Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդավոր դոլարների ստվեր` հունվարի 1-ից. ՀՀ կրիպտո ոլորտին առնչվող խտրական նախագծի վերաբերյալ հայտարարություն

Դեկտեմբեր 15,2025 10:57

Նորաստեղծ «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ԱԺ-ում քննարկվող կրիպտո նախագծի անդառնալի ռիսկերին։ Բաց նամակն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանին, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներին։

Բաց նամակում մասնավորապես նշված է․«ՀՀ կառավարությունը 11.12.2025թ. նիստով հավանություն տվեց կրիպտոակտիվների ոլորտին առնչվող մի նախագծի, որը անհետաձգելի կարգով քննարկվելու է ԱԺ 16.12.2025թ. արտահերթ նիստին։ «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն, ներկայացնելով ՀՀ կրիպտո ոլորտում հայտնի միջին և խոշոր շուրջ երկու տասնյակ ընկերությունների, հայտնում է, որ տվյալ նախագծի ընդունումը չի լուծում ոլորտի հիմնական խնդիրները և շարունակում է ստեղծել անհամաչափ, խտրական և տնտեսապես չհիմնավորված սահմանափակումներ։

Ստորև ներկայացնում ենք մեր հիմնավոր դիրքորոշումը և շրջանառվող նախագծում 2 պարզ փոփոխության առաջարկները` ոլորտի խնդիրները լուծելու և պետության հետ թափանցիկ, փոխշահավետ համագործակցելու համար։

  • Նախապատմությունը.
  • 2024թ. ՆԳՆ-ի առաջարկով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվեց մի նախագիծ, որով 2025թ. հունվարի 1-ից արգելվելու էր կանխիկ միջոցներով կրիպտոակտիվների առուվաճառքը` միջոցների հետագծելիություն ապահովելու և հանցավորության դեմ պայքարի նպատակով։
  • Այս հարցի քննարկման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ԱԺ հանձնաժողովին ներկայացրեցին, թե որքան կենսական է կանխիկը կրիպտո ոլորտում. բանկերը չեն սպասարկում ոլորտը, իսկ եթե սպասարկեն, շատ գործարքներ բանկերի միջնորդավճարների և դանդաղության պատճառով անհնարին կդառնան։ Զբոսաշրջիկներին անկանխիկ եղանակով սպասարկելու հնարավորություն չկա։ Ոլորտի շրջանառության մեծամասնությունը առնչվում է միջազգային առևտրին, որի որոշակի հատվածը բանկային համակարգով անցնելու դեպքում կդառնա անմրցունակ, իսկ որոշ երկրների դեպքում` պարզապես անհնարին։
  • Հանձնաժողովի անդամները ընդունելով ոլորտի ներկայացուցիչների փաստարկները առաջարկեցին մեկ տարով հետաձգել տվյալ որոշումը` մինչև 2026թ. հունվարի 1-ը այն պայմանով, որ ոլորտը կարգավորող ընդհանուր «ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքը քննարկելիս անդրադարձ կլինի նաև կանխիկի հարցին։ Սակայն

«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի քննարկման շրջանակներում ՀՀ ԿԲ ներկայացուցիչները պնդում էին, որ կանխիկի հարցը այլևս փակված է և այդ որոշումը կայացված է ոչ թե ԿԲ-ի, այլ ՆԳՆ-ի կողմից։

  • Վերջին ամիսների զարգացումները.
  • Օրենքների ընդունումից հետո ոլորտի տնտեսվարողները հիմնեցին «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն
  • Միության անդամներին ամենաշատը հուզող հարցը կանխիկի սահմանափակումն է, որը այդպես էլ չհասցեագրվեց ոլորտի ընդհանուր օրենսդրության քննարկման շրջանակներում։ Միության կողմից պատրաստվեց առաջարկ և օրենսդրական փոփոխության նախագիծ, որը թույլ կտար հաճախորդների նույնականացում և ՓԼԱՖ կանոններին համապատասխան հսկողություն իրականացնելով հասցեագրել և՛ ՆԳՆ-ի կողմից նախկինում բարձրացված խնդիրները, և՛ չվնասել ոլորտի բնականոն գործունեությանն ու զարգացմանը։
  • Այս նախագիծը միության կողմից ներկայացվեց ՆԳՆ-ում, որի հետ ՆԳՆ-ն սկզբունքային խնդիր չուներ և արդյունքում քննարկումներ եղան ԲՏԱ և Էկոնոմիկայի նախարարությունում, ԿԲ-ում և Ազգային ժողովում։
  • Ներկայիս շրջանառվող նախագիծը

