Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը

Դեկտեմբեր 16,2025 10:00

Ինձ շարունակում են հարցնել՝ «Բա ո՞ւմ եք դուք տեսնում Փաշինյանի փոխարեն: Ես, օրինակ, նորմալ առաջնորդ չեմ տեսնում»: Այդպես են մարդիկ փորձում արդարացնել իրենց կրավորական դիրքը, թուլությունը, ծուլությունը: Գուցե նաեւ՝ վախը, որովհետեւ, ինչպես արդեն գրել եմ, քաղաքական հետապնդումները, պետական եւ ոչ պետական հիմնարկներում «ստուկաչությունը» հասել են աննախադեպ մասշտաբների:

Բայց քանի որ հարցը տրված է, նորից պատասխանեմ: Ենթադրենք, առաջիկա ընտրություններին մասնակցելու է 10 կուսակցություն կամ դաշինք (իրականում կարող է ավելի շատ լինել՝ պարզապես օրինակ եմ բերում): Բացի ՔՊ-ից՝ կլինի նաեւ դրա 2-3 արբանյակ-կուսակցություն, որոնց ընտրական գործընթացի մեջ մտնելու նպատակը մեկն է լինելու՝ աջակցել, որ ՔՊ-ն հաղթի եւ, որոշակի դասավորության դեպքում, ՔՊ-ի հետ դաշինք կազմել կամ, բացառված չէ, «ընդդիմություն խաղալ»:

Մնացած, պայմանականորեն ասած, 6 քաղաքական ուժերը անկեղծորեն ցանկանում են, որ Փաշինյանը հեռանա: Ահա այդ 6 ուժերից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ցուցակի առաջին համարին, այսինքն՝ վարչապետի թեկնածուին ես տեսնում եմ Փաշինյանի փոխարեն:

«Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի՞ն», – «սադրիչ» հարց կտաք դուք: Ինչ խոսք, Փաշինյանից հետո, նա ինձ համար ամենաանցանկալի թեկնածուն է: Քաղաքական բռնաճնշումների, որեւէ քննադատություն չընդունելու, մանր, քինախնդիր բնավորությամբ եւ բազմաթիվ այլ առումներով այդ երկուսն իրար նման են, հավասար են: Ի դեպ, հաշվի առնելով այդ հանգամանքները, ես երկրորդ նախագահի շանսերը բարձր չեմ գնահատում:

Բայց Քոչարյանն իր իշխանության 10 տարիների ընթացքում երբեք փորձ չէր արել եւ հիմա էլ, եթե, զուտ տեսականորեն, վերադառնա իշխանության, չի համարձակվի ձեռք բարձրացնել Հայ առաքելական եկեղեցու վրա: Դրա համար պետք է լինել անպատկառ, կապը կտրած, սեփական «առաքելության» մասին ինչ-որ ցնորային ֆանտազիաներ ունեցող մոլագար:

Իհարկե, մեծ հույս եւ գրեթե վստահություն ունեմ, որ առաջիկա ընտրություններում Քոչարյանը չի լինելու Փաշինյանի հիմնական մրցակիցը: Բայց եթե ուղիղ հարց է տրվում, ուղիղ պատասխան տամ՝ այո, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Սահակ says:

    Բրավո Պարոն Աբրահամյան։
    Համոզված եմ, որ ցանկացած Հայաստան սիրող մարդ պետք է այդպես մտածի։ Ինքս 2021 թվականին նույն տրամաբանությամբ եմ գործել , և նույնպես շատ մեծ հույս ունեմ, որ 2026 թվականին այլ հիմնական հակառակորդ է լինելու, և իրոք պետք է բոլորս ունենանք մեկ նպատակ, երկիրը , մեր ինքնությունն ու երեխաների ապագան փրկենք գործող չարիքից

  2. Նարեկ says:

    Ճիշտ ա, որ լավ կլիներ, որ ընտրեինք մարդկանց, ովքեր էլ ընտրում են մեր կյանքի բարեկեցությունն ու արժանապատվությունը, մեր անվտանգությունը, մեր հաջողությունը, արդարությունը, առաքինությունը։

    Բայց եթե ընտրությունը Փաշինյանի ու իր համակարգի և Քոչարյանի ու իր համակարգի միջև լինի, ես շաբաթվա ամեն օր Քոչարյանին կընտրեմ։

    Ուրացումը, դավաճանությունը մարդկային բարոյականության ամենացածր աստիճանն են։ Ուրացող իշխանությանը հանդուրժելով մարդիկ ինչի ասես կհարմարվեն։ Փաշինյանը կոնֆլիկտից բացի շատ ուրիշ առաջարկ չունի մեր ժողովրդին, հոգեպես ու մտավոր չեն աճում ՔՊ֊ում, դեռ ավելի բարոյական անկում են ապրում։

