Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնչող պատկերներ»՝ Գրիգոր Աղասյանի վրձնով. բացառիկ ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում

Դեկտեմբեր 13,2025 16:59

Հայաստանի ազգային պատկերասրահի 4 սրահներում ներկայացված է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը: Շուրջ 100 նմուշների մի մասը «հայտնաբերվել է» թաքստոցներից եւ ցուցադրվում է առաջին անգամ: Բացառիկ ցուցադրության համադրողը Գրիգոր Աղասյանի թոռնուհին է՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, արվեստաբան Մարինա Հակոբյանը:

Նա խոստովանեց, որ աշխատանքի սկզբնական փուլում իր ապրումներն ավելին էին, քան անհրաժեշտ էր ցուցադրությունը կյանքի կոչելու համար, դրա համար փորձել է չեզոքացնել ժառանգ Մարինային եւ ընկղմվել գործի մեջ՝ որպես համադրող եւ արվեստաբան:

«Ցուցադրությունը ներառում է Գրիգոր Աղասյանի ստեղծագործության բոլոր փուլերը, եւ պատահական չեն ընտրվել 4 ցուցասրահները, յուրաքանչյուր ցուցադրատարածք ունի իր միտումը: Առաջին 2-ը ներկայացնում են քաղաքը, ոչ թե կոնկրետ քաղաք այլ քաղաքի գաղափարը: Ինքն առաջին  հերթին սիրահարված է եղել իր ծննդավայր Երևանին, ապա աշխարհի տարբեր քաղաքներին: Նկարիչը շատ-շատ է շրջագայել…

Առաջին ցուցասրահը Երեւանին է նվիրված, հատկապես 1930-ականների Երեւանին, 30-ականների Երեւանը Գրիգոր Աղասյանի համար եղել է նվիրական  վերհուշ, հենց այդ շրջանի նկարների համար իրեն համարել էլ հայկական Բրեյգել… Նորարար էր այդ բնագավառում, քանի որ բազմաֆիգուր թեմատիկ կոմպոզիցիաներ էր ստեղծում, որոնցում ոչ թե ինչ-որ տեսարան էր ներկայացնում՝ մի փողոց, մի թաղ, մի հրապարակ, այլև առանձին փոքրիկ ժանրային դրվագներով մոնտաժում էր դրանք ու ստեղծում Երևանի հավաքական կերպարը: Երկրորդ ցուցասրահում իր շրջագայություններն են»,- նշեց ցուցադրութան համադրողը: Հավելեց, որ մյուս երկու ցուցասրահները նկարչի հիշողությունների, մտորումների ու միջավայրի մասին են:

Կյանքին իրապես սիրահարված, յուրօրինակ նուրբ հումորով ու բացառիկ բարությամբ օժտված, հին Երեւանի եզակի վավերագրող, գեղանկարիչ, գրաֆիկ, օֆորտի վարպետ Աղասյանի շուրջ 6 տասնամյակի ստեղծագործական ուղին բացահայտող-ներկայացնող ցուցահանդեսում այցելուն հնարավորություն ունի ճամփորդելու Իտալիայի եւ Ֆրանսիայի, Անգլիայի եւ Իսպանիայի, Էստոնիայի եւ Վրաստանի քաղաքներով, Հայաստանի գողտրիկ գյուղերով ու ավաններով, երեւանյան հին բակերով ու կոլորիտային շուկաներով, հրապարակներով ու փողոցներով, ինչպես նաև վիրտուալ իրականության միջոցով շրջելու նկարչի սիրելի արվեստանոցում:

Այս ցուցահանդեսում VR փորձառությունը ծառայում է ոչ թե իբրև տեխնոլոգիական էֆեկտ, այլ հիշողության, ժամանակի և ստեղծագործության վերակերտում։ Այցելուն հնարավորություն է ունենում հայտնվելու  նաեւ Գրիգոր Աղասյանի՝ Թումանյան 31 հասցեում գտնվող արվեստանոցում, որտեղ նկարիչը ստեղծագործել է շուրջ 40 տարի:

Ցուցադրության կարեւոր նմուշներից են Աղասյանի՝ սերնդային շարունակականությունն ու հիշողության փոխանցումը խորհրդանշող 1900-ականների նախշազարդ սեղանը (որի մեջ այսօր էլ պահվում են նկարչի անձնական իրերը), ինչպես նաև թախտն ու նկարակալը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031