Բարեգործությունը կրոնների սկզբունքներից է․ բոլոր կրոնների մեջ էլ բարեգործություն կատարելու մասին հրամաններ կան։ Քրիստոնեության մեջ դա համարվում է հավատքի առաջնային դրսևորում և ունենք տասանորդի (teogotha) կանոն։ Հնում հավատացած էին, որ եթե եկեղեցուն վճարեն տասանորդը, Աստված նրանց անձրև, օրհնություն և առատություն կպարգևի։ Իսլամ կրոնում բարեգործությունը համարվում է պարտադիր պարտականություն․ դրա ձևերից են «զաքաթ»-ը, «սադաղեհ»-ը և «խոմս»-ը։ Տասանորդի գաղափարը կա նաև Մովսիսական կրոնում, իսկ հինդուներն ունեն սննդի անվճար բաժանում, կրթության աջակցում և կամավոր աշխատանք։ Բուդդիզմը բարեգործությունը համարում է մարդու սեփական կարմայի մաքրման ճանապարհ։ Զրադաշտականների համար էլ առաջնահերթ է աղքատներին օգնելը, հիվանդների խնամքը և համայնքային գործերի ֆինանսավորումը։
Հայոց Առաքելական եկեղեցին դարեր շարունակ ունեցել է կալվածքներ, որը հավատացյալներն են նվիրել, և եկեղեցին, այդ միջոցներն աշխատացնելով, հոգացել է իր ծախսերը։ Ենթադրում եմ` մեր հայկական մյուս եկեղեցիներում ևս այդպես է եղել (Կաթոլիկ, Ավետարանչական և այլն)։ Եկեղեցական տուրքը՝ տասանորդը, մեզ ավելի հայտնի է որպես Ծխական տուրք․ դա գանձվում է եկեղեցական ծուխի՝ համայնքի, անդամներից։ Մեր եկեղեցին ունի նաև բարեսիրական ֆոնդեր, աղքատախնամ և կարիքավոր ընտանիքներին օժանդակող մարմիններ։
Սրբավայր կառուցելը, կրոնական կառույցներին կամ նույնադավան քաղաքացիներին օգնելը հիմնականում կատարում են առավել բարվոք վիճակի տեր Աստվածավախ մարդիկ, որոնք կարծում են իրենց նվիրատվությամբ, հավանական սխալների համար Աստծո ներումին և գութին կարժանանան։ Որպես օրինակ` իսլամ վաճառականը, մարգարեի հրամանին դեմ գնալով, վաշխառությամբ է զբաղվում, բայց միաժամանակ օգնում է թաղի մզկիթի կառուցման գործին, Մեքքա է գնում ուխտի, դառնում է «Հաջի աղա» (մահտեսի, մղդսի) և վերադարձին մի ցուլ է մատաղ անում։ Հաջին կարծում է դրանով սրբվեց իր մեղքերը և ինքը դրախտի մուտքին կարժանանա։
Մեր եկեղեցիները հաճախ կառուցվել են արքայական կամ իշխանական տոհմի անդամների նախաձեռնությամբ․ նրանք հիմնականում եղել են բռնապետներ և կալվածատերեր․ ունեցել են հսկայական հողատարածքներ և անխնա կերպով շահագործել են ռամիկներին։ Հիմա մեր եկեղեցիները կառուցվում կամ նորոգվում են բարերարների և հովանավորների միջոցով, մասամբ էլ եկեղեցական համայնքի անդամների՝ հավատացյալների միասնական ջանքերով։
Կարդացեք նաև
Մեր մեծահարուստ բարերարները մտածում են իրենցից հետո շոշափելի հիշատակ թողնեն, որպեսզի թե Աստծո ողորմածության արժանանան և թե իրենց անունը հավերժացնեն։ Նրանք Հայաստանում կամ Սփյուռքում կառուցում են եկեղեցիներ, կատարում են հիմնանորոգումներ, կամ էլ տեղադրում են Հիսուսի կամ կրոնապետների արձաններ։ Որպես սկզբունք բարերարները փառասեր են և ակնկալում են իրենց մեծարումը՝ շքանշանի ստացման, կաթողիկոսների կամ պատրիարքների ձեռքով մեծարմամբ կամ սրբավայրի տեսանելի վայրում լուսանկարի տեղադրմամբ։ Որպես օրինակ Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1964-1970 թթ․ ընթացքում Սարգսյան գործարանատեր մեծահարուստ գերդաստանի կողմից և առաջնորդարանի դահլիճում կես դար ավել է, որ կախված է գերդաստանի հայր՝ Մարգարի և իր տիկնոջ լուսանկարները։ Ասեմ նաև, որ Սարգսյաններից ոչ մեկը հիմա Իրանում չի բնակվում։ Անցնող կես դարվա ընթացքում ոչ ոքի մտքով չի անցել իջեցնել այդ լուսանկարը․ անգամ թեմական կառույցի առավել ձախակողմյան հակումներ ունեցող պատգամավորները ևս երբեք նման հարց չեն բարձրացրել, քանզի գիտակցել են, որ եկեղեցին հիմնականում կանգուն է նման նվիրատվությունների շնորհիվ։ Նույն մոտեցումն են ցուցաբերել նաև Իրանի պետական շրջանակները։
Հայաստանում մեր մեծահարուստները մինչ այժմ կառուցել են նոր եկեղեցիներ (Գագիկ Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան), իրենց ծննդավայրերի սրբավայրերում տեղադրել են խաչքարեր և կատարել են տասնյակ այլ բարեգործություններ։
Հայաստանի եզդիների համայնքի մեծահարուստներից Միրզա Սլոյանը ևս Ակնալճում կառուցել է «Տավուսե Մալաք»-ի յոթ հրեշտակների տաճարը․ համալիրում տեղադրված է հուշաքար բարերարի լուսանկարով և կենսագրականով։
Հայ մեծահարուստ և բարերար Սամվել Կարապետյանն էլ Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում տասնյակ բարեգործական նախագծեր իրացնելուց բացի, Սուրբ Էջմիածնի մայր տաճարի վերակառուցման աշխատանքների համար հատկացրել է միլիոնավոր դոլարներ: Կարապետյան ամուսինների մեծադիր լուսանկարը փակցված է Վեհարանի պատերից մեկի վրա։
Առանց հավատացյալների և բարերարների հոգածության և նվիրատվության ոչ մի կրոնական հաստատություն և այդ շարքում նաև մեր եկեղեցական կառույցները չեն կարող կանգուն մնալ։ Մենք պետք է հանդուրժող լինենք և այդ իրողությունները քաղաքական շահարկման առարկա չդարձնենք։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ





















































