Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի գործի քննությունը։ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք կողմ են, որպեսզի այս տարի շարունակվի դատական նիստը։ «Բայց քանի որ վաղը պետք է սրբազանը բուժման տեղափոխվի, չգիտենք, թե հետագա զարգացումը ոնց կլինի։ Բայց մեր դիրքորոշումն այն է, որ մենք ցանկանում ենք, որ այս տարի իրականացվի նիստը»,- նշեց նա։ Նիստը նախագահող դատավորները հայտնեցին, որ դեկտեմբերի 23-ից արձակուրդում են գտնվելու, հետեւաբար, հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 13-ին։
Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել ու հռչակել Գերաշնորհ Միքայել Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Զուգահեռ նաեւ դատախազությունն է վերաքննիչ բողոք ներկայացրել՝ պահանջելով Միքայել սրբազանի պատժի չափը սահմանել ոչ թե 2 տարի, այլ 2,5 տարի ազատազրկում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այս դատավճիռը, որը կայացվել է, ոտքից գլուխ ապօրինություն է։ Եվ այդ խնդիրները, այնպիսի խնդիրներ են, որ նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք է արդարացում տեղի ունենար։ Վերաքննիչ դատարանն այլ հնար չունի օրենքի իմաստով, քան բեկանելու դատական ակտը։ Դատախազությունը նույնպես բողոքարկել է, հիմա ասում են՝ 2 տարին քիչ է, 2,5 տարի է պետք։ Դատախազության կարծիքով՝ 2 տարի ակնհայտ անարդար է եւ պետք է 2 տարի 6 ամիս լինի, ակնհայտ է, չէ՞, որ սա աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի»։
Երեմ Սարգսյանը նշեց, որ այս դատական ակտը կայացվել է այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։ Նրա խոսքով՝ եթե ապացույց կա, որը դատարանում չի հետազոտվել, դրա հիման վրա ցանկացած տեսակի դատական ակտ չի կարող կայացվել։ Հետեւաբար, Վերաքննիչ դատարանի համար սա եւս ակնհայտ եւ պարտադիր պայման է, որպեսզի բեկանի դատական ակտն ու ուղարկի նոր քննության։
Պաշտպանը նաեւ ասաց, որ նախնական տեղեկություններով՝ Միքայել սրբազանը վաղն է տեղափոխվելու հիվանդանոց։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման։ Միքայել սրբազանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































