Վերջին մի քանի տարիների ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ի հարկի և ըստ անհրաժեշտության բազմաթիվ պարզաբանումներ ու հայտարարություններ է տարածել սոցցանցերով և այլ լրատվամիջոցներով, որոնք հասանելի են եղել նաև այլ լեզուներով թարգմանված։ Դրանք առնչվել են հիմնականում Հայաստանում առկա խնդիրներին, մասնավորապես Եկեղեցի-Պետություն հարաբերություններում օր-օրի խորացող ճգնաժամի վերացման ու երկխոսության միջոցով խնդիրների լուծմանը։
Սակայն վերջերս ՀՀ վարչապետը մի քանի անգամ խոսեց այն մասին, որ երկխոսության հնարավորությունները սպառված են և եթե լինի հանդիպում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ, ապա այդ հանդիպմանը պետք է միայն քննարկվի Վեհափառ Հայրապետի հրաժարականի հարցը։ Այս ոչ կառուցողական հայտարարությունը անիմաստ դարձրեց երկխոսության անհրաժեշտության մասին խոսելու արդիականությունը և իշխանությունների և Հայ Եկեղեցու հարաբերությունները ավելի սրվեցին։
Ակնհայտ է, որ պատճառները քաղաքական են, սակայն նույնիսկ վատագույն հարաբերություններում որոշ կարմիր գծեր են լինում, որոնց անցնելը հասարակական կյանքում ցնցումներ են առաջացնում։ Այդ կարմիր գծերից որոշները ամրագրված են Սահմանադրությամբ և այլ օրենքներով, որը նույնպես, ինչպես տեսնում ենք, շատ հեշտությամբ հատվում են։ Բացի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարզաբանումներից ու հայտարարություններից բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ նույնպես հրապարակվել են ամենատարբեր լրատվամիջոցներով, որտեղ նույնպես մտահոգ ու խելամիտ մարդիկ իրենց կարծիքներն են արտահայտել Եկեղեցի-Պետություն լարված հարաբերությունների կարգավորման համար, սակայն, ինչպես ասում են, ասողին լսող է պետք։ Ես միշտ հույս ունեցել եմ, որ կգա մի պահ, երբ երկխոսության անհրաժեշտությունը կրկին անհրաժեշտ կլինի և այդ երկխոսությունը ո՛չ թե պետք է տեղի ունենա Վեհափառ հայրապետի կամ ՀՀ վարչապետի հրաժարականի օրակարգով, այլ այս հակամարտությանը վերջ դնելու օրակարգով։
Այսօր աչքովս ընկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հոդվածը։ Գերաշնորհ Սրբազան հայրը իրեն հատուկ լայնախոհությամբ ու նրբանկատորեն ժրաջան մեղվի նման նեկտար է ամբարել այդ հոդվածով, նա ամբողջացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հասարակական-քաղաքական շրջանակներից արտահայտված կառուցողական մտքերը, դրանք ի մի է բերել ու որպես հայի քիմքին հաճելի մեղր յուրովի մատուցել հայ հասարակությանը։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով հոդվածագրի պաշտոնն ու հեղինակությունը հույս ունենանք, որ գուցե արժանանա ուշադրության ու այնտեղ իշխող կառուցողական մտքերը առնվազն քննարկման առարկա կդառնան ՀՀ իշխանությունների կողմից։ Ըստ իս, Խաժակ սրբազանի առաջարկը ամբողջովին համահունչ է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի կողմից տարածված պաշտոնական հայտարարություններին, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենան Հայոց Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետին հավատարիմ մնացած հոգևոր հայրերի տեսակետներին։ Եթե իշխանությունները Խաժակ սրբազանի խոսքը բարի մտոք ընկալեն, ապա Եկեղեցի-Պետություն հարաբերությունները ազգային շահերին համահունչ կարգավորելու նոր ճանապարհ կբացվի։ Հրաժարվելով ատելության խոսքից, կարծում եմ, հայ ազգը ի վերջո կարող է բնական ճանապարհով հաղթահարել այս ոչ պատվաբեր ու արհեստականորեն առաջացած ճգնաժամը։ Այժմ գնդակը իշխանությունների դաշտում է։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


















































