«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դիրքորոշումը «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2025 թվականի օգոստոսի 7-25-ը հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը։ Հիմնավորումն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պայմանները ծայրահեղ անբավարար են և չեն պահպանում քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող տեխնիկական չափանիշները, բացի այդ, չեն համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին՝ այդպիսով հակասելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին: Նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 100 լրակազմ ունեցող նոր տեղամասում, իսկ նույն հիմնարկի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:
Այդպիսով ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը։
Կարդացեք նաև
Պետք է նշել, որ 2018 թվականից ի վեր Կառավարության համար առաջնահերթ են ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավումը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումը և արդիականացումը, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական հագեցումը։ Այս առաջնահերթությունն ընդգծվում է ինչպես ազատազրկված յուրաքանչյուր անձի համար նվազագույն բնակելի տարածքի ապահովման, այնպես էլ մարդկային արժանապատվությանը համատեղելի անձնական պայմանների ստեղծման տեսանկյունից։
Կառավարությունը կարևորում է նաև ազատազրկված անձանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարելավումը։ Այս նպատակադրմամբ էր պայմանավորված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային անկախության ապահովումը և նրա փոխանցումը Առողջապահության նախարարության ենթակայության տակ՝ այդպիսով երաշխավորելով բուժանձնակազմի մասնագիտական անկախությունը քրեակատարողական համակարգից։
Այս համատեքստում Կազմակերպությունն ուսումնասիրել է Կառավարության որդեգրած մոտեցումներն արտացոլող փաստաթղթերը։ Այսպես, Կառավարության 2019 թվակականի նոյեմբերի 28-ի թիվ 1717-Լ որոշման որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2020-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված էր օպտիմալացնել քրեակատարողական հիմնարկները և բարելավել շենքային պայմանները։ Մասնավորապես, նախատեսված էր․
- Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները, Երևան քաղաքի տարածքում` Սիլիկյան թաղամասում, կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող նոր քրեակատարողական հիմնարկ՝ 200 մահճակալ նախատեսելով բուժման կարիք ունեցող անձանց համար։ Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ նշված գործողությունը չի իրականացվել Կառավարության թիվ 1717-Լ որոշմամբ նախանշված ժամկետներում՝ 2020-2023 թվականներին։
- «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «էրեբունի» ՔԿՀ-ի մասնաշենք։ Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ նշված գործողությունը չի իրականացվել Կառավարության թիվ 1717-Լ որոշմամբ նախանշված ժամկետներում՝ 2020-2023 թվականներին։
- «Հրազդան» ՔԿՀ-ն լուծարել և «Սևան» ՔԿՀ-ի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» ՔԿՀ-ի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 11-ի Կազմակերպությանը տրամադրված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ «Սևան» ՔԿՀ-ի վարչական տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քրեակատարողական ծառայության կողմից իրականացված գնման ընթացակարգերի արդյունքում ձեռք են բերվել համապատասխան նախագծանախահաշվարկային փաստաթղթեր, որոնք անցել են պարզ և համալիր փորձաքննություն։ Նշվածից բխում է, որ նոր մասնաշենքի կառուցմանը վերաբերող գործողությունը չի իրականացվել Կառավարության թիվ 1717-Լ որոշմամբ նախանշված ժամկետներում՝ 2020-2023 թվականներին։ Ինչ վերաբերում է «Հրազդան» ՔԿՀ-ին, ապա վերջինիս գործունեությունը դադարեցվել է Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշմամբ։ Այնտեղ պահվող ազատազրկված անձանց տեղափոխել են հիմնականում «Նուբարաշեն» ՔԿՀ։
