Մարզերից մեկի բնակիչ մի կին է ինձ գրում: Նա ուզում էր անդամագրվել «Մեր ձեւով» շարժմանը, եւ նրան շուրջբոլորը համոզում են, որ դա չանի՝ «բա քեզ պե՞տք է, գործի տեղը խնդիրներ կունենաս»: Պետական գերատեսչություններում աշխատող մարդիկ ինձ պատմում են, որ զգուշանում են իրենց հաստատության սենյակում խոսել քաղաքական թեմաներով՝ վախենալով թե՛ «ժուչոկներից», թե՛ մատնագրերից: Շատերը փաստում են, որ այդպես երբեք չի եղել:
Եվ ոչ միայն գերատեսչությունները: Համալսարանում ՔՊ-ական դասախոսն իր գործընկերների վրա մատնագրեր է գրում: Բայց դա չէ սարսափելին: Սարսափելին այն է, որ համալսարանն այս մատնագրերին ընթացք է տալիս: Համալսարանը, որը պետք է լինի ակադեմիական ազատության ջահակիրը:
Ամենեւին չեմ կարծում, որ անկախ Հայաստանում ռեժիմը երբեւէ ժողովրդավար էր: Բայց այս աստիճանի սանձարձակ իրավական եւ բարոյական տեռորը մեր երկրում հաստատվել է հենց «սիրո եւ համերաշխության հեղափոխությունից» հետո: Պարզ է, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալ պահելը նույնպես, բացի ընդդիմախոսներին լռեցնելուց, ունի նաեւ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ:
Սակայն բացի այդ վախից, մարդիկ ունեն եւս մի վախ՝ փոքրամասնության, պարտվածների շարքում հայտնվելու վախ: «Բողոքես-չբողոքես, մեկ է՝ Նիկոլը ինչ կուզի կանի» կամ՝ «Մեկ է՝ Նիկոլն է անցնելու ընտրություններում»՝ այս նարատիվով մարդկանց մեջ վախ են մտցնում, որ իրենք, այլ ուժերի ձայն տալու դեպքում, պարտվելու են: Այս վախն է մարդկանց առաջնորդում, երբ նրանք հրաժարվում են գնալ ընտրությունների: «Գելլափի» վերջին հարցմամբ՝ իրենց քաղաքական նախընտրությունների մասին հրաժարվում է հայտնել հարցվածների 10.6%-ը, 22,4%-ն ասել է, որ դժվարանում է պատասխանել հարցին, իսկ 14,1%-ն ասել է, որ չի մասնակցելու ընտրություններին:
Այդ մարդիկ հաստատ ՔՊ-ի ընտրազանգվածը չեն: Բայց նրանք, ըստ ամենայնի, համոզված են, որ հաղթելու է ՔՊ-ն, եւ եթե ձայն տան որեւէ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի, ապա իրենց կզգան, այսպես ասած, «պարտված թիմում»: Իսկ դա շատերի համար տհաճ է:
Եվ այստեղ մեծ է հանրային գործիչների, կուսակցությունների դերը. նրանք որեւէ ձեւով չպիտի խրախուսեն նման տրամադրությունները: Առավել եւս՝ ընտրությունների բոյկոտը: Դա կլինի ամենամեծ հիմարությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































Սուրիկատների դաստիարակած փղիկ աղջիկը ծառերի վրա էր թռվռում եւ դրանով հպարտանում, բայց հենց հանդիպեց ջահել փղին, որին սիրահարվեց, իսկ սա էլ թե, բա չես ամաչում, բա վայել է հզոր փղին իջնել սուրիկատի մակարդակի ու ծառերի վրա թռվռալ: Մեր հայ վախեցած իշխանությունը հայ ընտրողներից դաստիարակում է իր նման վախեցած հայերի: Իսկ ո՞ւր են մեր հայ ջահել անվախ քաղաքական գործիչները, որ գրավեն մեր վախեցած հայ ընտրողների սրտերը եւ համոզեն, որ հային վախենալը վայել չէ: Սերը միշտ հաղթում է վախին էլ, հիմարությանն էլ եւ բոլոր մնացած մեղքերին էլ:
«Եվ այստեղ մեծ է հանրային գործիչների, կուսակցությունների դերը. նրանք որեւէ ձեւով չպիտի խրախուսեն նման տրամադրությունները: Առավել եւս՝ ընտրությունների բոյկոտը: Դա կլինի ամենամեծ հիմարությունը»:
Այո, դա իսկապես կլինի ամենամեծ հիմարությունը։ Դա կլինի նաև ամենամեծ դավաճանությունը հայ ժողովրդին։ Հանրային գործիչները և կուսակցությունները շատ պարզ տեսնում են, որ նիկոլը Հայաստանը քայլ առ քայլ դարձնում է թուրքիայի և ադրբեջանի կամակատարը, ոչնչացնում է բոլոր ազգային արժեքները, խորհրդանիշները և ազգապահպան հիշողությունները։ Դպրոցներում դասավանդվող հայոց պատմության և հայ գրականության ծրագրերից նա հանձնարարում է հանել հայրենաշեն ու հայրենապաշտպան հայ ականավոր գործիչների, հայրենիքի նվիրյալ հերոսների, հային ոգեղենություն քարոզող բանաստեղծների ու արձակագիրների վերաբերող նյութերը։
Բոլորն էլ հստակ տեսնում են, որ նիկոլը և իր թիմը բերված են իշխանության՝ հայի ու հայկականության ողնաշարը կոտրելու և Հայաստանը թուրքիայի գիրկը հանձնելու համար։ Եվ այսքանից հետո եթե մեր երկրի հանրային գործիչները և կուսակցությունները հանրությանը պասիվության ու անտարբերության մղեն և քարոզեն բոյկոտել առաջիկա խորհրդարանական ընտրությունները (շատ լավ իմանալով, որ այդ բոյկոտով օգնելու են նիկոլի իշխանության վերարտադրությանը), ուրեմն իրենք էլ են սպասարկում ցեղասպան թուրքիայի ու ադրբեջանի շահերը՝ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՀԱՅ ՏԵՍԱԿԻՆ և ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ։