Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության առաջնահերթությունն է ձևավորել թվային անվտանգ միջավայր, որտեղ հանրության բոլոր շերտերը թե´ երեխաները, թե´ երիտասարդները և թե´ մեծահասակները պետք է լինեն պաշտպանված. Մխիթար Հայրապետյան

Դեկտեմբեր 15,2025 21:45

Դեկտեմբերի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։

Հուշագիրը վավերացրին ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը։

Շնորհավորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրման առիթով՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ եռակողմ համագործակցության այս ձևաչափը ամիսներ շարունակ իրականացված համակարգված աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Նախարարը կարևորել է հուշագրի նշանակությունը՝ երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։

«Պետության առաջնային պարտավորությունն է ոչ միայն արձագանքել տեխնոլոգիական զարգացումներին, այլև կանխատեսել դրանցից բխող կիբեռվտանգները։ Այդ համատեքստում Կառավարության առաջնահերթությունն է ձևավորել թվային անվտանգ միջավայր, որտեղ հանրության բոլոր շերտերը թե´ երեխաները, թե´ երիտասարդները և թե´ մեծահասակները պետք է լինեն պաշտպանված: Սա այն մարտահրավերներից է, որը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով՝ միավորելով պետական, կրթական և գործընկեր կառույցների ներուժը», – նշել է նախարարը։

Այս աշխատանքներում նախարար Հայրապետյանը կարևորել է  պատշաճ կրթության անհրաժեշտությունը՝ կիբեռգրագիտության, մեդիագրագիտության, կիբեռհիգիենայի ապահովման  ուղղությամբ։

Հուշագրի կարևորությունն ընդգծել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կիբեռանվտանգությունը ժամանակակից աշխարհի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, և միայն համատեղ գործակցությունը կարող է ապահովել առավել պաշտպանված միջավայր։ Նախարար Անդրեասյանի խոսքով՝ տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը գնահատելուն զուգահեռ անհրաժեշտ է դրանք գրագետ և նպատակային կերպով ներառել կրթական համակարգում, քանի որ տեխնոլոգիական կրթությունն ու գրագիտությունը ժամանակակից մարդու համար անհրաժեշտություն են։ Նրա համոզմամբ՝ պետք է ոչ թե մերժողական վերաբերմունք ցուցաբերել, այլ կշռադատված որոշումներով տեխնոլոգիաները դարձնել գիտելիքի արդյունավետ ռեսուրս։

Համատեղ հուշագրի կարևորության մասին խոսել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը՝ նշելով, որ թվային տեխնոլոգիաները երեխաների և դեռահասների առօրյա կյանքի անբաժանելի մասն են, որոնք միաժամանակ ստեղծում են թե՛ նոր հնարավորություններ, թե՛ նոր ռիսկեր։ Նրա խոսքով՝ երեխաների առցանց անվտանգության ապահովումը պահանջում է բազմոլորտ և համակարգված համագործակցություն՝ ուղղված անվտանգ և պաշտպանված թվային միջավայրի ձևավորմանը։

Հուշագրի շրջանակում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանն ուղղված ֆինանսավորման համաձայնագիր է ստորագրվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև։

Հատկանշական է, որ անչափահասների առցանց անվտանգության և պաշտպանության ապահովման աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ 865-Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է։ Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության նախարարների տեղակալները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031