Դեկտեմբերի 13-ին Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, տեղի ունեցավ «Ակունք» ազգագրական պետական համույթի հերթական՝ 2025 թ․ վերջին համերգը։
«Չհնչած Կոմիտասը» խորագիրն էր կրում համերգը՝ նվիրված Մեծն Կոմիտասին։
Ներկաներին ողջունեց «Ակունք»-ի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։ Ներկայացնելով Կոմիտասին՝ Ա․ Շահնազարյանն ասաց․ «Կոմիտասը գրառել է մոտ 1500 երգ, սակայն դրանցից ամենաշատը երգվել է 250-ը։ Բացի Կոմիտասից, շատ երգեր են գրառել նաև նրա աշակերտները։ Սպիրիդոն Մելիքյանը տարբեր ժամանակներում գրառել է Սասունի ու Մուշի, Վանի և մեր լեռնաշխարհի այլ տարածքների երգերը»։
Կարդացեք նաև
Հավելեց նաև՝ Մեծ Եղեռնից հետո էլ Կոմիտասի աշակերտները գրառել են աշխարհով մեկ սփռված արևմտահայերի հարյուրավոր երգերը, որոնց մի մասը պահպանվել է հենց Ս․ Մելիքյանի շնորհիվ։
Խոսելով Բութանիայի երգերի մասին՝ կարևորեց Կոմիտասի աշակերտների դերը, ովքեր նույնպես Մեծ Եղեռնից հետո աշխարհի տարբեր վայրերում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլն, գրառել են դրանք՝ հանդիպելով բութանիացիներին։ Անդրադարձավ նաև հայկական հարսանիքներին նվիրված երգերին։ Ասաց՝ Կոմիտասն այդ երգերի արմատները հազարամյակների խորքն է տանում։
Ավարտելով խոսքը՝ Ա․ Շահնազարյանը նաև որոշ հատված կատարեց գրառված երգերից։
Համույթը համերգը սկսեց ավանդական «Բարի լուսո» երգով, որի հեղինակն է Խրիմյան Հայրիկը․
Բարի լուսո աստղ էրևաց,
աղոթարան դռներն ի բաց,
բարով բացվեր լուս աղոթրան,
սարված լծեմ էրթամ գութան։
Այնուհետև հնչեցին մեր ժողովրդի կողմից տարբեր վայրերում ստեղծված ու Կոմիտասի, նրա աշակերտների, այլոց կողմից գրառված ու մշակված երգերը՝ «Թագվորի մեր, դուրս արի», «Հոյ Նուբար» և այլն։ Առավել ոգևորող էին պարերգերը՝ պարերի կատարմամբ։
Առաջին անգամ «Ակունք»-ի համերգին ներկա եղա 2013 թ․ հոկտեմբերի 7-ին՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Հարար-Աղավնատուն համայնքում։ Համույթը ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի կազմակերպմամբ, ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանի և արդեն երջանկահիշատակ Մկրտիչ Մկրտչյանի՝ Մկո-Մակիչի հետ, Մարտակերտում իրենց նվերն են մատուցել շրջանի ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Վերջին համերգը պետք է կայանար Քաշաթաղի շրջանում, որտեղ աշխատում էի «Մերան» շրջանային թերթի գլխավոր խմբագիր։ Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, երջանկահիշատակ Արտուշ Մխիթարյանի հետ ուղեկցեցինք խմբին Աղավնատուն, չնայած արդեն երեկո էր, անձրև էր տեղում, մառախուղը փակել էր ոլորապտույտ ճանապարհը։ Անհանգիստ էր համույթի ավագը՝ Սարգիս Բաղդասարյանը՝ Հոպոն․ պետք է ծանոթանար դահլիճին… Ասում ենք՝ լավ դահլիճ կա այնտեղ, բայց… Աղավնատուն համայնքը գտնվում է Բերձորից 35–40 կմ հարավ՝ Հակարի գետի ձախափնյա լանջերին։ Կազմված էր 3 բնակավայրերից՝ Աղավնատուն (9 ընտանիք), Հարար (14) և Խաչգետիկ (15)։ Խաչգետիկ գյուղում էր դպրոցը, որի փոքր միջանցքում էլ կայացավ համերգը։ Ներկա էր համայնքի գրեթե ողջ բնակչությունը՝ 100-ից քիչ ավելի մարդ։
Ելույթից առաջ Սարգիս Բաղդասարյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ այստեղ համերգ տալը մեծ պատիվ է իրենց համար, քանի որ եկել են ուրախացնելու արյունով ազատագրված հայոց պատմական հողը շենացնողներին։ Ողջ օրը բնակիչները սպասել էին այս համերգին և չէին ուզում, որ այն ավարտվի, թեկուզ օրը մթնել էր։
Համույթի այն ժամանակվա ղեկավար Սարգիս Ալավերդյանը պատմեց, որ 1993-ին Արցախի Մարտունիում համերգով հանդես են եկել ազատամարտիկների մոտ, ու Ավոն երգիչներին մեկական փամփուշտ է նվիրել՝ ասելով․ «Կներեք, որ ծաղիկներ չունենք»։ «Վերադառնալիս փամփուշտները տվեցինք զինվորներին, քանի որ դրանք նրանց էին պետք»,— հիշեց Սարգիս Ալավերդյանը։
Հրաժեշտի ժամանակ Հոպոն հուզված ասաց՝ իրենց համույթը բազում համերգներով է հանդես եկել Հայաստանում, Արցախում, արտերկրում, սակայն այս մեկն այլ էր՝ ամենալավն էր։ Դրանից հետո, հատկապես 2020 թվականից, երբ բռնագաղթեցինք Քաշաթաղի շրջանից, շատ անգամ եմ ներկա եղել «Ակունք»-ի համերգներին, սակայն մշտապես եմ հիշում Աղավնատան համերգը․ հպարտ էինք, ունեինք ազատագրված հայրենիք։
Զոհրաբ Ըռքոյան


































