ՀՀ Կառավարության 11.12.2025թ. անհետաձգելի նախագծով առաջարկվում է`

  • ԿԲ-ում գրանցել մինչև 04.07.2025թ. ոլորտում գործունեություն իրականացրած ընկերություններին, որոնց հնարավորություն կտրվի ևս մեկ տարի կանխիկով գործարքներ կատարել հետևյալ սահմանափակումներով`
  • Կանխիկով գործարքները կատարվելու են ԿԲ-ի վերահսկողության ներքո
  • Անկախ գումարի չափից, գործարքները կատարվելու են ամենախիստ ՓԼԱՖ կանոններին համապատասխան, որը ներառում է հաճախորդների անձնագրային տվյալների և բնակության հասցեի հավաքագրում։ Գործարքների և հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվելու և ուղարկվելու է ԿԲ
  • Գործարքները չեն կարող գերազանցել 300,000 դրամը
  • Նախագծի անհամաչափ և խտրական կարգավորումը
  • ՀՀ-ում 300 հազար դրամի կանխիկ գործարքների սահմանափակումը նախատեսված է ընդհանուր առևտրային հարաբերությունների համար և չի կիրառվում լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, քանի որ վերջիններս գործում են հատուկ ոլորտային օրենքներով, ենթակա են ԿԲ վերահսկողությանը և իրականացնում են նույնականացում ու հաշվետվություն ՓԼԱՖ օրենքի շրջանակում։ Մինչդեռ այս նախագիծը տանում է նրան, որ ոլորտի գործունեությունը դառնա բացառապես անկանխիկ։ Անտեսվում են ոլորտի յուրահատկությունները և կանխիկի կենսական պահանջը (որի պատճառները ընդգծված են 1ին կետում)
  • Համեմատության համար` բանկերը և արտարժույթի փոխանակման կետերը չունեն կանխիկով գործարքների սահմանաչափ։ Արտարժույթի փոխանակման կետերը անգամ չեն իրականացնում հաճախորդի նույնականացում` մինչև 100,000դր գործարքներին, իսկ բնակության հասցե պահանջվում է 5,000,000 դրամը գերազանցող գործարքների համար։ Միջազգային արագ փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների վրա (Moneygram, Western Union, Unistream), ինչպես այլ լիցենզավորվող ֆինանսական կազմակերպությունների դեպքում, չի տարածվում 300,000 դրամ կանխիկի սահմանափակումը։
  • Նման սահմանափակումներ առկա չեն տարածաշրջանային երկրներում, օրինակ` Վրաստանում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում, ինչը կբերի նրան, որ տվյալ գործարքները պարզապես կտեղափոխվեն այլ երկրներ, իսկ ՀՀ-ն բաց կթողնի ոլորտից գեներացված հնարավոր շահույթները և հարկերը։
  • Կանխիկով կրիպտոակտիվի առուվաճառքի համար տվյալ նախագիծը նախատեսում է ամենախիստ ՓԼԱՖ կանոնները (ներառյալ բնակության հասցե) և միևնույն ժամանակ դնում է 300 հազար դրամի սահմանաչափ և ընդամենը 1 տարի ժամկետ։
  • Այս քայլով ոլորտի դիմաց դրվում են անհամաչափ խիստ լիցենզավորման և ՓԼԱՖ վերահսկողության պահանջներ և չի տրվում այլ ֆինանսական կազմակերպություններին բնորոշ գործիքակազմ` բնականոն գործունեություն իրականացնելու համար։
  • Նախագծով առաջացող խնդիրները`
  • Կրիպտո ոլորտը ՀՀ-ում ունի տարեկան շուրջ 9 միլիարդ դոլարի շրջանառություն և 450,000 օգտատեր
  • 01.2026թ.-ից հնարավոր է լինելու սպասարկել սահմանափակ թվով զբոսաշրջիկների, իսկ 01.01.2027թ.-ից առհասարակ անհնար է լինելու։
  • Ոլորտում ընկերությունների ճնշող մեծամասնությունը 1ին կետում ընդգծված պատճառներով գործել և գործում է բացառապես կանխիկ միջոցներով և գործարքներ է կատարում սկսած $1,000-ից, իսկ միջին գործարքի չափը կարող է հասնել տասնյակ հազարավոր դոլարների։ Առաջարկվող նախագծի սահմանափակումների արդյունքում այս ընկերությունները 2026թ. հունվարի 1-ից պարզապես փակվելու են։