- «Գորիս» ՔԿՀ-ն փակել, և դրա փոխարեն կառուցել 350 լրակազմ ունեցող նոր քրեակատարողական հիմնարկ։ Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ նշված գործողությունը չի իրականացվել Կառավարության թիվ 1717-Լ որոշմամբ նախանշված ժամկետներում՝ 2020-2023 թվականներին։«Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծել մինչև 200 լրակազմ ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ: Հիմնարկն ապահովել օդափոխության համակարգով, զարգացնել բժշկական ստացիոնար մասնաշենքի կարողություններ։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 11-ի Կազմակերպությանը տրամադրված տեղեկատվության ուսումնասիրության ընթացքում պարզել ենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում մինչև 200 լրակազմ ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն ուղղված գործողությունն իրականացվել է 2020 թվականին։ Ձեռնարկված շինարարական աշխատանքների արդյունքում հիմնարկի 2-րդ տեղամասում կիսաբաց ուղղիչ հիմնարկի պահման պայմաններ են ապահովվել 192 ազատազրկված անձանց համար։ 2025 թվականի հունիսի 15-ին ընդունված Քրեակատարողական նոր օրենսգրքով նախկին փակ, կիսափակ, կիսաբաց և բաց հիմնարկի պայմանների փոխարեն սահմանվել են անվտանգային գոտիներ։ Այդ համատեքստում կատարված վերագնահատումից հետո 2-րդ տեղամասը ներկայումս օգտագործվում է որպես խցային պայմաններով մասնաշենք։ Թեև Կառավարության թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված ռազմավարությամբ գործողություն նախատեսված չէր, սակայն Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշմամբ դադարեցվել է նաև «Կոշ» ՔԿՀ-ի գործունեությունը։ Այնտեղ պահվող ազատազրկված անձանց տեղափոխել են հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ տեղամասային մասնաշենք՝ այդ ժամանակ նախատեսված կիսաբաց ուղղիչ հիմնարկի պայմաններում պատիժ կրող դատապարտյալների համար։
Ինչ վերաբերում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցնելուն, ապա Կառավարության համապատասխան որոշման նախագծում նշված է, որ վերջինս բխում է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին» Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 627-Լ հրամանից: Այս համատեքստում Կազմակերպությունն ուսումնասիրել է Արդարադատության նախարարի թիվ 627-Լ հրամանը։ Ուսումնասիրության ընթացքում պարզել ենք հետևյալը․
- Նախատեսված էր 2025 թվականի 2-րդ եռամսյակում քրեակատարողական նոր հիմնարկ կառուցելու դեպքում միայն ընդունել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ները փակելու վերաբերյալ համապատասխան օրենսդրություն։
- Նախատեսված էր նաև, որ նույն ժամանակահատվածում Կառավարութունը հաստատում է նոր քրեակատարողական հիմնարկի տեղը, ինչպես նաև ավարտվում են «Սևան» ՔԿՀ-ում նոր հատվածի նախագծման և նախապատրաստական աշխատանքները։
- «Սևան» ՔԿՀ-ում կալանավորված անձանց համար նոր հատվածի շինարարությունը նախատեսված է մեկնարկել 2026 թվականի 3-րդ եռամսյակում, Երևանում նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը՝ 2026 թվականի 4-րդ եռամսյակում։
Քրեակատարողական ոլորտի բարեփոխումները նախանշող վերոնշյալ երկու փաստաթղթերի՝ Կառավարության 2019 թվակականի նոյեմբերի 28-ի թիվ 1717-Լ որոշման և Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի թիվ 627-Լ հրամանի ուսումնասիրությունից հետո Կազմակերպությունն առանձնացրել է մի շարք մտահոգիչ դրույթներ․
- Նախ, ուսումնասիրվող փաստաթղթերում մատնանշված մի շարք գործողություններ չեն իրականացվել ինչպես 2019–2023, այնպես էլ 2024–2025 թվականներին, առկա չեն հաշվետվություններ կամ հրապարակումներ դրանց չիրականացման պատճառների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, կյանքի են կոչվել գործողություններ, որոնք տվյալ փաստաթղթերում նախատեսված չեն եղել։ Այս հանգամանքը նվազեցնում է պետության հաշվետվողականությունը և թափանցիկությունը քրեակատարողական ոլորտի բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև թուլացնում է տվյալ փաստաթղթերի նկատմամբ հանրային վստահությունը։
