Սոցիալական մեդիան դարձել է քաղաքականության ամենաազդեցիկ հարթակներից մեկը Հայաստանում։ Եթե տարիներ առաջ քաղաքական գործիչը կարող էր ներկայանալ միայն հեռուստաեթերով կամ մամուլի ասուլիսներով, ապա այսօր սոցցանցերից կտրված գործիչը պարզապես կորցնում է իր ազդեցությունը։ Սոցմեդիան տալիս է ուղիղ կապ, արագ արձագանքման հնարավորություն և ինֆորմացիայի տարածման աննախադեպ մասշտաբ, բայց նաև բերում է մանիպուլյացիաների, ատելության խոսքի և բևեռացված միջավայրի խնդիրներ։
Քաղաքական գործի՞չ, թե՞ ինֆլյուենսեր
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշում է, որ սոցցանցերում ստեղծվել է նոր իրականություն, որտեղ ինֆլյուենսերները հաճախ նույն կամ երբեմն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան՝ ընտրված պաշտոնյաները։ «Ազդեցության ֆունկցիան տեղափոխվել է սոցիալական հարթակներ։ Քաղաքական գործիչը պետք է կարողանա լինել նաև սոցիալական ինֆլյուենսեր, այլապես նա պարզապես կդադարի լինել ազդեցություն ունեցող մարդ»,- ասում է պատգամավորը։
Այս պայմաններում սոցիալական գործիքներին տիրապետելը դառնում է մրցակցային առավելություն։ Ղազարյանը հիշեցնում է 2 օրինակ՝ վարչապետի հասանելիությունը Facebook-ում, որը ձևավորում է քաղաքացիների հետ օրգանական կապ, և Վարդան Ղուկասյանի ֆենոմենը, որը սոցիալական մեդիայի ճիշտ օգտագործման միջոցով հաղթահարեց մայրաքաղաքի ընտրությունների շեմը։
Կարդացեք նաև
Սակայն պատգամավորն ընդգծում է՝ սոցցանցերի գլխավոր մարտահրավերը բևեռացված ու կարծրացած հանրային դիսկուրսն է։ «Նիկոլական–հականիկոլական» բաժանումը հաճախ ոչ մի տեղ չի թողնում փաստարկված քննարկման համար։
Իսկ երիտասարդների քաղաքական ներգրավվածության վերաբերյալ նրա մոտեցումը հակադիր է տարածված մտքին․ «Երիտասարդների ցածր ներգրավվածությունը հաճախ լավ նշան է։ Նրանք ակտիվանում են, երբ որոշումները անմիջական ազդեցություն ունեն իրենց կյանքի վրա»։
Ընդդիմադիրների միակ հարթակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցերի մասին այլ կարծիք ունի։ Ըստ նրա՝ սոցցանցերը դարձել են ընդդիմադիրների հիմնական ամբիոնը, քանի որ ավանդական մեդիան հաճախ ընտրովի է կամ կողմնակալ։ «Սոցմեդիան միակ տեղն է, որտեղ կարող ես խոսել առանց աղավաղման և գրաքննության»,- ասում է պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանության կողմից տարիներ շարունակ ստեղծված ֆեյքային ցանցերը սրացում են բերում հանրային դաշտում՝ տարածելով ատելության խոսք, անձնական վիրավորանքներ և թիրախավորված քարոզչություն։ Սա խեղում է հանրային քննարկումները՝ մարդկանց դարձնելով ոչ թե գաղափարների, այլ՝ արհեստական կերպարների կողմնակից։
Միաժամանակ, սոցցանցերը հաճախ դառնում են քաղաքացիների խնդիրների հասցեագրման կարևոր գործիք։ Քաղաքացիները պատգամավորներին ուղարկում են իրենց համայնքների կոնկրետ խնդիրները, որոնք երբեմն դառնում են հարցապնդումներ խորհրդարանում կամ լրատվական թեմա։
Թովմասյանը շեշտում է նաև սոցցանցերում կանանց դեմ իրականացվող հարձակումների սրությունը․ «Ֆեյքային բանակները թիրախավորում են ընտանիքը, երեխաներին, արտաքինը, որպեսզի լռեցնեն և դուրս մղեն քաղաքականությունից։ Շատ կանայք հենց դրա պատճառով չեն մտնում քաղաքականություն»։
Պատգամավորը հավելում է՝ սոցցանցում ակտիվ լինելը օգտակար է միայն այն դեպքում, երբ գործիչն ունի հստակ ասելիք և գիտի՝ երբ պետք է լռել․ հասարակությունը շատ արագ տարբերում է անկեղծ խոսքը «էկրանային» խոսքից։
Մեդիա մարտեր, մանիպուլյացիաներ և Telegram-ի դոմինանտությունը
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտը էապես փոխվել է։ Եթե Facebook-ը մնում է քաղաքական բանավեճի տեսանելի հարթակը, ապա Telegram-ը դարձել է մանիպուլյացիաների և թաքնված ճնշումների հիմնական գործիքը։
«2018-ից հետո սոցցանցերը դարձան իրական մեդիա կռիվների վայր։ Բարձր մակարդակի բանավեճը պահվում է Facebook-ում, իսկ կոպիտ ու մանիպուլյատիվ գործիքակազմը տեղափոխվել է Telegram»,- նշում է նա։
Մարտիրոսյանը նաև ընդգծում է հայկական ավանդական մամուլի կախվածությունը քաղաքական ուժերից, ինչի պատճառով շատ լրատվամիջոցներ ծառայում են որպես կազմակերպված մանիպուլյացիոն համակարգեր։ Հետևաբար, քաղաքականության մեջ հաջողության բանաձևը դարձել է մեդիա-կենտրոնացված ձևաչափը։ «Աշխարհն արդեն այդ ուղղությամբ է գնում։ Պետք է հասկանալ տարբեր լսարանների տրամաբանությունը և աշխատել նրանց հետ անհատական»։
Փորձագետի առաջարկած լուծումներից մեկը «մեդիա սոցիալական աշխատողի» ինստիտուտն է՝ մասնագետ, որը մշտապես հետևում է հասարակության տարբեր շերտերի տոնայնությանը և ձևավորում քաղաքական գործչի արձագանքները։
Սոցիալական մեդիան Հայաստանին տվել է քաղաքական խոսքի նոր ամբիոն՝ ավելի ազատ, բայց նաև՝ ավելի խոցելի։ Չնայած թվային հարթակների հսկայական ազդեցությանը, քաղաքականությունը վերջնական հաշվով մնում է կենդանի շփման դաշտ։
Քաղաքական մշակույթի բարելավումը կսկսվի այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները սոցցանցերը կօգտագործեն ոչ թե հարձակումների, այլ՝ փաստարկված խոսքի և հանրությանը մոտ լինելու համար։
Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։
Կարեն Կոլոսով, Մարիամ Ասոյան, Նունե Գրիգորյան, Նռանէ Բալայան





















