  • Այս կարգավորումով 2027թ. հունվարի 1-ից արգելվում է ՀՀ-ում կրիպտո բանկոմատների գործունեությունը, չնայած նրան, որ դրանք մեծ տարածում ունեն ԱՄՆ-ում, ԵՄ-ում, հարևան երկրներում, ինչպես նաև աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում։
  • Պետության հետ համագործակցել ցանկացող բարեխիղճ տնտեսվարողների փակվելու արդյունքում ոլորտի շրջանառության գերակշռող մեծամասնությունը տեղափոխվելու է ստվեր, որի արդյունքում պետությունը կորցնելու է միլիարդավոր դոլարների շրջանառության հանդեպ վերահսկողությունը, որից կարող էր հավաքագրել ինչպես ոլորտային (կրիպտո բիզնեսներից), այնպես էլ առևտրային հարկեր (կրիպտոյով միջազգային առևտուրից)։
  • Ներկայումս կրիպտոյով շրջանառությունը չկարգավորված գոտում է, բայց ցանկանում է խելամիտ և համաչափ կարգավորման արդյունքում անցնել, կարգավորված դաշտ։ Այս նախագծի անտրամաբանական և անհամաչափ կարգավորման արդյունքում առաջացած ստվերային շուկան հնարավոր է անդառնալի հետևանքներ ունենա և պետությունը այլևս չկարողանա ոլորտի ահռելի շրջանառության հանդեպ վերահսկողություն սահմանել։
  • Վերոնշյալ կետերով խոչընդոտվում է ոլորտի բնականոն գործունեությունը, ոտնահարվում են տասնյակ ընկերությունների և հարյուր հազարավոր քաղաքացիների օրինական շահերը։ Այս ամենը հարվածում է ոլորտի ներդրումային միջավայրին, ինչպես նաև զսպում է աշխարհում առաջանցիկ աճ ունեցող «կրիպտո տուրիզմը»։ Արդյունքում ոլորտը ոչ թե կարգավորվում կամ վերահսկվում է, այլ ճնշվում է և սահմանափակվում։
  • Միության կողմից առաջարկվող լուծումները`
  • Հաշվի առնելով այն, որ կրիպտո ընկերությունները անցնելու են խիստ լիցենզավորման գործընթաց, դառնալու են ՀՀ ԿԲ-ի կողմից վերահսկվող ֆինանսական կազմակերպություններ և պահպանելու են ՓԼԱՖ վերահսկողության բոլոր ստանդարտները, հարկավոր է վերացնել ոլորտի հանդեպ խտրական մոտեցումը և նախագծից հանել գործարքների իրականացման ծավալային սահմանաչափը։
  • Ե՛վ կանխիկը, և՛ անկանխիկը իրենց ուրույն տեղը ունեն ֆինանսական կազմակերպությունների գործունեության մեջ, հետևաբար հարկավոր է հանել նախագծի մեջ նշված, կանխիկին առնչվող ժամկետային սահմանափակումը` թույլատրելով ոլորտի ընկերություններին իրականացնել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ գործառնություններ ինչպես 2026թ.-ին, այնպես էլ դրանից հետո։

Ամփոփելով, ցանկանում ենք նշել, որ կրիպտո ոլորտը աշխարհում ամենաարագ զարգացող և ամենամեծ հնարավորությունները ընձեռնող ոլորտներից է։ Հայաստանում տարիներ շարունակ ձևավորվել է մեծ շուկա, որը կարելի է կանոնակարգել և զարգացնել` հաշվի առնելով ոլորտի յուրահատկությունները։ Այս առումով կարևոր է ոլորտի հետ բաց և շարունակական երկխոսությունը` որոշում կայացնողների հետ տեղեկատվության փոխանակման համար։ Ոլորտը, ի դեմս «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ի պատրաստ է համագործակցել և ցանկացած ֆորմատով աշխատանքներ տանել` լինի դա օրենսդրության մշակման, քննարկումների, թե կրթական միջոցառումների տեսքով»։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031