Երեւանի նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ իրավական գնահատական կարելի է տալ Սամվել Կարապետյանի, Միքայել սրբազանի, Արշակ սրբազանի գործերին, եթե այժմ լիներ գործող դատախազ:
«Սամվել Կարապետյանի եւ Միքայել սրբազանի դեպքում կա ակնհայտ, բացահայտ քաղաքական պատվեր: Մարդիկ ենթարկվում են քրեական պատասխանատվության խոսքի համար: Սամվել Կարապետյանը` Եկեղեցին սատարող խոսքի համար, իսկ Միքայել սրբազանը` թե՛ Եկեղեցուն սատարելու եւ թե՛ մի փոքր ընդդիմադիր կեցվածք դրսեւորելու համար: Սրանք Փաշինյան Նիկոլի կողմից կարված գործեր են, այստեղ չկա իրավագիտության հարց: Անգամ պետք չէ իրավաբան լինել, որպեսզի հասկանաս, թե ինչ է կատարվում: Հերիք է միայն հայոց լեզվին բավարար չափով տիրապետես, որպեսզի հասկանաս, թե խոսքն ինչի մասին է: Ակնհայտորեն, չկա հանցակազմ: Իշխանություն յուրացնելու կոչերի մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետեւ այս երկու գործում էլ չկան կոչեր: Կարապետյանը խոսում է «իրենց ձեւով» պրոցեսներին մասնակից դառնալու մասին: Խոսքն այն բանի մասին էր, որ եթե հայաստանյան քաղաքական ուժերը չկարողանան սատարել Եկեղեցուն, դա կանի ինքը` իր ձեւով:
Իշխանությունները դիտավորյալ շրջանառության մեջ դրեցին «միջամտել» բառը: Այս բառը շրջանառության մեջ դնելը եւս մեկ անգամ ապացույց է հանդիսանում, որ կատարվածը պատվեր է: Փաշինյանը՝ իր լայվում, ՔՊ-ականները՝ իրենց էջերում կիրառեցին «միջամտել» բառը, սակայն տեսաձայնագրության մեջ չկար նման բառ: Փաշինյանը նախ Ֆեյսբուքով հրահանգեց ձերբակալել Կարապետյանին, ապա ասաց. «Արա, դուրս արի չուլանից»: Այսքան բանը հրապարակավ հայտարարելուց հետո նա մարսեց: Նույնը վերաբերում է Միքայել սրբազանի խոսքին: Պարզվեց, որ իշխանությունը սարսափում է նաեւ հոգեւորականների խոսքից: Այս գործը նույնպես կապ չունի իրավաբանության հետ: Ցանկացած իրեն հարգող իրավաբանի կարող եմ կետ առ կետ բացատրել:
Ինչ վերաբերում է Արշակ սրբազանի գործին, ապա ես դրա հանգամանքներին չեմ տիրապետում: Հստակ չեմ կարողանում տեղեկանալ, կա՞ վկա, թե՞ ոչ: Գուցե կա անձ, որը ցուցմունք է տվել եւ պնդել է, որ սրբազանն իրեն նման բան է ասել: Ի տարբերություն նախորդ երկու դեպքերի, այստեղ ապացույցներն ինձ անհասանելի են, սակայն հաշվի առնելով Արշակ սրբազանի դեմ ծավալվող պրոցեսները, այն հանգամանքը, որ ամեն բան արվում էր վերջինիս վարկաբեկելու, նրա ընդդիմադիր տեսակն ընկճելու համար, այս ամենից կարող ենք եզրակացնել, որ այս գործը նույնպես ունի ակնհայտ քաղաքական տարրեր: Իմ կարծիքը բխեցնում եմ այն հանգամանքից, որ յոթուկես տարի անց մարդ են կալանավորում: Չեմ պատկերացնում, թե խափանման միջոցի համար ինչ հիմքեր կարող էին պահպանված լինել»:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































