Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են այնպիսի բան հայտնաբերել, որ կարող են օգտագործել Սամվել Կարապետյանի գործի շրջանակում. Փաստաբանը՝ ԱՀ ներկայացուցչության խուզարկության մասին

Դեկտեմբեր 11,2025 19:00

«Այս ամեն ինչը մի՞թե ես պետք է որակեմ որպես քաղաքական գործողություն կամ արշավի շարունակություն, որն իրականացվել է եւ շարունակում է իրականացվել Արցախի ներկայացուցչության նկատմամբ »,-Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում կայացած խուզարկությունից հետո լրագրողներին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:

«Բոլորդ էլ հասկանում եք, որ ամենեւին պատահական չէ, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվան նվիրված, արցախցիներին հուզող ու վերադարձի հարցի հետ կապված խորհրդարանական լսումների անմիջապես հաջորդ օրը ներկայացուցչությունում ժամը 12-ից սկսում եւ 16:10 ավարտվում է խուզարկություն քննչական գործողությունը, որի արդյունքները բոլորիդ համար տեսանելի են»,-ասաց փաստաբանը: Նա նշեց, որ սեյֆը կոտրել են, իսկ ինչ առգրավել են, վարույթի համար որեւէ նշանակություն չի կարող ունենալ:

«Թե առգրաված ապրանքները, նյութերը որքանով են վերաբերելի կոնկրետ այս գործողությանը, կոնկրետ դատարանի կողմից թույլատրված առգրավելի նյութերին, դա դեռ պետք է պարզվի: Մենք ամեն դեպքում զգուշացրել ենք, որ այն նյութերը, որոնք դուք առգրավել եք, վերաբերելի չեն, որովհետեւ մենք տիրապետում ենք դրանց բովանդակությանը…

Իրենք եկել էին այնպիսի բովանդակության փաստաթղթերի հետեւից, որոնք ներկայացնում են գործարքների վերաբերյալ տեղեկություններ, տնտեսական շարժի վերաբերյալ տեղեկություններ, բայց Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում առկա են եւ քննիչները հայտնաբերել են, օրինակ, զոհված անձանց վերաբերյալ տվյալներ, պատերազմական գործողություններին մասնակցած եւ վիրավորված անձանց տվյալներ, մշակութային արժեքների վերաբերյալ տվյալներ, տարբեր գրքեր՝ նվիրված Արցախյան պատերազմին, մտահղացումներ՝ կապված արցախցիների վերադարձի հետ…Այ այսպիսի փաստաթղթեր կային այստեղ…Կրկնում են՝ այն վարույթի հետ կապված, որի շրջանակներում այսօր պետք է խուզարկություն իրականացվեր, անտրամաբանական է, որ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում այդպիսի փաստաթղթեր գտնվեն»,-ընդգծեց Ռոման Երիցյանը:

Նա մտավախություն հայտնեց, որ հնարավոր է ոչ միայն նոր վարույթներ լինեն, այլեւ եղածը ներկայացվի որպես իրավական գործողություններ, որոնք իրականացվում են այլ՝ քաղաքական հետապնդումների համատեքստում:

«Այս պահի դրությամբ գրավոր զգուշացվել եմ նախաքննական ինձ հայտնի տվյալները չհրապարակելու մասին»,-ասաց փաստաբանը ի պատասխան լրագրողների մի շարք հարցերի:

Ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանի գործի հետ լրագրողի հարցին, այս մասին էլ Ռոման Երիցյանը նշեց. «Սամվել Կարապետյանի մասով, օրինակ, կարող էին այստեղ գալ եւ փնտրել, թե Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի համար ինքը ինչ գործողություններ է ձեռնարկել, ինչու է այդ ամենն արել արցախցիների համար: Սամվել Կարապետյանի վերաբերյալ բացի բարեգործական գործողություններին վերաբերելի փաստաթղթերից՝ ոչինչ այստեղից չեն կարող գտնել: Բայց, այնուամենայնիվ, հիմքում ի թիվս այլնի, դրված է նաեւ այդ հանգամանքը: Դրանից, ըստ իս, կարելի է հետեւություն կատարել, որ փորձել են նաեւ այնպիսի բան հայտնաբերել այստեղից, որ կարող են օգտագործել այդ վարույթի շրջանակներում: Սա մեկ, եւ երկրորդ՝ ավելի քան ակնհայտ է, որ երեկվա խորհրդարանական լսումների ընթացքում լուսաբանված հայտարարությունները, տեղեկությունները, որոնք կատարվել են մեր ներկայացուցիչների կողմից, դուրեկան չէին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զբաղեցնող անձանց»,-հավելեց փաստաբանը:

Մանրամասն տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031