄ
Կանադացի միջազգային իրավաբան
Հոդվածում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականն են եւ կարող են չհամընկնել խմբագրության դիրքորոշումների հետ։


















