- Ինչ վերաբերում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին, ապա դրա փակումը նախատեսված է միայն նոր քրեակատարողական հիմնարկ կառուցվելու դեպքում։ Ինչ խոսք, Կազմակերպությունը ողջունում է խնդրահարույց հիմնարկի փակումը, այնուամենայնիվ, մտահոգիչ է այն, հիմնարկում պահվող անձանց «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելը կարող է նոր մարտահրավերներ առաջացնել։
- Մասնավորապես, թեև պաշտոնական հրապարակումներում նշվում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվել է օդափոխության համակարգ, Կազմակերպությունն այցելությունների ընթացքում արձանագրել է, որ այն գործում է խափանումներով՝ պայմանավորված ջրամատակարարման անկայունությամբ։ Այս պայմաններում պարզ չէ, թե արդյո՞ք բժշկական ստորաբաժանման նորաստեղծ տեսամասն ապահովված է լիարժեք օդափոխությամբ, և կատարվու՞մ են արդյոք անհրաժեշտ քայլեր, որպեսզի հիմնարկի տվյալ տարածքում տեղադրված լինելու պարագայում օդափոխության համակարգն աշխատի անխափան։
- Բացի այդ, նախորդ տարիներին Կազմակերպությունը ստացել է մեծ թվով բողոքներ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող այն ազատազրկված անձանցից, ովքեր ունեին սիրտ-անոթային կամ ճնշման հետ կապված խնդիրներ, որոնք սրվում են հատկապես տաք եղանակին՝ հիմնարկի աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով։ Նման առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, հատկապես ստացիոնար բուժում ստանալու պայմաններում, կենսական անհրաժեշտություն է կայուն օդափոխությունը, ինչի հետ կապված, փաստորեն, առկա են օբյեկտիվ մտահոգություններ։
- Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ «Արմավիր» ՔԿՀ-ում մշտապես արձանագրվում են ամենամեծ թվով մահվան, ինքնասպանության, ինքնավնասման և հացադուլ հայտարարելու դեպքերը, ինչը պայմանավորված է այնտեղ պահվող ազատազրկված անձանց մեծ թվակազմով։ Այս դեպքում Կազմակերպությունն ունի հիմնավոր մտահոգություն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, ինչպես նաև այլ քրեակատարողական հիմնարկներից ազատազրկված անձանց ստացիոնար բուժման նպատակով տեղափոխումը «Արմավիր» ՔԿՀ կարող է հավելյալ ծանրաբեռնել հիմնարկը, առաջացնել կառավարման թերացումներ, խորացնել մարդկային ռեսուրսների՝ այդ թվում բուժանձնակազմի պակասը՝ միևնույն ժամանակ հանգեցնելով մահվան, ինքնասպանության, ինքնավնասման և հացադուլ հայտարարելու դեպքերի աճին։
- Բացի այդ, Կազմակերպության համար ամբողջությամբ հստակ չէ, թե ի՞նչ պայմաններում է ապահովվելու «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» տեղափոխված ազատազրկված անձանց խնամքը, անվտանգությունը և հսկողությունը։ Արդյո՞ք կենտրոնն ապահովված է բավարար մահճակալներով, անվտանգության համակարգերով, արդյո՞ք կենտրոնի աշխատակիցները ստացել են համապատասխան վերապատրաստումներ՝ ազատազրկված անձանց հետ մասնագիտական աշխատանք իրականացնելու համար։
- Կազմակերպությանը մտահոգում է նաև այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման ժամանակահատվածը բավականին կարճ էր՝ 2025 թվականի օգոստոսի 7–25-ը։ Բացի այդ, նախագիծն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակելը բավարար չէր իրական հանրային քննարկում ապահովելու համար։ Անհրաժեշտ էր հատկացնել ողջամիտ ժամանակահատված և կազմակերպել աշխատանքային հանդիպումներ ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների և փորձագետների մասնակցությամբ՝ թույլ տալով համակողմանի քննարկել և գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը, ինչը կարող էր նպաստել խնդիրների քարտեզագրմանը և առաջարկվող լուծումների որակի բարձրացմանը։


















































