Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը և պետությունը պաշտպանենք»․ Պապոյանը՝ «հիբրիդային հարձակումներին» դիմակայելու համար ԵՄ-ից գումար խնդրելու մասին

Դեկտեմբեր 15,2025 13:19

«Կարծում եմ՝ իհարկե, հնարավոր է լինի հիբրիդային հարձակում, մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դրվի և տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքների մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակի կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա կամ որոշակի երկրներից, որոնք թիրախային չեն ցանկացել, որ ՀՀ-ում լինի ազատ ժողովրդավարություն։ Ընտրությունների և ժողովրդավարության կողմից ընտրված իշխանությունների և երկրների ինքնիշխան իրավունքն է պաշտպանել այդ պետության ու ժողովրդի շահը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը և պետությունը պաշտպանենք»,- լրագրողների փաստմանը՝ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարություն է տարածել, որ Հայաստանն իրենցից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային են շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար, ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցով:

Լրագրողները հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ն այդ հարցում ունի՞ ԵՄ աջակցության կարիքը, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «ԵՄ երկրների ժողովրդավարության փորձն ու պատմությունը և տարբեր տեսակի հիբրիդային հարձակումների՝ իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել»։

Լրագրողների դիտարկմանը՝ այդպիսով ուզում են ՀՀ-ում իրականացնել մոլդովական փորձը, Գևորգ Պապոյանն ասաց․ «Չգիտեմ՝ ինչ սցենար է, քանի որ չգիտեմ՝ մոլդովական փորձը որն է»։

Հարցին՝ դա չի՞ լինի միջամտություն ՀՀ ներքին գործերին, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Ես համարում եմ՝ եթե որպես խորհրդատվություն, աջակցություն է և եթե մի կողմում նժարի վրա երկրի ինքնիշխանություն կորցնելն է, երկրում ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանություն վերցնելը, ակնհայտորեն նախընտրելի է դա, որ բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը որևէ մեկին չհաջողվի։ Այն ուժերը, որոնք կփորձեն նման բան անել, ժողովրդավարությունն իրեն կպաշտպանի, և համապատասխան գիտական մեթոդներ և գործիքակազմ ու ֆինանսավորում պետք է»։

Հարցին՝ իսկ չի՞ կարող ԵՄ-ի կողմից բռնի կերպով վերցվել իշխանությունը ժողովրդի ձեռքից, Գևորգ Պապոյանն արձագանքեց․ «Տեսականորեն բոլոր տեղերից չեմ բացառում։ Մեզ համար կարևոր է, որ մեր ինքնիշխանությանը որևէ ուժ չվնասի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031