Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը

Դեկտեմբեր 13,2025 00:03

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ նախարարության, Ոստիկանության ղեկավար կազմի, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։

Փոխնախարար Մկրտչյանը ներկայացրել է ՆԳ նախարարության, մասնավորապես՝ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքը և հավելել, որ դրանք համակարգի զարգացման պատմության մեջ կառուցվածքային տեսանկյունից ամենակայացածն են ու մասշտաբայինը։

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարության արդյունքներին՝ Արմեն Մկրտչյանը կարևորել է չորս հենասյունային ուղղությունների ձևավորումն ու դրանց համաժամանակյա զարգացումը՝ ընդգծելով գործառութային հստակ տարանջատման նշանակությունը։

Խոսելով հանցավորության դեմ պայքարի քաղաքականության մասին՝ փոխնախարար Մկրտչյանը նշել է, որ մշակվել է Հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության հավանությանը։ Ռազմավարությամբ կնախանշվեն հանցագործության կատարմանը նպաստող գործոնների վերհանման և չեզոքացման ուղղությամբ հստակ միջոցառումներ։

Հանցավորության գլոբալիզացիայի տեմպերին համընթաց՝ փոխնախարարը կարևորել է նաև ոստիկանության տեխնիկական, ծրագրային ապահովվածությունն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նաև անչափահասների հետ տարվող աշխատանքների, օրենսդրության լավարկման, տվյալների վերլուծության ու վիճակագրության վարման ուղղություններով անելիքները։

ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչները նշել են, որ ՆԳՆ ոստիկանության որդեգրած քաղաքականությունը վերաբերելի է Գործողությունների ծրագրով նախանշված հասարակական կարգի և անվտանգության ուղղությանը. այն ընդգրկում է կազմակերպված հանցավորության, անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի և այլ ոլորտներ։

Առաքելության մասնակիցներն առաջարկել են հանցավորության կանխարգելման ռազմավարության ընդունումից հետո, դիտարկելու նպատակով, այն տրամադրել նաև ներգրավված փորձագետներին։
Նշվել է, որ Գործողությունների ծրագրի առաջընթացը գնահատելու համար նախորդ առաքելության վերլուծությունը և եզրակացությունները կդրվեն առաջին հաշվետվության հիմքում:

Գործընկերության ամրապնդման տեսանկյունից կողմերը կարևորել են Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։

ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031