Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի գործը դնում են գյուղացիների քվեարկությա՞նը, քննարկմա՞նը, գյուղացիներին կանչեի արվեստանոց, հարցնեի՝ ո՞նց եք ուզում անեմ. Լեւոն Թոքմաջյան

Դեկտեմբեր 15,2025 16:09

-Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ գյուղացին պետք է որոշի՝ քանդակը դրվի, թե չդրվի: Ես պատվեր չեմ ստացել, որ քննարկում են: Նվեր եմ տվել, նախօրոք ուղարկել եմ նկարները, գյուղապետն է տեղյակ, Սեւակի թոռն է տեղյակ, տեսել են, ասել են՝ բեր: Թող ասեին՝ մի բեր, ես էլ չէի տանի: Արվեստի գործը դնում են գյուղացիների քվեարկությա՞նը, քննարկմա՞նը: Ճի՞շտ է դա: Ես երկու տարի աշխատել եմ, գյուղացիներին կանչեի արվեստանոց, հարցնեի՝ ո՞նց եք ուզում, որ անեմ: Շատ վիրավորական է: Այ մարդ, թող հանեն, ինչ ուզում են անեն, սա քաղաքական լուծում չէ, արվեստի խնդիր է, գյուղացին շա՞տ է հասկանում քանդակագործությունից,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով Զանգակատան միջնակարգ դպրոցին նվիրած Պարույր Սեւակի իր քանդակին:

Հիշեցնենք, որ Թոքմաջյանի քանդակը մեծ աղմուկ է հանել, այն արժանացել է բուռն քննադատության: 

-Ամբողջ քաղաքը ինձ է զանգում, ես ո՞ր մեկի բերանը փակեմ: Ասում եմ՝ այ ընկերներ, սա արվեստ է: Պարույր Սեւակ չեմ քանդակել: Նվիրել եմ, տակը գրել եմ՝ «Անլռելի զանգակատուն», գաղափարն եմ ներկայացնում Պարույրի տեսքով: Կարող է մի քիչ ձեռքը, քիթը նման չլինի: Հիմա էլ թե ասում են՝ փորով է, հղի կնոջ են նմանեցնում, ինչ հղի կնոջ, եթե քարը տաշել եմ եւ մտել, որ ձեռքն ու գլուխն արտահայտիչ լինի: Ես ո՞նց բացատրեմ, որ դա արվեստ է: Հլը տես՝ ինչեր են ասում, ամեն քանդակի դեպքում էլ, որ մի բան ուզենք, ինչ ասես կգտնենք:

Հիշո՞ւմ եք Առնո Բաբաջանյանի քանդակի համար ինչեր էին ասում՝ է՛լ սատանա, է՛լ կարիճ, բայց բերանները փակվեց չէ, ու քանդակը կա ու սիրելի է: Ես գտնում եմ՝ այս ամենի հետեւում մի խումբ է, որ իմ ամբողջ կյանքում ինձ կճմթել են, ինչ արել եմ, մի բան ասել են: Ինչ ասեմ, թող ինչ ուզում են ասեն, անեն: Առնո Բաբաջանյանի քանդակի հեղինակին էլ՝ Դավիթ Բեջանյանին, այնքան քննադատեցին, բերեցին հասցրին գերեզմանի դուռ, է՞դ են ուզում, ի՞նչ ասեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031