«ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օրենքով սահմանված լիազորությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը։
Նա պատասխանում էր հարցին՝ կա՞ Հայաստանում մեկը, որն ամենօրյա ռեժիմով տվյալներ է զեկուցում օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչներին։
Լրագրողները մի քանի անգամ հետաքրքրվեցին՝ պատարագը զեղչելու հորդորը նույնպե՞ս ԱԱԾ-ի՝ օրենքով սահմանված լիազորությունների մեջ է մտնում, որ ԱԱԾ-ականները Նիկոլ Փաշինյանի այցից առաջ գնում եւ հոգեւորականներին նման պահանջ են ներկայացնում։
Եսայի Մկրտչյանը լրագրողների հարցերը շրջանցեց եւ հորդորեց խոսել միայն ԱԺ-ում քննարկվող այն օրինագծերի մասին, որոնք վերաբերվում են ԱԱԾ-ին։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ հոգեւորականների հետ զրուցելու համար ԱԱԾ-ին խնդրանքով էր դիմել եւ հեգնեց՝ փաստորեն, նոր գործառույթ ունի ԱԱԾ-ն։ Եսայի Մկրտչյանը կրկնեց՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում խոսվում էր ԱԱԾ-ի նոր գործառույթի՝ արտաքին հետախուզության մասին եւ պատրաստ է դրա վերաբերյալ հարցերին պատասխանել։ Նա հեռացավ՝ այդպես էլ ոչինչ չասելով ԱԱԾ-ականների՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով հոգեւորականներին այցելելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































