Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի արցախցիների անունից որեւէ զիջումներ առաջարկել. հավասարեցնելով արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի հարցերը՝ նա վտանգը բերում հասցնում է մինչեւ Երեւան»

Դեկտեմբեր 15,2025 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

-Պարոն Կարաբեկյան, Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների վերադարձի հարցի եւ այսպես կոչված՝ «ադրբեջանցի փախստականների» հարցի միջեւ։ Նա Գերմանիայում հայտարարեց, որ առաջարկում է Ադրբեջանին՝ համատեղ միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակել այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը։

-Ադրբեջանը հաղթողի բարդույթ ունի եւ հանդես է գալիս որպես պայման առաջարկող, պայման առաջ քաշող կողմ։ Այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանի ամբիցիաներն է բարձրացնում, այլ նաեւ նվաստացնում է սեփական ժողովրդին։ Երկրորդ, եթե Նիկոլ Փաշինյանն Արցախից հրաժարվել է, եթե ինքը գտել է, որ դա միայն արցախցիների խնդիրն է, եւ դավաճանելով բերել է հողերի հանձնմանը, ապա, այո, դա միայն մեր խնդիրն է։ Ինքն իրավունք չունի արցախցիների անունից որեւէ զիջումներ առաջարկել։ Արցախի հիմնախնդիրը բավական բարձր մակարդակով է բարձրացվել միջազգային ատյաններում, ՄԱԿ-ը բանաձեւեր է ընդունել Արցախի հարցի վերաբերյալ, Եվրախորհրդարանը բարձրացրել է Արցախի հարցը հենց ինքնորոշման եւ հավաքական իրավունքների տեսանկյունից, որի մասին նաեւ ԱՄՆ կոնգրեսն ու Սենատը 1988-1990 թվականներին բարձրաձայնել են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը բերում ու նույն հարթության վրա է դնում այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» ու Արցախի հարցերը։ Այսպիսով նա հենց Ալիեւին դնում է բավականին ծանր ու անհարմար իրավիճակի մեջ, այսինքն՝ ինքը կամ ստիպված է լինելու լռել, կամ ստիպված է լինելու էլ ավելի բարձրացնել այդ, այսպես կոչված, «արեւմտյան Արդբեջանի» նշաձողը՝ հավասարեցնելով Արցախին։

Ի դեպ, ասեմ, որ Ադրբեջանը քարտեզներ է տարածում, որ իբր մինչեւ 20-րդ դարի սկիզբն իրենք կոմպակտ բնակվում էին նաեւ Սեւանի աջ ափին։ Իսկ մինչեւ 1988 թվականը, ըստ իրենց քարտեզների, նաեւ ապրում էին Մասիսում, Մեղրիում, Լոռու մարզում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր այս գործողություններով Ադրբեջանի համար պարարտ հող է ստեղծում, որ ինչ 1988 թվականին համարում էին իրենցը, իրենք նորից այդ խնդիրը բարձրացնեն ու ասեն՝ «դուք ուժով մեզ դուրս եք հանել»։ Այսինքն՝ ինքը սրանով Ադրբեջանին մեզ վրա ազդելու կրկնակի լծակ է տալիս։ Մեկը նախաստորագրված փաստաթուղթն է, որն Ադրբեջանին հնարավորություն է տալիս վերահսկել «ռեւանշիզմի» դրսեւորումները, ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջ առաջ քաշել։ Երկրորդը, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախի հարցից, Ադրբեջանը կարող է հավասարապես պնդել ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ընդ որում, ինքը սկզբում 300 հազարը տարածելու է իր այսպես ասած՝ «արեւմտյան Ադրբեջանի» վրա, հետո խոսելու է Մասիսի, Վանաձորի մասին եւ այլն։ Մինչեւ հիմա ադրբեջանցիները հիշում են Երեւանը։ ՄԱԿ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցչի կողմից շրջանառվող պաշտոնական փաստաթղթում նշվում էր, որ «մինչեւ 20-րդ դարի սկիզբն ադրբեջանցիներն ապրում էին Երեւանում, Սեւանում»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փաստորեն սեփական պետության ու ժողովրդի արմատական շահերի հաշվին Ադրբեջանի ծավալապաշտական ամբիցիաներն է բավարարում։

-Արցախիցների վերադարձի հարցն ու ինքնորոշման իրավունքն ընդհանրապես ի՞նչ կապ կարող է ունենալ «ադրբեջանցիների վերադարձի» հարցի հետ։