  3. Նարեկ says:

    Քոչարյանը գոնե հետևում ա իր ֆիզիկական վիճակին Փաշինյանի փոխարեն, Փաշինյանի հեծանիվ քշելն ա անգամ կեղծ։ Մի ժամանակ էր, որ երկար֊բարակ գրածները կարդալիս՝ Փաշինյանը մտածող մարդու տպավորություն էր թողնում։ Պարզվում ա նորմալ խոսալ էլ չգիտի։ Կարող ա գիտեր, հիմա որ չգիտի։

    Կարող ա Փաշինյանն իրան դժոխքում ա զգում, կարող ա տառապում ա հոգեպես, կարող ա ցինիզմով ու դեղերով ա հարմարվում, էդ ամենը ափսոսալի ա։ Ինչ էլ որ ա, ակնհայտ ա, որ Փաշինյանը իր ճգնաժամերը չի հաղթահարել ու դեռ ներազգային կոնֆլիկտի տարբերակներ ա շարունակ մտածում՝ փոխանակ իր կոնֆլիկտները լուծի։ Փաշինյանը պետք ա իշխանությունից հեռանա։

    Մեր երկիրն ավելի լավ առաջնորդության ա արժանի։

  4. Դավիթ says:

    Այնպիսի տպավորություն է, որ դուք, պարոն Աբրահամյան, ավելի շատ քրիստոնյա եք, քան հայ։ Դուք նորից իրենց հավասարեցնում եք։ Այսինքն՝ եթե Փաշինյանը եկեղեցու դեմ չսկսեր այս արշավը, դուք նորից, 2021-ի նման, կասեիք. «Երկուսն էլ հավասարապես վատն են, բայց ես կնախընտրեմ Փաշինյանին»?? Արցախի, Հայաստանի ու բոլոր հայերի ճակատագիրը ձեզ համար որևէ նշանակություն չունե՞ր ու չունի՞ փաստորեն, միայն եկեղեցին է կարևո՞ր։ Ես չեմ հասկանում ձեզ. մարդիկ Քոչարյանին են ընտրում, որ երկիրը, քաղաքացիները ապագա ունենան, չդառնան քոչվոր, իսկ դուք…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն՝ ինձ պարբերաբար սովորեցնելու համար, թե ինչպիսի հայ եւ ինչպիսի ՀՀ քաղաքացի ես պետք է լինեմ: Ձեր հմուտ ուղղորդմամբ ես կվերասդիարակվեմ:

  5. Լավատես says:

    Ռազմավարական դաշինք հնարավոր է միայն այն ուժերի միջեւ, ովքեր հնարավորություն ունեն իրար ռազմավարական գոյաբանական վնաս հասցնելու, եթե մեկը կարող է նման վնաս հասցնել, իսկ մյուսը՝ ոչ, սրանց միջեւ ռազմավարական դաշինք չի կարող լինել: Եթե մենք պատերազմ հայտարարենք Վրաստանին եւ դրա արդյունքում դառնանք ռազմավարական դաշնակից, մենք միասնական ուժերով Վրաստանի հետ միասին պատերազմ կհայտարարենք Իրանին եւ այդ պատերազմի արդյունքում Իրանի հետ կստեղծենք դաշինք, միասնական ճակատով Վրաստանի ու Իրանի հետ միասին կհարձակվենք Հունաստանի վրա.. Ո՞րն է պատերազմի իմաստը. պատերազմը հեռացնում է ոչսուբյեկտ հիվանդածին կառավարությունը եւ փոխարինում առողջ ազգային սուբյեկտ իշխանությամբ, որն իր ժողովրդի մեջ սերմանում է սուբյեկտություն եւ քաղաքական բարձր մակարդակ:
    Մեր քաղաքական դաշտը նույնպես բաղկացած է սուբյեկտ եւ ոչսուբյեկտ ուժերից, մեր ընտրողներն էլ են երկու մակարդակի՝ սուբյեկտ եւ ոչսուբյեկտ: Ոչսուբյեկտ քաղաքական ուժերը ֆինանսավորվում են օտարների կողմից եւ լեգիտիմացվում ոչսուբյեկտ ընտրողների ընտրությամբ՝ ոչ մի կոպեկ չստանալով օտար ֆինանսավորումից, բացի մի օրվա ընտրակաշառքից: Հարց. եթե գումարենք ոչսուբյեկտ ուժերի ձայների տոկոսներն եւ գումարենք սուբյեկտ ուժերի ձայների տոկոսները, ո՞վ կհաղթի: Արքաներն իրար ճանաչում էին որպես սուբյեկտ, մեր քաղաքական սուբյեկտներն իրար ճանաչո՞ւմ են, համարո՞ւմ են իրար սուբյեկտ: Ինչքան ուժեղ են սուբյեկտ ուժերը՝ ինչքան միասնական տոկոս ձայն ունեն, այնքան քիչ կլինեն օտարածին պարազիտ ոչսուբյեկտ ուժերի ձայների տոկոսը: Ռազմավարության մեջ լինում են կամ ռազմավարական դաշնակից կամ ռազմավարական թշնամի եւ այս երկու ուժերի միջեւ անընդհատ գնում է գոյաբանական համագործակցություն կամ գոյաբանական պատերազմ, ռազմավարական խաղաղությունը հիմարություն է ոչսուբյեկտ ընտրողներին մանիպուլացնելու համար : Սուբյեկտ հայեր, ՄԻԱՑՈ՛ՒՄ:

