Լրահոս
Օրվա լրահոսը

Նամականիշի մարում՝ նվիրված «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ» թեմային

Դեկտեմբեր 15,2025 17:29

«Արամ Խաչատրյան» համերգասրահի «Հարմոնիա» սրահում այսօր շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ» թեմային:

Նամականիշի վրա պատկերված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները՝ նվագախմբի 100-ամյակի տարբերանշանի տեսքով: Առկա է նաև «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշի մարման արարողությունն իրականացրեցին՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասաց. «Ամբողջ տարին մեզ համար, իրոք, հոբելյանական էր, և կարծում եմ, որ այսօր ներկա ենք տարվա ամփոփման շատ խորհրդանշական միջոցառման: Իրականացնելու ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված նամականիշի մարումը, որն էլ կդառնա նաև այս տարվա սիմվոլը՝ տարեցտարի փոխանցվող:

Սա նաև լավ առիթ է հիշելու, թե ինչ հագեցած տարի ենք ունեցել և ինչպիսի, եզակի միջոցառումներով է նշանավորվել Ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը։ Վարչապետի որոշմամբ ձևավորվել էր հոբելյանական հանձնաժողով, որը մեծագույն ուշադրությամբ, ելնելով նաև նվագախմբի ներկայացրած ծրագրից, որոշեց տարվա միջոցառումների ցանկը։ Եվ դրանք եզակի էին, նշեմ միայն մի քանիսը. կհամաձայնեք, որ մասնավորապես բրենդավորումը, որի շրջանակում իրականացվեց 100-ամյակը, այնպիսին է, որից կարելի է օրինակ վերցնել: Մենք տեսնում ենք, որ բրենդավորումը նաև օգտագործվել է նամականիշի ձևավորման մեջ և պետք է ասեմ, որ շատ հաջողված է։ Այն անմիջապես աչքի է զարնում թե՛ իր արտաքին տեսքով, թե՛ սիմվոլիկ նշանակությամբ և արժանի է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին։

Բացի դրանից, մենք ունեցանք շատ կարևոր ծրագրեր, որոնցից են մարզային համերգները, ես չափազանց ուրախ եմ, որ պետության աջակցությամբ, նվագախումբը շուրջ 12 համերգներով հանդես եկավ Հայաստանի տարբեր մարզերում, դրանք բոլորը անցան լեփլեցուն դահլիճներում, և ևս մեկ անգամ վկայեցին, որ մեզանում բարձր արվեստը և դրա հանդեպ հետարքրքությունը գնահատված է, և հանդիսատեսը սպասում է նվագախմբի համերգներին: Հուսով եմ, որ այս քաղաքականությունը մենք կշարունակենք նաև հոբելյանական տարվա շրջանակից դուրս։ Ուրախությամբ եմ նշում Պերսեպոլիսում կայացած նշանակալի համերգի մասին, իսկապես, այն եզակի էր, որը հնարավորություն տվեց այդ պատմական վայրում ունենալ բացառիկ համերգ, և կարծում եմ, համերգի թե՛ լուսաբանումը և թե՛ այդ օրը ունեցած արձագանքը ցույց է տալիս, որ ֆիլհարմոնիկ նվագախումբը այդ իմաստով նաև իր 100-ամյակը պատմական իրողություն դարձրեց։

Երևանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հոբելյանական տարվա շրջանակում ունկնդրել նաև աշխարհահռչակ արտիստների, որոնք համագործակցեցին նվագախմբի հետ՝ Յուջ Վանգ, Վալերի Գերգիև, Բորոդին քառյակը, որոնց ելույթները հարստացրեցին մեր հոբելյանական տարին:

Ասելիքն, իսկապես, շատ է, և սա միայն բովանդակային ծրագրի շրջանակներում չի: Հարգելի գործընկերներ, ես կուզեմ մի թիվ հնչեցնել, երբ խոսքը գնում է նվագախմբի հանդեպ պետության ցուցաբերած վերաբերմունքի մասին: Բացի ամենամյա ֆինանսավորումից, որը, բնականաբար տրամադրվում է նվագախմբի գործունեության համար, և որն ինքնին զգալի գումար է՝ շուրջ 920-930 միլիոն դրամ: Բայց դրանից, պետությունը վերջին տարիներին Ֆիլհարմոնիկ նվագախմբի պատշաճ գործունեության և զարգացման համար կատարել է 1.379.000.000 դրամի ներդրում, և այստեղ առաջին հերթին կուզեմ առանձնահատուկ ընդգծել կապիտալ ծախսերը, որոնք իրականացվել են, որպեսզի նվագախմբի գործունեությունը կազմակերպվի պատշաճ պայմաններում՝ սկսած դահլիճի աթոռների վերանորոգումից, անհրաժեշտ կապիտալ այլ ծախսերից մինչև համերգասրահի համար ձայնահնչյունային նոր համակարգի ձեռքբերման աշխատանքները, որոնք մեզ հնարավորություն կտան նոր հնչողությամբ նաև վայելել բարձր արվեստը։ Շատ բան կարող ենք խոսել, որովհետև ուրախությամբ կարող ենք նկատել, թե վերջին տարիներին նվագախմբի գործունեությունն ինչ բազմաբնույթ է դառել, ինչպիսի տարբեր հարթակներում է նվագախումբը ներկայանում: Հուսով եմ, որ 100-ամյակի հոբելյանական տարին մի նոր մեկնարկ է լինելու, բովանդակալից և հագեցած գործունեության նոր 100-ամյակի սկզբի համար:

