Նախօրեին Պետական գույքի կառավարման վարչությունը հաղորդեց, որ «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունն այսուհետ կառավարելու է Հանրապետության հրապարակում գտնվող փոստի շենքը (Նալբանդյան 28): Այն կառուցվել է անցյալ դարի 50-ականներին, հանդիսանում է պատմամշակութային հուշարձան: Խորհրդային շրջանում այստեղ էր տեղակայված կենտրոնական փոստատունը, իսկ ոչ հեռու անցյալում՝ կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Մի քանի անգամ այս շենքը դրվել է աճուրդի: Վերջին անգամ՝ 2017 թվականին, մոտ 13 մլրդ մեկնարկային գնով, սակայն մինչ օրս շենքը մասնավորեցված չէ: Այժմ «Ռիփաբլիք Պլազա» ընկերությունը հատուկ ստեղծվել է, որպեսզի 7809.9 քմ մակերեսով շենքի մասնավորեցումը գլուխ բերի: Կառավարությունն էլ այդ նպատակով «Ռիփաբլիք Պլազային» հատկացրել է 80 մլն 166 հազար 700 ՀՀ դրամ: Նախագիծն ընդունվել է կառավարության երեկվա նիստի ժամանակ:
Իսկ ավելի վաղ կառավարությունը մի անհասկանալի մրցույթ է անցկացրել, որի մասին լայն հանրությունը տեղեկանում է միայն այսօր, երբ մրցույթն ավարտված է, եւ կա հաղթող՝ Cushman & Wakefield-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն: Այս ընկերությունն էլ փող է ստացել խորհրդատվական ծառայությունների, այսինքն՝ փոստի շենքի «լավագույն եւ արդյունավետ օգտագործման հնարավորությունների վերաբերյալ ամբողջական եւ համապարփակ գնահատում իրականացնելու» համար: Այն 9 ամսվա ընթացքում կներկայացնի «գույքի կառավարման, տնօրինման լավագույն տարբերակների վերաբերյալ առաջարկներ եւ մասնագիտական եզրակացություն»։
Հետաքրքիր է, որ ՀՀ հարկատուները շենքերով զբաղվող ահռելի անձնակազմ են պահում՝ նույն Պետգույքի կառավարման կոմիտեն, էկոնոմիկայի նախարարությունը, որն ունի պետգույքով զբաղվող համապատասխան ստորաբաժանումներ, եւ ամեն ամիս նրանց աշխատավարձ են վճարում, բայց «լավագույն օգտագործման վերլուծությունը» հանձնարարում ենք թանկուկրակ արտասահմանցիներին եւ լրացուցիչ գումար հատկացնում խորհրդատվության համար: Կարո՞ղ է, օրինակ, խորհրդատվության արդյունքում որոշեն, որ շենքը տալու են մի որեւէ թուրքական կազմակերպության:
Անշարժ գույքի փորձագետ Հակոբ Մարտիրոսյանը, որը 17 տարի Կադաստրի կոմիտեում ղեկավար պաշտոնների է եղել, ասում է, որ կարեւոր չէ, թե ում են տալու շենքը՝ թուրքական է, թուրքական չէ: «Կարեւորն այն է, որ դա լինելու է իշխանության սրտի բիզնեսմենը: Տա Աստված, որ սխալվենք, բայց կապրենք՝ կտեսնենք: Հարցն այն է, թե ինչի համար են անում դա, նպատակը ո՞րն է: Եթե, օրինակ, Arthur Andersen-ի նման հայտնի աուդիտորական ընկերություն լիներ, որին տալիս են, ենթադրենք, պղնձամոլիբդենային գործարանի աուդիտը, հասկանալի կլիներ, մենք չունենք նման աուդիտորական ընկերություն: Բայց սա պատմամշակութային հուշարձան է: Կա օրենք՝ պատմամշակութային արժեքների մասին: Թող բացեն, նայեն եւ դրանով առաջնորդվեն: Ի՞նչ պարտադիր է, որ մեկը դրսից նայի, նոր ասի, դեռ մի քանի հարյուր հազար դոլար էլ վճարեն նրան խորհրդի համար: Պատմամշակութային հուշարձանները կարող ես մասնավորեցնել, բայց նրա տեսքը չպետք է խեղես, քանդես, դրանք ձեւափոխես եւ այլն»,- նշեց Հակոբ Մարտիրոսյանը: Ձեր կարծիքով, սա փողերի լվացման համա՞ր է արվում:
Կարդացեք նաև
«Ինձ չի թվում, թե սա փող լվանալու թեմա է: Ամենայն հավանականությամբ, այստեղ մի թաքնված գործարք կա, ասենք, ուզում են իրենց սրտի մեկին տալ եւ ընդամենը հիմնավորում են, թե, տեսեք, այս կազմակերպությունը հիմնավորում է տվել, այս մարդն էլ միակ մարդն է, որն այդ պայմաններում համաձայն է վերցնել»:
Հակոբ Մարտիրոսյանը ծանոթ չէ Cushman & Wakefield ընկերությանը, որը ներկայացվում է որպես անշարժ գույքի կառավարմամբ զբաղվող համաշխարհային առաջատարներից մեկը: Նա առաջին անգամ է լսում նաեւ այն, որ մշակութային հուշարձանի մասնավորեցման կամ օգտագործման համար խորհրդատվություն պատվիրեն: «Այս գործարքում անհանգստացնողը հենց փորձաքննություն պատվիրելն է: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված հազար բան կա, թույլատրելի շեղումներն են սահմանված, ինչն է կարելի, ինչը չի կարելի, օտարման ենթակա է, թե ոչ, այդ բոլորը կա»,- ասում է փորձագետը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































