Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու օրենքը հաղթում է միշտ. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Դեկտեմբեր 15,2025 19:30

Պետրոս Ա Գետադարձի օրոք տեղի ունեցածը բացառիկ պատմական նախադեպ է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ անխուսափելի տխուր վերջաբան է սպասում այն առաջնորդին, որի ընտրությունն իրականացվում է ոչ թե Եկեղեցու կանոնական մարմինների, այլ քաղաքական իշխանության բռնի և ապօրինի միջամտությամբ։

1038-1039 թթ․ ներեկեղեցական իրադարձությունների զարգացումները ծանր հարված հասցրեցին թագավորական իշխանությանը, նաև՝ Եկեղեցուն։ Թագավորը, փորձելով բռնի ուժով և ապօրինաբար գահընկեց անել Պետրոս կաթողիկոսին և «Աստծո կամքին հակառակ» (Ուռհայեցի, 1973, էջ 51) գահ բարձրացնել իր «սրտի թեկնածու» Դիոսկորոսին, ոչ միայն չկարողացավ ամրացնել իր դիրքերը, այլև առաջ բերեց հոգևոր դասի լայն դժգոհությունը։ Թագավորի անմիջական միջամտությամբ աթոռազրկված Պետրոս կաթողիկոսի նկատմամբ կիրառված բռնությունը և ապօրինաբար գահ բարձրացած կաթողիկոսի հակականոնական ձեռնադրությունները փլուզեցին ներքին կայունությունը, սրեցին հարաբերությունները Եկեղեցու ու ժողովրդի հետ և վարկաբեկեցին թագավորական իշխանության հեղինակությունը՝ սասանելով երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին անվտանգությունը։

Ի վերջո, ճնշման տակ պալատական կաթողիկոսը շուրջ մեկ տարի անց տապալվեց․ ժողովուրդը չընդունեց նրան, եպիսկոպոսները չհամաձայնեցին հիշատակել նրա անունը, իսկ հոգևորականները դիմադրեցին նրան՝ չճանաչելով նրա կաթողիկոսությունը և արարողությունների ժամանակ նրա անունը չհիշատակելով․ «Դիոսկորոսը չարչար խաբվեց և կորցրեց իր վայելած անչափ պատիվը նրա ձեռնադրությունը ոչ ոք չճանաչեց, ինչպես օրենքն է սուրբ աթոռի, նրա անունը եկեղեցու մեջ մյուս հայրապետների շարքում չհիշվեց, քանզի արժանի չգտան նրան նման պատվի։

Նրա ձեռնադրությանը չմասնակցեցին ո՛չ եպիսկոպոսները, ո՛ քահանաները, ո՛չ էլ վանահայրերը» (Ուռհայեցի, 1973, էջ 51)։ Երբ հանրային դժգոհությունն աճեց, նույն իշխանությունն ստիպված եղավ ետ նահանջել՝ հրաժարվելով պառակտիչ քաղաքականությունից ու գահը վերադարձնել Պետրոս կաթողիկոսին, որին իրենք էին անօրինաբար բռնի ուժով հեռացրել․ «Հայոց երկրի եպիսկոպոսներն ու վարդապետները եկեղեցին խռովելու պատճառով նզովեցին թագավորին ու հայոց իշխանները անեծքի ահից սարսափած, որոշեցին վերականգնել տեր Պետրոսին իր աթոռի վրա» (Ուռհայեցի, 1973, էջ 51)։ Իսկ Պետրոս կաթողիկոսը միայն այն պայմանով համաձայնեց վերադառնալ, որ իր վերադարձը կատարվի ոչ թե թագավորի հրամանով և ցանկությամբ, այլ կանոնական ժողովի որոշմամբ․ «Ժողովը սուր քննադատության և պարսավանքի ենթարկեց Դիոսկորոսին, պատվազուրկ արեց և հայրապետական աթոռից ցած առավ։ Նրա բոլոր ձեռնադրածներին բանադրեցին, որպեսզի այսուհետև նրանցից ոչ ոք քահանաների շարքին չդասվի» (Ուռհայեցի, 1973, էջ 52)։

Պատմական այս իրադարձությունը հստակ մի բան է ցույց տալիս. Եկեղեցու առաջնորդի վրա իշխանական ճնշումը ոչ միայն չի ապահովում իշխանությունների ուզած «հնազանդ» կաթողիկոսին, այլ բերում է հակառակ արդյունքին՝ պառակտում, ընդվզում, անվստահություն, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ։

Այսպիսով՝ պատմությունը հաստատում է. ով էլ լինի իշխանությունների նախընտրած «սրտի թեկնածուն», նրա գահակալությունը երկար չի տևի։ Միշտ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը։

 

Տեր Արարատ քահանա Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031