«Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք․ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ արդարության, հաշտության եւ խաղաղության ուղի»-ն խորագրով Բաքվում «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության կոնֆերանսին մասնակցել են 60 երկրի 100 ներկայացուցիչ, այդ թվում՝ պաշտոնյա նախագահի աշխատակազմից եւ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, փոխանցում է ադրբեջանամետ The Gulf Observer լրատվականը։
«Արեւմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալաքբարլին հայտարարել է՝ կազմակերպության «կենտրոնական առաքելությունը վերջին երկու դարերի ընթացքում Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի ապահովումն է»։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիների վերադարձը «էական նշանակություն է կրում հայերի եւ ադրբեջանցիների կայուն համակեցության համար»։
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի անդամ Սամիլ Այրիմի դիտարկմամբ՝ Հայաստանի «վերածումը մոնոէթնիկ պետության ռիսկային է»։ Ադրբեջանցիների հեռանալը Հայաստանից Այրիմին անվանել է «արտաքսում», դա համարել «մարդկության դեմ կոպտագույն հանցագործություն եւ պատմական անարդարություն»։
Կարդացեք նաև
Կոնֆերանսի շրջանակում անց են կացվել պանելային մի շարք քննարկումներ, որոնց մասնակցել են ադրբեջանցի, ֆրանսիացի, բրիտանացի, պակիստանցի, իտալացի, ինդոնեզիացի, ամերիկացի, լեհ գիտնականներ։ Նրանք մտքեր են արտահայտել «վերադարձի իրավունքի» բարոյական, իրավական շերտերի, միջազգային փոխգործակցության, ադրբեջանական «մշակութային ժառանգության վերականգնման» խնդրի, «տեղահանված բնակչության ինքնության պահպանման» համար աշուղական արվեստի, երաժշտության, ֆոլկլորի, բանավոր ավանդույթների եւ հիշողության մշակույթի տարածման կարեւորության շուրջ։ Շոշափվել է նաեւ «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
«Արեւմտյան Ադրբեջանի համայնք»-ը հիմնադրվել է 2022 թվականին։ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ մասնակցել է կազմակերպության միջոցառումներին եւ բազմիցս շեշտել «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»։
«Այսօր կարեւոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է», – Ալիեւի ուրբաթ օրվա խոսքերն է մեջբերում «Ազատություն»-ը։
Գերմանիա պաշտոնական այցի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Արեւմտյան Ադրբեջան»-ի խոսույթը կապեց Ղարաբաղի հարցի հետ՝ նշելով․ «Նրանք, որոնք ասում են՝ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Իրենք էլ ասում են՝ եթե ՀՀ-ում կան ուժեր, որ նոր պատերազմ պիտի անի ՀՀ-ն, Ադրբեջանն ասում է՝ ռազմական բյուջեն պետք է ավելացնենք եւ արեւմտյան Ադրբեջանի խոսույթ առաջ բերում»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ




















