-Այդ հարցերը միմյանց հետ կապ չունեն։ ՄԱԿ-ի բանաձեւերում եւ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերում, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը, շատ հստակ դրված է Արցախի կոնֆլիկտի ձեւաչափը։ Մենք պետք է հենց դրանով առաջնորդվենք։ Պլյուս դրան, մեր վերադարձի հարցը կապված է այն հիմնախնդրի հետ, որն ուզում են անտեսել ու փակել, դա Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցն է։ Մենք որեւէ տեղ պետք է գոյատեւենք, մեր անվտանգությունը պետք է ապահովվի։ Եվ Արցախ-Հայաստան ցամաքային կապի մասին ու մյուս հարցադրումներն արտացոլված են 30 տարիների բանակցային գործընթացում։ Փաստաթղթերում արտացոլված էր, եւ կողմերի, եւ աշխարհի ամենախոշոր դերակատարների միջնորդությամբ դա ֆիքսվել էր։ Եթե այդ հարցերը հավասարեցվում են, կշեռքի նույն նժարի վրա են դրվում, ապա Հայաստանը շատ խոցելի վիճակում է հայտնվում։ Այսինքն՝ Ադրբեջանն իրավունք ունի նույն պայմանները դնել ու նույն պահանջներն առաջ քաշել։ Եվ ամենավտանգավորն այն է, որ դրանով խոստովանում ես, որ նույն էկզիստենցիալ վտանգն է ստեղծվել Հայաստանում ապրած ադրբեջանցիների համար, այսինքն՝ նրանց հավաքական ոչնչացման վտանգ է սպառնացել։ Այնինչ, ադրբեջանցիները կարողացել են Հայաստանում իրենց սեփականությունը վաճառել, տները փոխանակել Սումգայիթի եւ Բաքվի հայերի հետ։ Եվ նրանց Հայաստանում մահացու վտանգ չէր սպառնում, այնպես, ինչպես Բաքվում ու Սումգայիթում, հետո նաեւ՝ Արցախում սպառնում էր հայերին։ Եթե մենք ցեղասպանության ենք ենթարկվել, էթնիկ զտում է  իրականացվել, ապա մենք իրավունք ունենք միջազգային հսկողության ներքո այն պետականությունն ունենալ, ինքնակառավարման այն  աստիճանը, որի դեպքում Ադրբեջանը մեզ վրա ուղղահայաց իշխանություն չի ունենա։

Այդպիսով դու ընդունում ես, որ դու էլ ես ցեղասպան երկիր, երկրորդ, վաղը Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանում ադրբեջանցիների համար ինքնավարություն, դա Հայաստանի համար քաղաքական ինքնասպանություն կլինի։ Ոչ մի դեպքում ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ աշխարհաքաղաքական, ոչ միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարելի կշեռքի մի նժարի վրա դնել ադրբեջանցիների ու արցախցիների վերադարձի հարցերը։ Սա նույն իրավիճակն է, երբ Կարսը, Նախիջեւանը, Արցախը զոհաբերվեցին, որպեսզի Ադրբեջան սիոնիստական պետություն ստեղծվեր կամ Թուրքիան չմասնատվեր։ Այսօր նույն ծրագիրն է, որը բոլշեւիկներն իրենց ստվերային աջակիցների հետ իրականացրեցին 1919-1920 թվականներին։ Նիկոլ Փաշինանն էլ է Մինսկի ձեւաչափը լուծարում, իր պետության հաշվին զիջումների գնում։ Բայց թող հիշեն, որ այն ժամանակ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն իրենց անկախությունը կորցրել են։ Երեւի իր նպատակն էլ դա է, որ նեոբոլշեւիզմ լինի, ազգայինը լրիվությամբ վերացվի, ինչ-որ մի գլոբալ ուժ տեր կանգնի մեզ։ Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումը սպառնում է մեր պետականությանն ու ազգի գոյությանը։

Եվ ամենակարեւորը՝ երբ մենք մեր հավաքական իրավունքների խնդիրը կապում ենք ինքնորոշման ու անվտանգության հարցերի հետ, կարծես թե որոշակի բուֆեր ենք ստեղծում, վտանգը հեռացնում ու դուրս ենք մղում Հայաստանի սահմաններից։ Այնպես, ինչպես Արցախն ու մեր բանակն անվտանգության բուֆեր են եղել Հայաստանի համար։ Բայց այս հարցերը կշեռքի նույն նժարի վրա դնելով՝ վտանգը բերում հասցնում ես մինչեւ քո երկրի մայրաքաղաք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031