Իհարկե, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նվագախմբի ներդրած ջանքերի համար, մաղթում եմ նորանոր հաջողություններ»։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց. «Մեծարգո տիկին նախարար, մեծարգո պարոն նախարար, մեծարգո պարոն փոխնախարար, սիրելի ներկաներ։ Ինձ և իմ երաժիշտ ընկերներին բախտ վիճակվեց, որ նվագախմբի այսքան կարևոր ժամանակահատվածում՝ 100-ամյա հոբելյանական տարում, հենց մենք եղանք այն մարդիկ, ովքեր ներկայացրեցին նվագախումբը թե Հայաստանում, թե արտերկրում: Անչափ շնորհակալ եմ մեր կառավարությանը, որ իսկապես, ամեն ինչ արվեց թե նվագախմբի առաջխաղացման ու պատշաճ ներկայացման, թե համերգասրահի բարեկարգման համար: Դահլիճը, անշուշտ, բացի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի տունը լինելուց, իհարկե, Հայաստանի կարևորագույն համերգասրահն է, և տեսեք, թե այդ ներդրումների և աշխատանքների արդյունքում ինչ տեսք է ստացել: Այն բառիս բուն իմաստով մինուս 4 հարկից մինչև կտուրը վերանորոգվել է, զինվել բոլոր տեխնիկական հնարավորություններով՝ ձայնային, լույսային է, ձայնագրության առումով հիմա ունենք լավագույն տեխնիկան, որ թույլ կտա լավագույն ձայնագրություններն իրականացնենք հենց մեր դահլիճում: Եվ ընդհանրապես, տիկին նախարար, մենք տեսել ենք, թե ինչպես եք մեր կողքը եղել և շատ-շատ շնորհակալ ենք Ձեզ, շատ ենք գնահատում և, անշուշտ, առանց պետության ուշադրությանը ոչինչ հնարավոր չէր լինի անել։ Հիմա էլ ասեմ, որ վերանորոգվում է դահլիճ երգեհոնը, որը շատ տարիներ առաջ անիրականացնելի խնդիր էր: Մի խոսքով, Հայաստանի մայրաքաղաք Երևանը կունենա և արդեն ունի համաշխարհային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող համերգային դահլիճ: Այժմ Հայաստան են գալիս աշխարհի լավագույն երաժիշտները, և ես վստահ եմ, որ մենք հիմա կարող ենք գլուխներս բարձր ընդունել նրանց, առանց որևէ բանից նեղվելու:

Շատ շնորհակալ եմ և շատ հուզիչ է նաև այս նամականիշի առկայությունը, որ ֆիլհարմոնիկի 100-ամյակի տարբերանշանի պատկերով է: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ մեր տնօրենին, որը որ նոր եռանդ և ապագայի նոր տեսլականներ բերեց ֆիլհարմոնիկ: Բոլորս հույս ունենք, որ էլ ավելի լավ պետք է լինի»:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասաց. «Այսօր հայ ֆիլատելիստների համար շատ կարևոր օր է, որովհետև մենք հանրահռչակում ենք մի նշանակալից իրադարձություն՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-յակը: Ես չեմ դադարում նամականիշների մարման ժամանակ միշտ հիշեցնել, որ աշխարհում ընդունված է, որ պետական այրերը պաշտոնական հանդիպումների ժամանակ հաճախ նվիրում են իրենց երկրի ազգային նամականիշների հավաքածուները՝ դրանով կարևորելով իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների, պատմական իրողությունների, մշակութային արժեքների դերը: Ճիշտն ասած, գալուց առաջ փորձեցի, հետազոտել, թե ո՞ր երկրներն են իրենց ֆիլհարմոնիկ նվագախմբերի վերաբերյալ համակարգիչներ թողարկել: Պարզվեց, որ այդ ցանկը բավականին փոքր է՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան և էլի մի քանիսը: Այսինքն, այն երկրներն են, որոնք, իսկապես, մշակութային արժեքները շատ են կարևորվում են և դա ազգային և մշակութային ինքնության կարևոր դրսևորում է:

Շատ ուրախ եմ այսօրվա համար, նաև մաղթում եմ, որ մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ, Ազգային ֆիլհարմոնիկը նոր նվաճումներ ունենա: Իսկապես, սահմանված նշաձողը շատ-շատ բարձր է, և մենք բոլորս հպարտանում ենք դրանով: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, շնորհավորում եմ բոլորիս»:

 

380 դրամ արժեքով նամականիշի վրա պատկերված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված տարբերանշանի տեսքով։ Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրականը, ընդհանուր՝ 10.000 օրինակով։ Դիզայնի հեղինակը «Բեքբոն բրենդինգ» ընկերությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031