Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հակոբյանը` Ալի Աքբար Վելայաթիին. Երևանը հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները

Դեկտեմբեր 15,2025 21:30

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ: Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները:

Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:

Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «ԹՐԻՓ ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի  փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար:

ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հարցերի վերաբերյալ շարունակական երկխոսությունների ու խորհրդակցությունների անցկացումը։

 

Իրանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031