«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, տնտեսագետ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Դիտարկում 10․ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ (երբ օդն ու ջուրը փաստում են տնտեսական աճի իրական գինը)
Տնտեսական ակտիվության մասին պաշտոնական հաշվետվություններում կրկնվում են նույն ձևակերպումները՝ շինարարություն, ծառայություններ, առևտուր․.. մի խոսքով՝ «աճ կա»։
Բայց նույն զեկույցի շրջակա միջավայրի տվյալները՝ թվերով լուռ ու «չեզոք», իրականում ցույց են տալիս մի բան՝ տնտեսական՝ թեկուզ «անորակ» աճի իրական գինը, ըստ էության, վճարվում է օդի, ջրի և առողջության հաշվին։
Կարդացեք նաև
1․ Օդի աղտոտվածությունը՝ արդեն համատարած
2025թ․ հոկտեմբերին Երևանի օդային ավազանը գրանցել է՝ 24 օր՝ ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կենցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցում, 22 օր՝ փոշու (մասնիկների) բարձր խտություն։
Երևանը միակ դեպքը չէ․ Վանաձոր՝ 14 օր, Ալավերդի՝ 18 օր, Գյումրի՝ 5 օր, Արարատ՝ 5 օր, Հրազդան՝ 11 օր, Ծաղկաձոր՝ 1 օր։
Այս տարածքային պատկերն այլևս «պատահական տատանում» չէ։ Այն կրկնում է արտադրության, շինարարության, ցեմենտի և մետաղագործության քարտեզը։ Այնտեղ, որտեղ կա տնտեսական աշխուժություն՝ կա նաև օդի հեղուկացվող աղտոտում։
2․ Ջրային ռեսուրսների որակը՝ կտրուկ վատացող միտումով
Գետերի ջրերի որակի մշտադիտարկումը 2025թ․ հոկտեմբերին ցույց է տալիս․ «Լավ» որակ՝ ընդամենը 4․6%, «Միջակ»՝ 33․8%, «Անբավարար»՝ 27․7%, «Վատ»՝ 33․8%։ Պարզ հաշվարկով՝ երկրի մակերևութային ջրերի մոտ 2/3-ը չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։
3․ Սևանա լիճ․ էվտրոֆիկացման շարունակվող շրջափուլ
2025թ․ հոկտեմբերյան տվյալներով մեծ և փոքր Սևանի մակերևութային ջրերում լուծված թթվածինը՝ 8․0–8․5 մգ/լ է, բայց հատակամերձ շերտերում՝ մինչև 0.3–3 մգ/լ, որը վտանգավոր ցածր է, միևնույն ժամանակ փոքր Սևանի հատակամերձ շերտերում ֆոսֆատի կոնցենտրացիան հասնում է 3.605 մգ/լ-ի։
Սա արդեն կանգնած էկոհամակարգ չէ։ Սա դանդաղ, բայց անընդհատ էվտրոֆիկացում է, այսինքն՝ ջրի էկոհամակարգի տխրահռչակ «ծերացում»՝ սննդանյութերի ավելցուկի պատճառով։
4․ Քաղաքատնտեսական համակարգային հետևանքը
Այնտեղ, որտեղ աճում է շինարարությունը, արտահանում են հանքային նյութեր կամ աշխատում են թեկուզ եզակի, բայց, այնուամենայնիվ՝ ծանր արդյունաբերական օբյեկտներ, այնտեղ օդն ավելի ծանր է, ջուրն՝ ավելի աղտոտ, ռիսկերը՝ ավելի բարձր։
Օդի՝ Երևանում 24 օրվա գերազանցումը, ջրերի՝ 33․8% «վատ» որակը, Սևանի՝ օքսիգենային քայքայումը սոսկ թվեր չեն։ Դրանք տնտեսության իրական գնի «հաշվապահությունն» են, որը ՀՆԱ-ն չի հաշվառում, բայց ժողովուրդը՝ այո։
5․ Այս պայմաններում «տնտեսական աճը» ներառական չէ
Եթե տնտեսությունն աճում է, բայց օդը դառնում է անառողջ, ջուրը՝ անվստահելի, իսկ սերունդների բնապահպանական անվտանգությունը՝ սպառնալիքի տակ, ապա այն աճը, որի մասին այսօր խոսում է կառավարությունը, ընդամենը թվաբանական պատրանք է՝ շրջակա միջավայրի հաշվին։
Հայաստանին պետք է ոչ թե թվերով աճ, այլ կանաչ վերափոխման քաղաքականություն, որպեսզի յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր շինարարություն, յուրաքանչյուր արտադրություն հաշվվի նաև իր բնապահպանական գնով։
Շրջակա միջավայրը «լուռ սյունակ» է մեր տնտեսական հաշվետվության մեջ։ Այն գրի է առնում այն ամենը, ինչ պետությունն անտեսում է՝ օդը, ջուրը, առողջությունը, և, վերջիվերջո՝ կյանքի որակը։


















