  6. Հայ մարդ says:

    Այն, որ նիկոլից պետք է ազատվել, դա միանշանակ է, որովհետև նա զբաղեցնելով մեր երկրի թիվ 1 պաշտոնը և ունենալով իշխանական լծակներ, փաստացի սպասարկում է մեր թշնամիների շահերը։ Նա անլուրջ մարդ է և անընդհատ զբաղվում է դեմագոգիայով – իրականացնում է միահեծան բռնատիրություն և դա անվանում է ժողովրդի իշխանություն, ժողովրդավարություն։ Իր շարասյունը հղի կնոջը վրաերթի է ենթարկում, ասում է դա վարչապետի շարասյունն է և ինքն այնտեղ ընդամենը ուղևոր է։ ալիևի բոլոր պահանջները հերթով կատարում է, թուլացնելով մեր երկրի պաշտպանունակությու ը, անվտանգությունը և սուբյեկտայնությունը, դա անվանելով խաղաղության ծրագիր։
    Մի խոսքով, եթե հեղինակը վերնագրում է “Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը”, դրանով ամեն ինչ ասված է։

  7. «Այսպես, այսպես, ասաց կարիքավորը…» ռուսական ասվածք: Այսքանը Ռուսաստանից:
    նիկոլը խուճապի մեջ է` մեկ օրում երեք կողմից հնչեցին 2026-ին վերարտադրելը ապահովելու խոստումներ:
    * ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հաստատեց, որ մինչև տարվա վերջ TRIPP-ը կունենա նիստ;
    * Կայա Կալ(լ)ասը հաստատեց, որ ՀՀ դիմել է 2026-ի ընտրություններում օգնվելու համար;
    * էրդողանը խոստացավ, որ 2026-ի սկզբին «Հայաստանն ու Թուրքիան 2026-ի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկեն»:

    Բացե ի բաց, ոչ միայն Արևմուտքը, այլ նաև Թուրքիան հայտնում են, որ հիբրիդային հարձակման միլիտանտներ իրենք են տրամադրելու:

    Այս պայմաններում
    ա) նիկոլի ամեն պարտություն` ՀԱԵ-ու դեմ արշավանքում, օրինակ, պետք է լավ գիտակցվի որպես ան-նիկոլ, նիկոլless ապագայի խոստում: Անհրաժեշտ է տարածել լավ լուրերը` նիկոլը ամեն ինչ անելու է, որ իր այս պարտությունը անցնի աննշան:
    բ) Խրախուսել ամեն ֆորմատով կլոր սեղանի շուրջ նստելը (գոնե) բոլոր ու յուրաքանչյուրի այդ վերոնշված 6 ուժերի առաջնորդների: Սովորեն խոսել իրար հետ, նայել իրար երեսին հանրության (!!!) առջև: Միասնականությունը հակադրեն նիկոլի անջատողականությանը:

    Իհարկե ափսոս, որ ՀԱԵ-ու դեմ ելնելն էր, որ հստակեցրեց նիկոլի փչացած ուղն ու ծուծը, սակայն յուրաքանչյուրը դեպի լույս տանող իր ուղին ունի…
    Ես, օրինակ, զզվում եմ նիկոլի (ու առաջին տյոտյայի) հայոց լեզվի օգտագորման նմուշներից, Մեսրոպ Մաշտոցի արժանիքները ‘նսեմացնելու’ փորձերից… Այս էակները փոքրուց տենդ են ունեցել, ընտրել են նսեացնելը, որ իրենց ոչնչություն լինելը աչք չծակի: Ես սա հասկացել եմ 2018-ի մայիսին, ու, ցավոք, միայն հաստատվել եմ այդ կարծիքում:
    Ողջունում եմ նույնիկ Ռոբերտ Քոչարյանին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031