ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ.
«Բարի առավոտ, հարգելի՛ գործընկերներ։
Ուրախ եմ վերադառնալ Բրյուսել. ընդամենը երկու շաբաթ է անցել շատ հաջողված Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդից, որի ընթացքում մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը՝ դրանով բարձրացնելով մեր հարաբերությունները նոր մակարդակի։
Այսօր՝ Արտաքին գործերի խորհրդի ձևաչափով, որը նախագահում էր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդամ պետությունների հետ միասին, մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները՝ տնտեսությունից և ավելի ամուր դիմակայունությունից մինչև անվտանգության հետ կապված հարցեր՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքները, և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Մենք անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայումս շատ կարևոր են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններում։ Մենք նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը. թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար և Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտեցնելու տեսանկյունից։
Իհարկե, կա նաև ավելի մեծ պատկերը՝ տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը և ընձեռվող հնարավորությունները։ Մենք քննարկեցինք և կողջունենք ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում»:
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարություն


















































