Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախի հայության վերադարձի իրավունքի ու Ալիևի մոգոնած «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական շանտաժի նախագծի միջև. «Փաստ»

Դեկտեմբեր 13,2025 10:20

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանին առաջարկում է միասին «ճանապարհային քարտեզ» մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները:

Ինչի մասին է խոսքը, և ինչով է Փաշինյանի այսօրինակ մոտեցումը վտանգավոր:

Ամենից առաջինը. հայտնի է, որ Ալիևը, ադրբեջանական իշխանությունները որդեգրել են մի պետական դիրքորոշում, որ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է, ու առնվազն 300 հազար ադրբեջանցի պետք է «վերադառնա» հիշյալ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ քաղաքացու իրավունքով հաստատվի Հայաստանում: Ադրբեջանական հակահայ վարչախմբի համար սա քաղաքական կոնկրետ ծրագիր է, որը նրանք իրագործում են ամենատարբեր դրսևորումներով, ընդհուպ՝ նշված անվանմամբ հեռուստաընկերություն գործարկելը, ամենատարբեր հարթակներում շարունակաբար այդ հարցը բարձրացնելը և այլն:

Ի լրումն ամենի, նույնիսկ Փաշինյանի ու ՔՊ-ի համար սա զգայուն թեմա է: Զգայուն բացառապես այն իմաստով, որ երբ նույնիսկ խուլ գյուղերի քպականների գիտակցությանը հասնի, որ ադրբեջանցիները հարյուր հազարներով լցվելու են Հայաստան, գրավեն իր տունը, տեղը, ունեցվածքը, ապա հազիվ թե նույն Փաշինյանին վարչապետի պաշտոնում տեսնել կամենան: Այսինքն, երբ Ալիևը նորից ու նորից Հայաստանն ադրբեջանիզացնելու մասին է հայտարարում, Փաշինյանը նեղսրտում է «կիրթ» գործընկերոջից, որ նման բացահայտ ակնարկներով նվազեցնում է իր վերարտադրվելու հնարավորությունները: Ու հիմա իբր «փոխզիջում» է գտել ու առաջարկում է, որ Ալիևը «փակի» «Արևմտյան Ադրբեջանի» թեման, փոխարենը՝ փակվի նաև Արցախի հայության՝ իր բազմահազարամյա բնօրրան վերադարձի իրավունքի հարցը:

Բայց բուն հարցն այն է, որ նախ՝ «թեմաները» համադրելի չեն, ավելին՝ դրանք ընդհանրապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:

Երբ ադրբեջանական կողմը խոսում է Հայաստան ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձի» հնարավորության մասին, ապա հայկական կողմից դրան համարժեք պատասխանը կարող է ու պետք է լինի Բաքվի, Գանձակի, Սումգայիթի, Դաշքեսանի և ադրբեջանական այլ բնակավայրերի հայերի վերադարձի իրավունքի մասին բարձրաձայնելը, բայց ոչ Արցախի: Արցախի հայության վերադարձի իրավունքը ոչ միայն լրիվ այլ հարթության վրա է, այլև միջազգային իրավունքի, մարդու, ժողովուրդների անկապտելի իրավունքների տեսանկյունից միանգամայն իրավաչափ է, հիմնավոր ու, Փաշինյանի սիրած բառով ասենք, լեգիտիմ: Սկզբունքորեն, ադրբեջանական վարչախումբը Արցախի հայության նկատմամբ իրականացրել է ազգային ու կրոնական հիմքով էթնիկ զտում, կոտորածի և բռնության սպառնալիքի տակ Արցախի հայությունը ենթարկվել է բռնագաղթի, հեռացել հազարամյակներով շենացրած հայրենիքից: Պատմականորեն հայկական Արցախից: Ով ինչը ինչպես ուզում է «ֆռռացնել», միևնույնն է, միջազգային իրավունքի տեսակետից դա կոչվում է ցեղասպանություն և հայրենազրկում:

Այնպես որ, Արցախի հայության վերադարձի իրավունքը անկապտելի է: Ավելին, դա ոչ մի պարագայում Փաշինյանի որոշելու հարցը չէ: Էլ ավելին, այն չի կարող փակվել զուտ այն պատճառով, ինչ է թե Արցախը աղետի մատնած ու, որոշակիորեն, իր վարած «քաղաքականությամբ» Արցախի հայաթափման ողբերգությանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանը կամ նրա որևէ կուսակից այդպիսի ցանկություն ունի: Դա՝ իր հերթին:

Սակայն Փաշինյանի հայտարարության կամ առաջարկության բուն վտանգը նաև մի փոքր այլ է: Բանն այն է, որ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախի հայության վերադարձի իրավունքի ու Ալիևի մոգոնած «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական շանտաժի նախագծի միջև: Իսկ դա ուղիղ գծով նշանակում է, որ Փաշինյանը որոշակիորեն լեգիտիմացնում է Հայաստանը «ավտովազքով» գրավելու և ադրբեջանականացնելու, «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ալիևյան նկրտումները:

Այս առումով դրվար է չհամաձայնել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դիտարկմանը. «Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն. նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031