44-օրյա պատերազմում նահատակված հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, «Հայելի» ակումբում ասաց. «Մեր զավակները, որոնց մենք իսկապես համարում ենք անմահացած, սա, որ հրաժարվում է Արցախից, ուզում է ոչնչացնել, անմահականներին իսկապես սպանել։ Այս դուխով փալասները, այս դավաճանախումբը, որի մեջ ոչ ազգ, ոչ հայրենիք կա, տեսնում ենք, որ արդեն բաց է հանդես գալիս։
Տարին ավարտվում է, եւ ազգապահպան մեր հանճարներից Ավետիք Իսահակյանի 150-ամյակն էր։ Եթե իշխանություն լիներ, Հայաստանը եթե պետություն լիներ, նման մեծ գրողի, ում իսկապես մեծ գնահատանքի են արժանացրել աշխարհով մեկ եւ, ինչպես Բլոկն էր ասում, «Աշխարհում նման տաղանդ չկա», այս ողորմելիները անդրադարձ չարեցին, ակադեմիական մոտեցում ցույց չտվեցին այդ հզոր, մեծ գրողին, որ իսկապես ազգապահպան երեւույթ է։ Դա չարվեց։ Ես հիմա ուզում եմ հիշել՝ ովքեր կան։ Կա մեկը, որ գնում, դիակների հետ սելֆի է անում։ Բա, գնայիր Պանթեոնում մի հատ էլ Իսահակյանի արձանի հետ սելֆի անեիր։ Գոնե կասեինք, որ բացի դիակներից, անմահականների հետ էլ է սելֆի անում։
Դուք արդեն ոչ միայն ապրող հայերից, այլեւ անմահական հայերից եք վախենում։ Մի վախեցեք, այ չարքապատկաններ։ Ես հիմա տեսնում եմ, որ Հայաստանում դանդաղ ուզում եք կերտել մի նոր աղանդ, որը «մահվան լռություն» է կոչվելու որպես քույր աղանդ «կյանքի խոսքի»։ Դուք դա եք անում»։
Անդրադառնալով իշխանության վարած ներքին քաղաքականությանը, որը ըստ բանախոսի տանում է մեր ինքնության ոչնչացման, Խաչիկ Մանուկյանը համեմատություն անցկացրեց 1915 թվականի ցեղասպանության հետ։ «Սրանք ամեն ինչ ջնջում են, ոչ թե կյանք, ինքնիշխանություն են խոստանում, այլ լափ են խոստանում։ Ու չեն խաբում։ Ասում են՝ դուք ոչ երազելու իրավունք ունեք, ոչ Արարատը որպես Սուրբ լեռ ձեր հոգում կրելու իրավունք ունեք։ Արարատը, որ մեր տարածքում չէ, բայց մեր սրտում է, հոգում է, ասում են՝ դրա իրավունքն էլ չունեք։ Այսինքն, դա նշանակում է, որ մարդկային որեւէ արժեք դու իրավունք չունես քո մեջ կրելու։ Քո մտքում, քո հոգում ու սրտում անգամ։
Կարդացեք նաև
Եվ այդ ամեն ինչով մարդուն այսպես ոչնչացնե՞լ։ Ցեղասպանության օրերին շատ ավելի բարեխիղճ են եղել՝ ֆիզիկապես ջնջել են։ Իսկ սրանք հոգեպես ոչնչացնում են, սարքում բույս ու ասում են՝ մնա մինչեւ քեզ տրորեն»,-ասաց որդեկորույս Խաչիկ Մանուկյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































