Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյքեր, վստահություն և մասնակցություն․ թվային ժողովրդավարության հայկական իրականությունը

Դեկտեմբեր 15,2025 15:49

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ:

-Տիկին Բաթոյան, ինչպե՞ս կհամակարգեք «թվային ժողովրդավարության» հասկացությունը։ Ի՞նչ հիմնական արժեքներ պետք է լինեն դրա հիմքում։

-Այսօր 18 տարեկանները թվային միջավայրում աննախադեպ հնարավորություն ունեն, բայց դրանցից օգտվելու համար անհրաժեշտ է մեդիագրագիտություն։ Առանց մեդիագրագիտության լինելը նույնն է, ինչ գրել՝ առանց տառերն իմանալու։ Ընտանիքը, դպրոցը և պետությունը պետք է ապահովեն, որ մարդը չափահաս դառնալու պահին կարողանա տարբերել պաշտոնական տեղեկատվությունը ֆեյքից։
Խնդիրը հատկապես նկատվում է միջին տարիքի անձանց և մեծահասակների շրջանում, ովքեր հաճախ չեն ստուգում աղբյուրները և արագ խուճապի են մատնվում։ Երիտասարդները, սովորաբար, ավելի հեշտ են կողմնորոշվում, օգտվում են բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ արհեստական բանականությունից։

Պետությունն ու հարթակները միաժամանակ պետք է համագործակցեն՝ ֆեյք էջերի և բռնություն պարունակող բովանդակության վերահսկման ուղղությամբ։

– Ինչպե՞ս կարելի է բարձրացնել քաղաքացիների վստահությունը հանրային քննարկումների և թվային խորհրդատվական հարթակների հանդեպ։

-Վստահությունը մեծապես կախված է մոդերացիայի որակից։ Եթե քննարկման մեջ կա հայհոյանք, մեծ մասը պարզապես լքում է այդ միջավայրը։ Հետևաբար, էջերը պետք է ունենան հստակ կանոններ՝ վիրավորական կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները հեռացնելու վերաբերյալ։
Երբ մարդը տեսնում է, որ քննարկումը ապահով և բովանդակային է, շատ ավելի հեշտ է մասնակցում։

Բացի այդ՝ կարևոր է, որ քաղաքացին տեսնի՝ իր առաջարկը ոչ միայն լսվում է, այլ երբեմն նաև՝ ընդունվում։ Հետադարձ կապը վստահության հիմքն է․ եթե մարդուն երբեք չեն արձագանքում, նա երկրորդ անգամ ակտիվ չի լինի։

– Ի՞նչ քայլեր կարող են նպաստել ավելի հաճախակի և ներգրավող հանրային քննարկումների կազմակերպմանը։

-Հայաստանում ընդունված ձևաչափերից մեկը քաղաքացիների ընդունելություններն են, երբ մարդիկ գալիս են Ազգային ժողով՝ իրենց հարցերով դիմելու պատգամավորին։ Սակայն հնարավոր է, և շատ դեպքերում անհրաժեշտ, այդ քննարկումները տեղափոխել թվային հարթակներ։

Ես մի քանի անգամ կազմակերպել եմ ընդունելություններ՝ հեռավար ձևաչափով. դա հատկապես հարմար է մարզերում ապրողների և տեղաշարժման դժվարություն ունեցողների համար։ Քովիդը ցույց տվեց հեռավար աշխատանքի արդյունավետությունը, և մարդիկ, աստիճանաբար, սովորում են, որ առաջարկը կարող է նույնքան արդյունավետ տեղ հասնել նաև օնլայն։

Վստահությունը բարձրացնում է նաև այն, որ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետը, քաղաքացիների նամակները կարդում են առցանց։ Ես նույնպես կարդում եմ բոլոր նամակները, թեև ոչ միշտ եմ հասցնում պատասխանել։

-Ինչպե՞ս պաշտպանել քաղաքացիների տվյալները և նվազեցնել մանիպուլյացիաների վտանգը։

-Սա, իրականում, բավականին բարդ հարց է։ Օրենքը ունի որոշակի պաշտպանական մեխանիզմներ, բայց եթե քաղաքացին ինքն իր տվյալները չի պաշտպանում, իսկ պետական ու մասնավոր համակարգերը սահմանափակ հնարավորություններ ունեն, լիարժեք պաշտպանվելը գրեթե անհնար է։

Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ երբեմն մարդիկ փորձում են անանուն մնալ, սակայն մի շարք իրավիճակներում, օրինակ՝ աշխատանքի կամ կրթության իրավունքի խախտման դեպքում, խնդիրը չի լուծվի՝ առանց բացահայտ խոսելու։ Պետք է հրաժարվել այն մոտեցումից, թե «ամոթ է բարձրաձայնել»․ պետք է ամաչի այն կողմը, որը խախտումն իրականացրել է։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է Հայաստանը սովորել եվրոպական երկրների փորձից՝ թվային անվտանգության ոլորտում։

-Նախ և առաջ՝ անվտանգության հստակ կանոնները։ Շատ երկրներում՝ նույնիսկ հանրային վայրերում, նկարահանումների վերաբերյալ կան սահմանափակումներ։ Մեզ մոտ անձնական սահմանների պաշտպանությունը դեռ լիարժեք արտահայտված չէ թվային միջավայրում, և այստեղ սովորելու բան ունենք։

 

 

Հարցազրույցը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։

Անի Ավանեսյան, Էրիկ Մանուկյան, Հարություն Սարգսյան, Անահիտ Ավագյան, Շուշանիկ Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031